HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի ազատությունն աշխարհի ամենափակ երկրում

Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրի մահը շատ հարցեր է առաջացել երկրում լրատվամիջոցների և տեղեկատվության ազատության ապագայի վերաբերյալ: Դեկտեմբերի 17-ին մահացած Կիմ Չեն Իրը ընդգրկված էր «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության գիշատիչներ» ցուցակում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Սիրիայի, Սվազիլենդի, Զիմբաբվեի, Բահրեյնի և այլ երկրների նախագահների հետ մեկտեղ:

«Մամուլի ազատության այս գիշատչի մահից հետո մեր ուշադրությունը դառնում է դեպի նրա ժառանգորդ հռչակված 3-րդ որդին՝ Կիմ Չեն Ընը: Շատ բարդ է կանխատեսել, թե հիմնական ազատությանների նկատմամբ ինչ քաղաքականություն նա կվարի: Մենք մտահոգված ենք նրա մասին շրջանառվող զեկույցներից, այդ թվում այն մասին, որ նա շատ խիստ է նրանց նկատմամբ, ովքեր փորձում են Հյուսիսային Կորեա ներմուծել օտարերկրյա էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Կիմ Չեն Ընը չունի իր օգտին համազգային քարոզչության այն առավելությունը, ինչ հայրը, ում նախագահ դառնալու հեռանկարի մասին խոսում էին 1970-ականներից: Մինչև 2009թ. Հյուսիսային Կորեայից արտագաղթած փախստականներն ասում են, որ մինչ իրենց մեկնելը չգիտեին Կիմ Չեն Ընի գոյության մասին:

2008թ. կաթված ստանալուց հետո Կիմ Չեն Իրը կրճատեց իր գործունեությունը և սկսեց ավելի հազվադեպ երևալ հանրության աչքին: 2010թ. սեպտեմբերին Կիմ Չեն Ընի աստիճանը բարձրացրին մինչև բանակի գեներալ և Կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ՝ այդպիսով նրան պատրաստելով իշխանությունը ստանձնելուն:

Հյուսիսային Կորեան, որը ճանաչվել է «Ինտերնետի թշնամի», շարունակում է մնալ աշխարհի ամենափակ երկիրը և վերջին 10 տարում վերջին կամ նախավերջին տեղն է զբաղեցրել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Աշխարհում մամուլի ազատության ցուցակում»: Այս երկրում բոլոր լրատվամիջոցները պետական են և ծառայում են բռնապետական ռեժիմի քարոզչությանը:

Անցյալ հուլիսին «Լրագրողներ առանց սահմաններին» այցելեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ, որպեսզի հետաքննի հարևան Հյուսիսային Կորեայում մամուլի ազատության վիճակը: Կազմակերպությունը պարզեց, որ Հյուսիսային Կորեա մտնող տեղեկատվական հոսքերն ավելացել են՝ շնորհիվ արտասահմանյան ռադիոկայանների և ՀԿ-ների, որոնք մուլտիմեդիա տեղեկություններ են ուղարկում սահմանից այն կողմ:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Սեուլում տեղակայված Free North Korea Radio, Radio Free Chosun և Open Radio for North Korea ռադիոկայանները Հյուսիսային Կորեայի բնակչությանը հասու անկախ տեղեկատվության հիմնական աղբյուրներն են: Սրանք հյուսիսկոերացի փախստականների ղեկավարած առաջին ռադիոկայաններն են, որոնք տեղեկություններ են հեռարձակում հյուսիսում ապրող բնակչության համար:

Փետրվարի 16-ին՝ Կիմ Չեն Իրի վերջին ծննդյան օրը, «Լրագրողներ առանց սահմաններին» և մի քանի անկախ լրատվամիջոց Սեուլում մամուլի ասուլիս տվեցին՝ «Մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում ընդգրկված բռնապետերի դեմ արշավի շրջանակներում: Արշավի նպատակն էր Հարավային Կորեայի իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորել, որ ավելի շատ աջակցեն Հյուսիսային Կորեայից եկած փախստականների ղեկավարած ռադիոկայաններին, որոնք փորձում են կոտրել քարոզչության ու քաղաքական վերահսկողության պատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter