HY RU EN

Արաքս Մամուլյան

Փողերի լվացման գործով ամբաստանյալները դատարանում լռեցին. հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում փողերի լվացման հոդվածով անցնող ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ:

Հիշեցնենք՝ փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրված 5 անձի՝ Ժորա Զաքարյանին, եղբայրներ Անդրանիկ և Կարեն Քոչարյաններին, Դավիթ Հարությունյանին և Սամվել Բաբայանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրված նաև «իգլայի» ձեռքբերման հոդվածով, և դատավոր Արշակ Վարդանյանը նպատակահարմար գտավ Բաբայանին հարցաքննել մյուս դատական նիստին՝ միանգամից երկու հոդվածներով իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ:

Ըստ փողերի լվացման գործի նյութերի՝ 2016 թվականի հուլիս ամսին Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող իր մտերիմ Sիգրան Հարությունյանի՝ գործով դեռևս չպարզված ծանոթներն ունեն հափշտակված, ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար: Այդ նպատակով, ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը դիմել է Երևանի բնակիչ, գործով ամբաստանյալ Կարեն Քոչարյանին, որը համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում:

Սամվել Բաբայանն, ըստ մեղադրանքի, Տիգրան Հարությունյանի ծանոթներից փորձնական ձեռք է բերել քիչ քանակությամբ մի քանի թղթադրամ, որոնք փոխանցել է Կարեն Քոչարյանին, վերջինս էլ իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Ժոռա Զաքարյանն իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին: Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ՝ Սամվել Բաբայանը ձեռնամուխ է եղել թղթադրամի առաջին մեծ խմբաքանակը` 2 մլն 648 հզ 180 ՀՀ դրամին համարժեք 5000 Եվրոյի Հայաստան բերելու գործին:

Ըստ մեղադրանքի` Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ, իր ծանոթ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին, այն բանից հետո, երբ թղթադրամը փոխանցվել է Դավիթ Հարությունյանին, վերջինս ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է, իսկ թղթադրամն՝ առգրավվել: 

Այսօր դատարանը բավարարեց մեղադրող դատախազ Արամ Արամյանի միջնորդությունն ու հրապարակեց դատարանում փողերի լվացման գործով անցնող ամբասատյալների՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ նրանք դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալ: 

Ամբաստանյալ Ժորա Զաքարյանը քիմիկոս է: Վերջինս նախաքննության ընթացքում դատարանին հայտնել է, որ գործով ամբատասնյալ Անդրանիկ Քոչարյանն իրեն մեկ անգամ 20 եվրո է տվել, որի վրա կարմիր ներկանյութի հետքեր են եղել: Քոչարյանը հարցրել է՝ արդյոք հնարավո՞ր է այդ հետքերը մաքրել, ինքը նախ դրանք փորձել է եղունգների մաքրման հեղուկով մաքրել, ինչը չի ստացվել, ապա ասել է, թե գումարը քիմիական մաքրման ենթարկելու համար ինչ նյութեր են պետք: 

Զաքարյանը ցուցմունք էր տվել նաև այն մասին, որ նյութերի ամբողջական ցանկն ու մաքրման մեխանիզմն ամբողջությամբ չի ասել Քոչարյանին, քանի որ նրանից իմացել է, որ ներկոտված եվրոյի ավելի մեծ խմբաքանակ է լինելու, ուստի ինքն ակնկալել է, որ դրանց մաքրելու դեպքում, ինքը գումար կաշխատի:

Ըստ Զաքարյանի ցուցմունքների՝ Անդրանիկ Քոչարյանն օրեր անց 2 հատ 20 և մեկ հատ 50 եվրո ևս տվել է Զաքարյանին՝ քիմիական մաքրման ենթարկելու համար:

Զաքարյանը նշել է, որ տեղյակ չի եղել՝ ով և ինչ նպատակով է բերելու գումարը, ասել է, որ ինքն իրեն փողերի լվացման գործում մեղավոր չի ճանաչում, և հայտնել, որ ինքը միայն Անդրանիկ Քոչարյանին է ճանաչել: Ամբաստանյալը հայտնել է նաև, որ ինքը հասկացել է, որ «գումարը հանցավոր բնույթ ունի», բայց կոնկրետ ոչինչ չի իմացել, իրեն հայտնի չի եղել, թե գումարն ում է պատկանում, Սամվել Բաբայանի կամ մեկ այլ անձի անուն այս գործում առհասարակ չի հնչել:

Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը եղբոր՝ դարձյալ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Կարեն Քոչարյանի վերաբերյալ ցուցմունքներ է տվել:

Վերջինս նախաքննություն իրականացնող մարմնին հայտնել է, որ իրեն մեկ հատ 20, ապա երկու հատ 20 և մեկ հատ 50 եվրոները տվել է եղբայրը` Կարեն Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը նախաքննության ընթացքում խոսել է նաև եվրոյի՝ սպասվելիք ավելի մեծ խմբաքանակի մասին, հայտնել, որ այդ մասին իրեն եղբայրն է հայտնել: Անդրանիկ Քոչարյանը նախաքննական իր ցուցմունքներում գումարի մասին խոսելիս դրանք անվանել է «կեղծ փողեր»: Փաստաբան Ավետիս Քալաշյանն, ով իրականացնում է Քոչարյան եղբայրների և Սամվել Բաբայանի պաշտպանությունը, Անդրանիկ Քոչարյանին հարցրեց` ինչո՞ւ է վերջինս օգտագործել «կեղծ փողեր» տերմինը, և Քոչարյանը պատասխանեց, թե քննիչն այդպես է հարցը տվել, ինքն էլ այդպես է պատասխանել:

«Ասա՝ քննիչն ասել ա, ես էլ գրել եմ, էլի»,- արձագանքեց Սամվել Բաբայանը:

Անդրանիկ Քոչարյանը դատարանին հայտնեց, որ ինքը միայն նախաքննության ընթացքում է իմացել, որ այն փողերը, որոնց վերաբերում է գործն, ըստ նախաքննություն իրականացնող մարմնի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր են:

Այս ամբաստանյալը պատասխանեց միայն իր պաշտպանի  հնչեցրած հարցին և հայտարարեց, որ մյուսների` այդ թվում` դատավոր Արշակ Վարդանյանի հարցերին չի պատասխանելու:

«Վարվում է ինչպես Հրաչիկ Մայիլյանը»,- իր պաշտպանյալի արարքն այսպես բնութագրեց Ավետիս Քալաշյանը` ըստ էության ակնարկելով, որ իգլայի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանն էլ դատարանում ցուցմունք տալիս միայն դատախազի հարցերին է պատասխանել` չնայած հանգամանքին, որ ամբաստանյալների պաշտպանները նրան բազմաթիվ հարցեր ունեին, որոնց պատասխանները էական նշանակություն կարող էին ունենալ իրենց պաշտպանյալների համար:

Դատարանում հարցաքննված մյուս վկայի` Կարեն Քոչարյանի ցուցմունքում առաջին անգամ երևում է Սամվել Բաբայանի անունը` որպես ենթադրյալ կեղծ գումարի հետ առնչություն ունեցող անձի:

Մասնավորապես՝ Կարեն Քոչարյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքերից մեկում գրել է, որ այն գումարները, որոնք ինքը եղբոր միջոցով փոխանցել է Ժորա Զաքարյանին, իրեն տվել է Սամվել Բաբայանը:

Ըստ Քոչարյանի ցուցմունքի` առաջին 20 եվրոն տալիս Սամվել Բաբայանն իրեն խնդրել է ճշտել` այն կեղծ է, թե ոչ:

Ըստ Կարեն Քոչարյանի` ինքը եվրոն տարել է Կասյան փողոցում գտնվող դրամի փոխանակման կետերից մեկը, որի աշխատակիցն ասել է, որ թեև գումարը կեղծ չէ, բայց այն ինքը չի կարող փոխանակել, քանի որ ներկոտված է և հնամաշ:

Քոչարյանն, ըստ իր ցուցմունքի, այդ մասին տեղյալ է պահել Սամվել Բաբայանին, և վերջինս խնդրել է հետաքրքրվել, թե ինչպե՞ս կարելի է լուծել հարցն ու այդ հնամաշ գումարն իր անվանական արժեքից ցածր արժեքով փոխանակել:

«Ես եղբորս միջոցով թղթադրամը փոխանցեցի Ժորային, որն էլ մի քանի օրից ինձ այն վերադարձրեց, և տվեցի Սամվել Բաբայանին: Մի քանի օրից ինձ զանգահարեց Սամվել Բաբայանն ու ասաց, որ Մոսկվայում իրեն 5 հազար եվրո են պարտք, անհրաժեշտ է այն հասցնել Երևան»,- գրել է Կարեն Քոչարյանը և հայտնել, որ ինքը գումարը Երևան հասցնելու հարցով դիմել է գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին, ով, նշենք, Քոչարյանի հարևանն է:

Դավիթ Հարությունյանը Մոսկվա -Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում իր ծանոթի միջոցով պայմանավորվել է գումարը հասցնել Երևան:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Կարեն Քոչարյանը հայտնել է նաև, որ ինքը տեղյակ է եղել, որ թղթադրամները ներկոտված են և հնամաշ, և այդ մասին ասել է նաև Դավիթին՝ վստահեցնելով, որ դրանք կեղծ թղթադրամներ չեն:

Ամբասատանյալ Դավիթ Հարությունյանը ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից ձերբակալվել է Մոսկվայից Երևան ուղարկված թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո: Վերջինս գումարը վերցնելու գնացած է եղել տղայի հետ: Գումարը վերցնելուց հետո ցանկացել է զանգահարել Կարեն Քոչարյանին ու հայտնել այդ մասին, բայց չի հասցրել:

Դավիթ Հարությունյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ Կարեն Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել: Հայտնել է նաև, որ չի իմացել՝ ինչ գումարներ են տեղափոխվում Հայաստան, միայն Կարենն իրեն ասել է, որ դա կեղտոտ գումար է, և ինքը կարծել է՝ ինչ-որ գողացված գումարի մասին է խոսքը:

Կարենն, ըստ Դավիթ Հարությունյանի ցուցմունքի, իրեն ասել է նաև, որ գումարը ներկոտված է, որ պետք է այն մաքրեն և դառնա սովորական գումար: Թե ինչ նպատակով պիտի օգտագործվեր գումարը, Հարությունյանը չգիտի. նախաքննության ընթացքում կարծիք է հայտնել, որ, հավանաբար, Կարենն այն իր կարիքների համար էր օգտագործելու: Դավիթ Հարությունյանը դատարանին հայտնել է նաև, որ չի իմացել՝ ինչ ներկանյութ է եղել գումարի վրա և ինչի հետևանքով է այն առաջացել:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց. հաջորդ նիստին կհարցաքննվեն Սամվել Բաբայանն ու իգլայի ձեռքբերման գործով անցնող ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: