HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իլոն Մասկը բացահայտել է Լուսնի եւ Մարսի գաղութացման ծրագրերը

Միջազգային աստղագիտական միության կոնգրեսի իր ելույթի ընթացքում SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կիսվել է Մարսի գաղութացման մանրամասներով` առաջարկելով հանրային տրանսպորտի նոր տեսակ` «ուղևորային հրթիռներ»:

Առաջիկա 5 տարիների ընթացքում SpaceX-ը նախատեսում է նախագծել լիարժեք ինքնավար կենսապահովման համակարգ, որտեղ հաշվի կառնվեն Մարսի պայմանները։ Խոսքը վերաբերում է ռեսուրսներ և էներգիա ստացող, զտող տեխնոլոգիաներին և շնչելու համար պիտանի թթվածին արտադրող սարքավորումներին: Իլոն Մասկը  արդեն 2022 թվականին այս ամենը նախատեսում է Մարս հասցնել սեփական արտադրության BFR («Big Fucking Rocket») հրթիռների շնորհիվ: Ձեռնարկատերի խոսքով` ընկերության ողջ ներուժն ու միջոցները կուղղվեն վերոնշյալ հրթիռի պատրաստմանը:

Մարսի գաղութացումն «ալիքներով» տեղի կունենա: Արդեն 2024 թվականին առաջին գաղութարարները կուղեւորվեն Կարմիր մոլորակ: Նրանց նպատակն է Մարսի մակերեսին բազա տեղակայել և հետագա բնակիչների համար հենակետ նախապատրաստել: Վերջիններս էլ կշարունակեն ընդլայնել գաղութը` սպասելով հաջորդ եկողներին, և այդպես շարունակ: Իհարկե, նշված ժամկետները կարելի է պայմանական համարել. նպատակը չափազանց հավակնոտ է:

Mars City Opposite of Earth. Dawn and dusk sky are blue on Mars and day sky is red.

A post shared by Elon Musk (@elonmusk) on

Բացի դրանից, Մասկը առաջակում է նմանատիպ համակարգ օգտագործել նաև Լուսնի գաղութացման համար. այս առաջարկով արդեն հետաքրքրվել են NASA-ի ղեկավարները։ Լուսնի գաղութացման հեռանկարներով հետաքրքրված են ոչ միայն SpaceX-ը և NASA-ն, այլև Եվրոպայի, Չինաստանի տիեզերական գործակալությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի «Ռոսկոսմոսը»: Այնպես որ, եթե Մասկի ընկերությանը հաջողվի հետաքրքրել պոտենցիալ ներդրողներին, մարդը Երկրի արբանյակ Լուսին շատ ավելի շուտ ոտք կդնի, քան Մարսի մակերևույթ:

Ձեռնարկատերն արդեն իր Instagram-ի էջում տեղադրել է Լուսնի բազայի ենթադրական պատկերը:

Moon Base Alpha

A post shared by Elon Musk (@elonmusk) on

Մասկը չի մոռացել նաև Երկիր մոլորակի մասին` հանդես գալով հասարակական տրանսպորտի նոր տեսակ ստեղծելու առաջարկով: Խոսքը վերաբերում է հրթիռային թռիչքներին, որոնց շնորհիվ մոտ մեկ ժամվա ընթացքում հնարավոր կլինի աշխարհի ցանկացած կետ հասնել: Իսկ թռիչքի գինը համեմատելի կլինի էկոնոմ դասի ավիատոմսի գնի հետ:

SpaceX-ը թողարկել է ամբողջ գործընթացը պատկերող տեսանյութ: Խոշոր քաղաքների ջրամբարներում առաջարկվում են հրթիռների գործարկման համար լողացող հարթակներ: Ուղեւորները (80-ից մինչեւ 200 մարդ) նավակներով կհասնեն այդ հարթակներ եւ կնստեն Մարս մեկնելու համար նախատեսված նույն BFR հրթիռները։ Տիեզերանավը այնուհետև կմտնի Երկրի ուղեծիր և կբաժանվի երկու մասի. առաջինը հետ կվերադառնա, երկրորդը կգնա դեպի նշանակետ: Այսպիսով, Նյու Յորքից Շանհայ հասնելու համար կծախսվի 39 րոպե, Հոնկոնգից Սինգապուր` 22, իսկ Լոնդոնից Դուբայ` 29:

Եթե տեղաշարժման այս մեթոդը իրականանա, ապա այն կդառնա մարդկության պատմության մեջ ամենաարագը. հրթիռի առավելագույն արագությունը 29000 կմ/ժ է:  Սակայն, քիչ հավանական է, որ դա շուտ տեղի կունենա։ Նախ, ուղևորները հսկայական ծանրաբեռնվածություն կզգան, ինչը նշանակում է, որ ոչ բոլորը կցանկանան նման փորձության միջով անցնել: Բացի այդ, կա անվտանգության խնդիր. օդանավը վիճակագրորեն համարվում է տրանսպորտի ամենաանվտանգ տեսակը, մինչդեռ SpaceX-ը համեմատաբար վերջերս է սովորել տիեզերքում գտնվող հրթիռի Երկիր մոլորակում վայրէջք կատարելուն:

Պատրաստեց Տաթև Կապլանյանը

Մեկնաբանություններ (1)

Bedros
Mars - Արէս, Հրատ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter