«Հայու գենը», ընտանեկան բռնությունները և հանրային համերաշխությունը
Ստեփան Դանիելյան
Տարբեր առիթներով Հայաստանում ընթացող բանավեճերում դժվար չէ նշմարել, որ քննարկումները տեղի են ունենում տարբեր մշակութային և ինտելեկտուալ տեսակետներ կրողների միջև, որոնք առհասարակ չեն կարող գալ որևէ համաձայնության: «Համաձայնությունը» ցանկացած հասարակության` ազգի, էթնոսի կամ ցեղի կայացման անհրաժեշտ պայմանն է:
Հայաստանում խղճի ազատության, ընտանեկան բռնության, կանանց իրավունքների, սեռական կողմնորոշումների և առհասարակ մարդու իրավունքների ու քաղաքացիական արժեքների մասին ընթացող քննարկումները հանգեցնում են «հայու գենի», ավանդական արժեքների և արևմտյան «քայքայի» արժեքները կրողների հակամարտությանը:
Երբ տեսակետներն արմատական կերպով անհամատեղելի են, դա հանգեցնում է հանրության սոցիալական համերաշխության անհնարինությանը, առանց որի հնարավոր չէ կառուցել հասարակություն և պետություն: Ցանկացած հասարակություն և նրա հիման վրա կառուցված պետություն հիմնվում է փոխզիջումների վրա: Առանց «հանրային պայմանագրի» պետությունը չի կարող կայանալ:
Էմիլ Դյուրկհեյմը և «հայու գենը»
Էմիլ Դյուրկհեյմը Օգյուստ Կոնտի, Կարլ Մարքսի և Մաքս Վեբերի հետ միասին համարվում է Սոցիոլոգիայի` որպես ինքնուրույն գիտության հիմնադիրը:
Դյուրկհեյմը սոցիալական համերաշխության երկու տիպ է տարանջատում` «մեխանիկական համերաշխություն» և «օրգանական համերաշխություն»:
«Մեխանիկական համերաշխության» պայմաններում հասարակության անդամները ինտեգրվում են միատիպ աշխատանքի, կրթության, կրոնի, ապրելակերպի միջոցով: Այսինքն, դրանք միասեռ հասարակություններն են, կամ ավելի պարզ ասած` ավանդական հասարակությունները: Մեզ հարազատ տերմիններով նկարագրելով` նման հասարակությունների միասեռությունը հիմնվում է ադաթների, նամուսի, ավանդույթների, դավանանքի, աշխարհայացքի վրա: Դա կարելի է ցուցադրել «հարազատ» կարգախոսների միջոցով.
- «Ով հայ առաքելական չի, հայ չի»:
- «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ եկեղեցի»:
- «Ով մեզ հետ չի, մեր դեմ է» և այլն:
Հասարակության միասեռության «բարձրագույն» դրսևորումը «հայու գենն» է, որը հանգեցնում է գենետիկական ծագման ֆետիշացմանը` ցեղապաշտությանը:
Ըստ Դյուրկհեյմի` ավանդական արժեքների վրա են կառուցվում ավանդական ու փոքր հանրությունները: Ավանդական կամ ցեղային հանրությունները հիմնված են ազգակցական ցանցային կառույցների վրա, և պատահական չէ, որ «Պետության վախճանը» հոդվածի հեղինակ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակին առաջ քաշեց «հայկական աշխարհի» ցանցային տեսության դրույթը: Այդ ցանցային տեսությունը տրամաբանական կատարելության հասցնելու համար նա ընտրվեց Արարատյան հայրապետական թեմական խորհրդի ատենապետ:
Ցանկացած ցանցային կառույց հիմնված է պետականությանը և օրինականությանը այլընտրանք հանդիսացող զուգահեռ արժեքային համակարգի վրա: Որպես կանոն դա հիմնված է լինում ընտանիքի առաջնության և կրոնական մի որևէ ինստիտուտի վրա:
«Օրգանական համերաշխությունը», ըստ Դյուրկհեյմի, բնորոշ է ժամանակակից (Դյուրկհեյմը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին է գրել իր հիմնական աշխատությունները) ինդուստրիալ հասարակություններին: Դա բնորոշ է բարդ հասարակություններին, որտեղ հասարակության տարբեր խմբերը միմյանց փոխլրացնում են աշխատանքի մասնագիտացվածության շնորհիվ: Այսինքն, դա սոցիալական միասնություն է` հիմնված անհատների վրա: Նման հասարակություններում անհատն ունի անկախության կամ սուվերենության բարձր աստիճան և մասնավոր կյանքի պաշտպանվածության իրավունք: Պետության սուվերենությունն արդեն հիմնվում է ոչ թե ցեղապետի կամ միապետի սուվերենության վրա, այլ` ցանկացած անհատի ինքնավարության:
Այսինքն` անհատն ունի սուվերեն իրավունքներ: Ավանդական հասարակություններում անհատի իրավունքները չափազանց նեղ են: Եթե ավելի ուշադիր լինենք, ապա վերոհիշյալ օրենքներն ընթանում են անհատի սուվերենության աստիճանի շուրջ:
Բարոյականություն, թե օրինականություն
Ավանդական հասարակություններում բարոյականությունը (ըստ մեր ավանդական պատկերացումների` ադաթներն ու նամուսը) և օրինականությունը հաճախ իրարամերժ հասկացություններ են: Ավանդական հասարակություններում օրենք խախտելը մեծ հանցանք չէ, սակայն դուրս գալ ավանդական արժեքների դեմ անթույլատրելի է:
Ընտանիքի գերակայության վրա հիմնված արժեքային համակարգերում օրենքը վիրտուալ հասկացություն է, որը, որպես կանոն, ներդրվում է օտար պետական միավորի կողմից: Օրենքը օտարինն է, իսկ ավանդույթներն «ազգային» են:
Ժամանակակից հասարակություններում բարոյականությունը յուրաքանչյուր անձի մասնավոր գործն է և բարձրաձայն քննարկման առարկա չէ: Յուրաքանչյուր անձից պահանջվում է հետևել օրենքներին, իսկ բարոյականությունը մասնավոր տիրույթում է` լինի ընտանեկան վիճակ, սեռական կողմնորոշում, կրոնական համոզմունքներ և այլն: Անձի բարոյականության հարցերը բարձրաձայն քննարկվում ն միայն այն դեպքերում, երբ դա վերաբերում է հանրային անձանց, առաջին հերթին` պետական պաշտոնյաներին և հանրային դերակատարներին:
Գոյություն ունեն նաև մասնագիտական էթիկայի կանոններ: Նման դեպքերում, երբ խախտվում են հանրային բարոյականության նորմերը, նման մարդիկ կամ պաշտոնաթող են լինում, կամ մասնագիտական միջավայրերում համարվում են ոչ պիտանի:
Ո՞ւր ենք գնում
Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հանրային քննարկումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ: Ո՞ւր ենք գնում` դեպի «օրգանակա՞ն», թե՞ «մեխանիկական» համերաշխություն: Ընտանեկան բռնությունների, խղճի ազատության, կանանց իրավունքների մասին օրենսդրական նախագծերի քննարկումները մեզ երկընտրանքի առջև են կանգնեցրել` կառուցել ավանդակա՞ն, թե՞ ժամանակակից հասարակություն: Եթե ուսումնասիրենք այդ քննարկումների փաստարկները, ապա դժվար չի լինի նկատել, որ մի կողմից առաջադրված են օրինականության, մյուս կողմից` ավանդական արժեքների խնդիրները:
Եթե շարունակենք ավանդական արժեքների վրա հիմնված ցանցային հասարակության օրինակը, ապա խորհրդանշական է, որ դրա գաղափարախոս Տիգրան Սարգսյանի վարչապետությունն ավարտվեց հայտնի օֆշորային սկանդալով: Ցանկացած ավանդական հասարակության համար ավանդույթները բարձր են օրինականությունից, և «ընտանիք պահելու» համար ներվում է ցանկացած հանցագործություն:
Պատահական չէ, որ Հայաստանի իշխող խավի ներկայացուցիչները ամուսնությունների և կրոնական ծիսակատարությունների միջոցով միմյանց հետ ցանցային կապեր են ստեղծում: «Մեխանիկական» համերաշխությունը կոռուպցիայի լավագույն արդարացումն է: Ավանդական արժեքները իշխող խմբավորումների սուվերենության պատվարն են, և պատահական չէ, որ Ազգային ժողովում հնչում են ելույթներ «գործ տալու» անթույլատրելիության մասին: Պետության օրենսդիրները ավանդույթները գերադասում են օրենքներից:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել