Ընդլայնվում է Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի համագործակցութունը
Հոկտեմբերի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին և նույն կառույցի Հայաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են դեռ փետրվարի 26-ին Հայաստանի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կնքված աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին համաձայնագրի հիման վրա Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման հնարավորությունները: ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը աղետների ժամանակ հումանիտար օգնության պլանների մշակման և հումանիտար աջակցության կիազմակերպման հարցերում:
Կողմերը կարևորել են համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում՝ ընդգծելով, որ հարևան երկրների միջև սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանն ու աղետներին ընդհանուր դիմակայունության բարձրացմանը. որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ նշվեց սույն թվականի օգոստոսին հայ հրշեջ-փրկարարների ներգրավվածությունը Վրաստանում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:
Համագործակցության խորացման համատեքստում քննարկվել են նաև ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել