Բնապահպանական շարժումը և քաղաքական ստեղծագործականության պահը
Բնապահպանության առնչությամբ ներկայիս հասարակագիտությունը ունի մի շարք մոտեցումներ կախված տվյալ իմացաբանական դպրոցի առանձնահատկություններից: Վերջիններիս իրենց հերթին պայմանավորված են այն ավելի լայն գաղափարախոսական դպրոցի սկզբունքներից, որին պատկանում է տվյալ իմացաբանական դպրոցը:
Այստեղ մենք ելնում ենք այն սկզբունքներից, որ հասարակության սոցիալ-տնտեսական բազիսն է ձևավորում հասարակության բնապահպանական պատվերը, այլ խոսքով բնապահպանական համակարգը սպասարկում է գործող սոցիալ-քաղաքական խմբերին` բավարարելով նրանց նյութական և մտա-հոգևոր պահանջմունքները: Եվ չնայած այդ բնապահպանական համակարգը օժտված է սոցիալ-տնտեսական բազիսից հարաբերական ինքնուրույնությամբ, այնուամենայնիվ, ինքնաբավ երևույթ չի և իրեն առնչվող որոշումները, այսինքն համաշխարհային և ազգային պետական բնապահպանական քաղաքականության վեկտորների հետագիծը կախված է հասարակության մեջ առկա սոցիալ-քաղաքական խմբային շահերի դինամիկայից:
Այս խորապատկերի վրա է, որ հնարավոր են դառնում տարբեր նպատակներ հետապնդող տարբեր բնապահպանական քաղաքականություններ, որոնց ընտրությունը կախված է տվյալ երկրի սոցիալ-քաղաքական առաջնահերթություններից: Այսինքն հասարակության զարգացման եւ սոցիալական համակարգերի մասին տվյալ երկրում գերիշխող պատկերացումները որոշում են այդ երկրի բնապահպանական քաղաքականության առանձնահատկությունները:
Համաշխարհային համատեքստը
Համաշխարհային սոցիալ-քաղաքական դինամիկայի ներկայիս խորապատկերը և արդիականության քաղաքակրթական իրավիճակը բնութագրվում է ճգնաժամային որակավորումներով, որոնց ամբողջությունը նկարագրելու համար հաճախ օգտագործում են «տեկտոնական» կամ «կլիմայական» փոփոխությունների եզրերը թե ուղիղ թե փոխաբերական իմաստներով…
Վերը նշված ճգնաժամային երևույթները հնարավոր դարձան XX դարի երկրորդ կեսի մի շարք քաղաքական, սոցիալ-տնտեսական, և տեխնոլոգիական զարգացումների արդյունքում, այդ թվում այստեղ հատկապես կուզեինք ընդգծել երկու կարևորագույն զարգացումներ, այն է «սառը պատերազմի» ավարտի հետևանքով մարդկության մեծ մասի շուկայական տնտեսության անցումը և տեխնոլորտի`կենսոլորտի հաշվին կատարվող արագացող բուռն աճը:
Ըստ Բնության պաշտպանության համաշխարհային հիմնադրամի փորձագետների տեխնոլորտը վերջին հարյուրամյակի ընթացքում 1200-1400% հզորացել է, այն դեպքում երբ երկրային կենսոլորտը նվազել է 15%-ով, մյուս կողմից վերջին շուրջ 40 տարիների ընթացքում մարդիկ ծախսել են Երկիր մոլորակի առկա ռեսուրսների մեկ երրորդը:
Մարդկությունը սկսել է գերազանցել կենսոլորտի խանգարման թույլատրելի շեմը, որից հետո շրջակա միջավայրի համակարգի խախտված հավասարակշռությունը կարող է այլևս վերականգնելի չլինել : Վերջինիս վկայությունն են շրջակա միջավայրի (օդային, ջրային, հողի, կլիմայի) գլոբալ փոփոխությունների փունջը:
Մարդկությունը սկսել է գերազանցել նաև հանրային ոլորտի խանգարման թույլատրելի շեմը, աննախադեպ չափերի հասցնելով սոցիալական բեևացումը թե զարգացող և զարգացած երկրների միջև, և թե երկրների ներսում:
Բնապահպանական ճգնաժամի վրա վերադրվում է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, որը առնվազն նկարագրվում է որպես կառուցվածքային ճգնաժամ, երբ տնտեսական համակարգի խախտված հավասարակշռությունը դեռ վերականգնելի է: Սակայն առկա են նաև գնահատականներ, որոնք տնտեսական ճգնաժամը բնութագրում են որպես համակարգային, երբ որ խախտված հավասարակշռությունը համակարգի մեջ այլևս վերականգնելի չէ և երբ գլոբալ կապիտալիզմի համակարգային փոփոխության անհրաժեշտություն է առաջանում: Բոլոր դեպքերում ակնկալվում է երկարատև, տարիներ տևող սոցիալ-տնտեսական անկայունության վիճակ և այլևս ակնհայտ են սոցիալ-քաղաքական փոփոխությունների ծայրահեղ հակադիր և հակասական զարգացման հնարավորությունները:
Իզուր չէ, որ «ճգնաԺամ» բառի հիերոգլիֆը չինարենում ունի երկու իմաստ` բուն «ճգնաժամ» իմաստը և որքան էլ տարօրինակ հնչի «հնարավորություն» իմաստը…
Իրավիճակը Հայաստանում
Բնապահպանությունը ինքնաբավ երևույթ չի և միշտ կապված է տվյալ հանրության նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման հետ, ուստի անհեռանկար է որևէ երկրի բնապահպանական համակարգի կամ քաղաքականության մեխանիկական պատճենումը: Բնապահպանական գործընթացները այդ դեպքում կտրվում, օտարվում են իրականությունից` այսինքն տվյալ հասարակության, որպես ամբողջի, իրական պահանջմունքները բավարարելու կարողությունից և դառնում ինքնանպատակ կամ լավագույն դեպում ծառայում այս կամ այն խմբի կամ օտար հասարակության շահերին:
Կա արդյոք Հայաստանում ձևավորված բնապահպանական պատվեր: Ով է այն արտահայտում և ինչպես է այն արտահայտվում:
Հայաստանի պարագայում, սոցիալ-քաղաքական խմբային շահերի դինամիկան բնութագրվում է այսպես կոչվող անցումային տնտեսության եզրով, որը ենթադրում է «ռեֆորմների միջոցով անցում շուկայի և ժողովրդավարության»…
Անցումային «ռեֆորմների» և զանգվածային, հատկապես կրթված միջին դասակարգի արտագաղթի քսան տարիների արդյունքում հասարակության ներկայիս սոցիալական կառուցվածքը բնութագրվում է ծայրահեղ բեևռացմամբ և պարզունակությամբ:
Մի կողմից միաչափ նյութապաշտ ընչաքաղցությամբ, հոգե-մտավոր, հատկապես քաղաքական պատկերացումների պրիմիտիվիզմով բնութագրվող և իրենց հայացքները և ճաշակը հասարակության լայն շերտերին պարտադրող «նոր օլիխարխիկ հայերի» սոցիալ-տնտեսական մի քանի խմբեր, մյուս կողմից «սեփականաշնորհման շոկից» ուշքի չեկած, չքավորության ճիրաններում հայտված և արտագաղթի պարտադրվող հասարակական լայն շերտեր:
Այստեղ պետք է նկատել, որ կիրթ միջին դասակարգի մի մասը բարեբախտանբար դեռ չի կորցրել իր կապը հայրենիքի հետ, իր արժանապատվությունը և ինքնության զգացումը, ուստի և շարունակում է ուրույն բնապահպանական պահանջների կրող հանդիսանալ և բնապահպանական հասարակական պատվեր ձևավորել: Վերջին տարիներին նկատվող բնապահպանական զարթոնքը կապված է հենց այս խավի հետ…
Նկատենք նաև, որ արտագաղթված կիրթ միջին դասակարգի զգալի մասը, ինչպես նաև հին Սփյուռքի որոշ մասը, նույնպես դեռ չեն կորցրել իրենց կապը հայրենիքի հետ, ուստի նույնպես շարունակում են յուրահատուկ պահանջատեր լինել և ուրույն կերպով նկատելի մասնակցություն ունենալ հայրենիքի բնապահպանական այս զարթոնքին…
Առայժմ բնապահպանական շարժումը Հայաստանում նման է առանձին պարտիզանական ջոկատների կողմից հատուկենտ հաջողություններ արձանագրած և հատուկ օպերացիաների մարտավարություն որդեգրած ցանցային մարմնի: Սակայն մոլորակային բնապահպանական հիվանդությունները Հայստանի պայմաններում հղի են վերաճելու բնության և հասարակության անապատեցման աղետների, որը ստիպում է վերանայել վերոնշյալ զարթոնքի մարտավարությունը… Ոչ միայն գերազանցվում է կենսոլորտի խանգարման թույլատրելի շեմը, այլև սկսվել է անդառնալի անապատացման ընթացք, որը սպառնում է Հայաստանի շրջակա միջավայրի համակարգի խախտված հավասարակշռությունը այլևս անվերականգնելի դարձնելու: Հանրային ոլորտի խանգարման թույլատրելի շեմի գերացանցման ցուցանիշով, այն է սոցիալական բեևեռացման Ջինիի ցուցանիշով Հայաստանը աշխարհում վստահորեն առաջին դիրքերում է` աննախադեպ չափերի հասցնելով մարդկային անապատեցում-արտագաղթը:
Բնապահպանական և ժողովրդագրական համակարգերի Ճգնաժամի պայմաններում գործող վարչակազմը, ոչ միայն համակարգային ջանքեր չի գործադրում Ճգնաժամից ելքեր որոնելու համար, այլ հավատարիմ իր միաչափ ընչաքաղծ բնույթին, իմիտացիոն գործունեության քողի տակ, զբաղված է քայքայվող համակարգը իր սոցիալ-տնտեսական շահերին ծառայեցնելով, լինի դա թե հանքարդյունաբերական թալանը, թե հեկերի կառուցումը, և թե բնապահպանական համակարգի հետ առընչվող կոռուպցիոն մեխանիզմների շահագործումը:
Բնապահպանության պետական համակարգում, հազվագյուտ բացառությունները չհաշված, սա հիմնականում արտահայտվում է արդիականացման անվան տակ օտար փորձի «copy-paste» պատճենավորումով, որը սակայն չի կարող հանգեցրել հասարակության, որպես ամբողջի, իրական բնապահպանական պահանջմունքները բավարարելու կարողության ձևավորմանը, և ինչպես և մնացած գրեթե ողջ պետական համակարգը, դարձել է ինքնանպատակ, չբերելով բնապահպանական որակի էական բարելավման:
Այսպիսով, պետական համակարգում ծավալված բնապահպանական գործընթացները օտարված են հայ իրականությունից, դառնալով ինքնանպատակ: Նրանց կարելի է նմանեցնել իր նավահանգստի տեղը չիմացող նավի անիմաստ դեգերումներին, որի համար ոչ մի քամի համընթաց չէ:
Հին ու նոր խնդիրների, ներքին և արտաքին մարտահրավերների վերադրման արդյունքում առաջանում է պետության համընդհանուր հաստատութենական կամ ինստիտուցիոնալ ճգնաժամ, երբ պետության ինստիտուտը կա միայն կառուցվածքային իմաստով բայց ֆունկցիոնալ իմաստով բացակա է:
Մի շարք բացասական միտումների տևական և փնջային առկայությունը թույլ է տալիս խոսելու Հայաստան պետության գոյութենական ճգնաժամի մասին , որի կանխանշանները առկա են...
Բնապահպանական զարթոնքի մարտավարությունը
Հայաստանում առկա քաղաքացիական նախաձեռնությունների անցած երկու տարիների փորձը ստիպում է անցնել նոր մարտավարության: Բոլոր ոչ ֆորմալ խմբերը, որոնք ձևավորվել են հասարակության մեջ, կարիք ունեն փոխադարձ շփման, նաև` փոխհարստացման և ուժեղացման:
Այդ շփման հարթակ կարող է ծառայել դիմադրական շարժման համակարգող կլոր սեղանը կամ Այլընտրանքային կոնգրես-խորհրդարանը, որը մի կողմից կհամակարգի համատեղ ակցիաները, իսկ մյուս կողմից, նրան կից կգործեն համապատասխան հանձնաժողովները , որոնք կձևակերպեն հանրության ինչպես բնապահպանական, այնպես և սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ պատվեր- քաղաքականությունները`համապատասխան հայեցակարգերի տեսքով:
Վերջիններս համացանցի միջոցով կդրվեն հասարակական լայն քննարկման: Այս մարմնում ներկայացված կարող են լինել թե քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, և թե հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ. Միայն այդ դեպքում կծնվի այն կրիտիկական մերիտոկրատական որակը, որը կարող է այլընտրանքային հիմք հանդիսանալ ներկայիս «ընտրանուն» և շղթայական ռեակցիա առաջացնել հասարակության մեջ:
Եկել է քաղաքական ստեղծագործականության պահը, որը պետք է կառուցել մասնակցային ժողովրդավարության սկզբունքների հիման վրա:
Գարեգին Չուգասզյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել