
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետն ու օպերատիվ բաժնի պետը
Դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
Նշված դեպքերի կապակցությամբ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գլխավոր դատախազությունն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:
Քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը:
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել