HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինը պնդում է, որ ամուսնու մահը հնարավոր էր կանխել, եթե բժիշկները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին

Սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում Շտապ օգնության մեքենայով «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի հիվանդանոց է տեղափոխվել Հաղպատ գյուղի 55-ամյա բնակիչ Մուշեղ Մաթոսյանը:

Մուշեղը սեպտեմբերի 19-ի կեսգիշերին` ժամը 1:15-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սրտի ստորին պատի կրկնակի ինֆարկտից մահացել է: Հանգուցյալի կինը՝ Կարինե Մեջլումյանը ասում է, որ ամուսնուն հիվանդանոց տեղափոխվելու հենց առաջին րոպեներին հերթապահ բժիշկ Կարեն Ազարյանին, ապա  ինֆեկցիոնիստ Կարինե Հարությունյանին տեղյակ է պահել, որ ամուսինը 2 տարի առաջ ինֆարկտ է տարել։ Կարինեն ասում է` եթե հիվանդանոցում բժիշկների կողմից էլեկտրասրտագրություն և կանխարգելող բուժումներ կատարվեին, ամուսինը 2-րդ ինֆարկտը չէր ստանա և չէր մահանա:

Մուշեղ Մաթոսյանը

«Ամուսինս լուծ ուներ, երկրորդ օրը լուծի համար մի հատ լևոմիցիտին և տետրացիկլին տվեցի: Դեղերից հետո ոչինչ, ինքը իրեն լավ էր զգում: Այդ օրը իմ հորանց դռանը կոտորած փայտ էր հավաքում, որից հետո գնաց տուն: Ես Հաղպատի վանքի դռանը առևտուր էի անում, երկու ժամ հետո զանգեց, կանչեց տուն: Ասաց շատ վատ է, ալերգիա  է տվել: Դա երեկոյան ժամը 6-ն էր»,- պատմեց  Կարինեն:

Մուշեղի համար Շտապ օգնություն են  կանչում: Մինչ  Շտապ օգնության գալը, նրա մոտ նաև փսխումներ են սկսվում: Կարինեի խոսքով` 25-30  րոպե հետո Ալավերդու բժշկական կենտրոնի Շտապ օգնությունը գալիս է առանց բժշկի, միայն բուժքրոջ հետ:

Վերջինս, Կարինեի ասելով, չի կարողացել հիվանդին ներերակային սրսկում անել: Ներերակային սրսկում արել է Կարինեի հարսը, ով սրսկելիս նկատել է, որ սկեսրայրի արյունը շատ խիտ է: Շտապ օգնության մեքենայով հիվանդին տեղափոխել են հիվանդանոց: Մուշեղը հիվանդանոցում նույնպես  փսխումներ է ունեցել:

«Այդ ժամանակ ընդունարանում երկու քույր էին, մեկ էլ հերթապահ բժիշկ Կարեն Ազարյանը»,- հիշեց Կարինեն: Նա հերթապահ բժիշկին պատմել է նախորդ երեք օրերի ամուսնու վիճակի մասին: Հայտնել է նաև, որ  Մուշեղը երկու տարի առաջ ինֆարկտ է տարել:  

«Հերթապահ բժշկին իմ ամուսնու ինֆարկտը չհետաքրքրեց: Նա միայն հանձնարարեց կաթիլային միացնել», - պատմեց Կարինեն:

Կ.Ազարյանը  զննությունից հետո հարազատներին բացատրել է, որ հիվանդի մոտ  լուծ է ընթանում՝ 38,8 աստիճան ջերմությամբ: Հերթապահ բժիշկը ընդունարանի բուժքույրերին հաձնարարել  է կանչել ԲՀԿ-ի ինֆեկցիոնիստ Կարինե Հարությունյանին:

«Մինչ ամուսինս կաթիլային էր ընդունում, բժիշկը ընդունարանից դուրս եկավ: Մենք երկու ժամ համարյա ընդունարանում մնացինք, հերթապահ բժիշկը գոնե մի անգամ չմտավ՝ տեսնի ամուսնուս վիճակը ինչպես է: Նույնիսկ սիրտը չնկարեց», - հայտնեց Կարինեն:

Վերջինիս խոսքով` ինֆեկցիոն բժշկուհու գալը տևել է մոտ երկու ժամ: Ընդունարանի բուժքույրը 1,5 ժամ հետո հիվանդի տերերին ասել է` ավտոմեքենա ուղարկեն բժշկուհու հետևից:

Կարինե Հարությունյանի գալուց հետո  հիվանդին տեղափոխել են ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ էլ կաթիլային ստանալուց հետո, կեսգիշերին՝ ժամը 01:15 –ի սահմաններում Մուշեղ Մաթոսյանը ինֆարկտից մահացել է: «Ասացի բժիշկ, ինչու մի հատ սիրտը  չնկարեցիք, ես Ձեզ տեղյակ պահեցի չէ, որ ինֆարկտ տարած մարդ է ամուսինս: Բժիշկը թողեց ու գնաց»,-պատմեց Կարինեն: Մուշեղ Մաթոսյանը 1-ին ինֆարկտը տարել է 2015թ.-ի օգոստոսի 26-ին:

«Ես այդ հիվանդին ընդունել եմ սեպտեմբերի 18-ին, երեկոյան մոտավորապես 19:30-ի սահմաններում: Հիվանդը բավարար վիճակում էր, գանգատվեց, որ երեք օր միայն լուծ և փսխում է ունեցել: Ուրիշ որևէ գանգատ  չներկայացրեց: Մենք հրավիրել ենք ինֆեկցիոնիստի: Նա էլ  հիվանդի մոտ ախտորոշեց սուր աղիքային ինֆեկցիա և հոսպիտալացրեց ինֆեկցիոն բաժանմունքում»,- պատմեց  Կ.Ազարյանը: 

Պատասխանելով իմ հարցին` բժիշկ Կ. Ազարյանը հնարավոր համարեց լուծի և ալերգիայի ազդեցությամբ հիվանդի մոտ կրկնակի ինֆարկտի առաջանալը, սակայն նշեց, որ ըստ հիվանդի տեսքի և հեմոդինամիկայի տվյալների` նրա մոտ արտահայտված ջրազրկում չի եղել: Հիվանդին ընդունարանում միացրել են հեղուկ մինչև մասնագետ բժշկի ժամանելը: «Հոսպիտալացնելուց հետո հիվանդը մասնագետ բժշկի հսկողության տակ է անցել: Նա  նորմալ վիճակում էր», - ասաց հերթապահ բժիշկը:

«Ինֆարկտ տարած հիվանդի համար հնարավոր չէ՞ր հրավիրել սրտաբանի» հարցին, Կարեն Ազարյանը պատասխանեց: «Բազմաթիվ  ինֆարկտ տարած մարդիկ բժշկին դիմում են այլ բողոքներով և նորմալ է լինում: Մենք հարցրել ենք կրծքի ցավ կա՞, շնչահեղձ լինու՞մ ես:  Հիվանդի մոտ ոչ մի ախտանիշ չի եղել, բացի լուծը և փսխումը», - բացատրեց Կ.Ազարյանը: Վերջինս պնդում էր, որ հիվանդն այդ պահին հապճեպ էլեկտրասրտագրում անելու կարիք չուներ:  «Նրա պլանային հետազոտությունը, այդ թվում նաև  սրտագրությունը պետք է կատարվեր ինֆեկցիոնիստի ցուցումով՝ առավոտյան», - ասաց Կ. Ազարյանը:

Բժշկական կենտրոնի ինֆեկցիոնիստ Կարինե Հարությունյանը պատմեց, որ սեպտեմբերի 18-ի երեկոյան հիվանդանոցից իրեն զանգել և հայտնել են, որ լուծով հիվանդ կա:

«Ես եկա: Հիվանդը գանգատվում էր, որ 3 օր  փորլուծություն, սրտխառնոց և փսխում է ունեցել: Տանը լուծի դեմ ինչ-որ դեղորայք է օգտագործել, մի քիչ լավացել է և էլի է լուծ սկսվել: Հետո լևոմիցիտին է խմել, որն էլ ալերգիա է առաջացրել: Թեև հերթապահ բժիշկ Կ. Ազարյանը  հարզատներին հիվանդանոցում հայտնել էր, որ հիվանդը 38, 8 ջերմությամբ աղիքային ինֆեկցիա է տանում, Կ. Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Ջերմությունը նորմալ, ճնշումը նորմալ՝ ես սրտի պահով եմ ասում 120/80, ոչ մի գանգատ էդ տեսակետից չուներ: Ես կարդիոգրամա և նշանակումներ նախատեսել էի առավոտյան, եթե նախապես կարդոգրամիա անեի, մեկ է, կարդիոգրաման ոչինչ չէր ցույց տա»:

Ընտանեկան բժիշկ  Գոհար Աբելյանի խոսքով` Մուշեղ Մաթոսյանը ստաբիլ հիվանդ է եղել:  «Արդեն 2 տարի  է ինֆարկտ է տարել, գոնե մեկ օր որևէ բարդություն չեմ տեսել նրա մոտ:  Անկետայի մեջ մի քանի անգամ  սրտի էխո է արված, էլեկտրասրտագրություն կատարվել է բազմիցս:  Ամեն օր նա դեղ է խմել սրտի համար: Սխալը գնացել է այնտեղից, որ կինը ինքնուրույն լևոմիցիտին է տվել, որը մենք վաղուց լուծի համար չենք տալիս: Լևոմիցիտինը լավ անտիբիոտիկ է, բայց տոքսիկ պրեպարատ է: Երեք օր ամուսնուն տանը հիվանդ պահել է, ամեն հասարակ բանի համար ինձ զանգում էր, հիմա չէր զանգել», - հայտնեց ընտանեկան բժիշկը:

«Դեպքը մեր բժիշկների խորհրդում քննարկել ենք, բժիշկը պատասխանեց, քանի որ հիվանդի ճնշումը նորմայի՝120/80 սահմաններում էր, սրտի ռիթմը նորմալ էր, զարկերակը 84, որը նորմատիների մեջ է, այդ պահին մտքով չի անցել սրտագրություն նշանակել», - բացատրեց «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Պատասխանելով մեր հարցին` Ստեփան Մոսինյանը նաև հպարտորեն հայտնեց, որ Ալավերդու բժշկական կենտրոնն այս պահին ունի սրտանոթային հիվանդությունների ախտորոշման այնպիսի բժշկական սարքավորումներ, որոնք չի ունեցել իր ամբողջ պատմության ընթացքում. «Ամբուլատոր ախտորոշման համար ունենք  բժշկական սարքավորումներ, որոնք  վճարովի են: Ունենք   սրտի աշխատանքը 24 ժամ հսկող ԷԿԳ և  ճնշումը հսկող ժամանակակից սարքեր, կարդիոէխո: Վերջինս ամբուլատոր հիվանդների համար  վճարովի է, ստացիոնար բուժվող հիվանդների համար երբեմն մենք դա իրականացնում ենք անվճար»,-հայտնեց տնօրենը:

Իսկ մինչ այդ Մուշեղ Մաթոսյանի կինը՝ Կարինե Մեջլումյանը պնդում է, որ սեպտեմբերի 19-ի կեսգիշերին Ալավերդու հիվանդանոցում ամուսնու մահը հնարավոր էր կանխել, եթե բժիշկները ինֆարկտի դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter