HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատոնական բաց «ֆաքս-5» ՀՀ վարչապետին

Պարոն վարչապետ, ինչպես որ նախորդ «ֆաքսում» խոստացել էի հաջորդ բաց «ֆաքս-5»-ի միջոցով անդրադառնալու եմ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն ուռճացված աշխատակազմին` այսինքն` վերջին տարիներին արտադրանք չտվող գործարանի ուռճացված աշխատավարձի հիմնադրամին, հետևաբար կատարում եմ խոստումս և ներկայացնում ուսումնասիրություններիս արդյունքները, որոնք նորից լավ բանի մասին չեն «խոսում»: Հետևաբար ձեզ համար կրկին պահանջ է առաջանում «հարցաքննությանը» նախապատրաստվելիս հաշվի առնել ստորև ներկայացված տվյալները նույնպես:

Առաջ անցնելով նշեմ, որ իմ պարզ ուսումնասիրությունները ստիպում են հանգել այն եզրակացության, որ մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացվել է կանխամտածված սննկացման տանող գործառույթներ` չխորշելով հազարավոր մարդկանց  գործազուրկ դարձնելու դաժան հեռանկարից:

Անկեղծ ասած, երբ 2011 թվականի հունիս ամսին ողջ պատասխանատու մամուլը լեցուն էր «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենին փոխելու մասին տեղեկատվությամբ, որտեղ նշվում էր, որ այդ պաշտոնին նշանակվել Հ. Հախինյանը` ուրախություն ապրեցի: Քանի որ նա համարվում էր «Նաիրիտ» գործարանի երկարամյա աշխատակից, շատերիս մոտ հույս արթնացավ, որ կփոխվի «Նաիրիտի» կառավարման և ղեկավարման առկա քաղաքականությունը:

Բայց անցած վեց ամիսները ցույց տվեցին, որ ոչինչ էլ չի փոխվել` դեռ խորացել են խնդիրները և առջևում նորից անորոշություն է: Սրան եթե ավելացնենք, որ ամենահասարակ որոշումներ կայացնելուց առաջ ներկայիս գլխավոր տնօրենը «վազում է» Տերյան փողոցի վրա գտնվող իր օֆիսում ծվարած նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի մոտ,  «դաբռո» ստանում և նոր է «կայացնում» որոշում, ապա պատկերը ամբողջանում է` շարունակվում է նույն անպտուղ գործելաոճը:

Որպես ասվածի ապացույց իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006-2007թթ. «Նաիրիտ» գործարանում աշխատում էր 2100 աշխատակից, որոնց  աշխատավարձի ֆոնդը կազմում էր 160 միլիոն դրամ: Նշված շուրջ 2100 աշխատակցից 1400-ը զբաղված էր արտադրությունով, իսկ նրանց աշխատավարձի ֆոնդը կազմում էր մոտ 100 մլն դրամ: Մնացած 700 աշխատակիցը զբաղված էր ձեռնարկության սպասարկման և ղեկավարման հարցերով ու ստանում էր 60 մլն դրամ աշխատավարձ: Այդ ժամանակ գործարանը ղեկավարում էին մեկ գլխավոր տնօրենն ու նրա երեք տեղակալները: Իսկ ամսական արտադրանքը կազմում էր շուրջ 700 տոննա պատրաստի կաուչուկ` իր հարակից արտադրատեսակներով հանդերձ:

2010 թվականից մինչև այսօր  գործարանում աշխատում է շուրջ 3000 մարդ, որոնց աշխատավարձի ֆոնդը կազմում է արդեն 560 միլիոն դրամ, որից շուրջ 1400 բարիք ստեղծող աշխատակիցները  ստանում  են  120 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ իմ նշած սպասարկման ոլորտի 700 աշխատակիցները ստանում են մոտ 100 միլիոն դրամ աշխատավարձ: Մնացած` արտադրության հետ կապ չունեցող «նորաթուխ» «ձրիակերների» աշխատավարձի ֆոնդը պարապուրդի ժամանակահատվածում կազմում է 340 միլիոն  դրամ:

Ինձ զարմացրեց այն փաստը, որ Հախինյանը հանդիսանալով «Նաիրիտի» երկարամյա ղեկավար աշխատակից,  քաջատեղյակ էր «ձրիակերների» անիմաստ ուռճացումից և 2010 թվականի փետրվարից առկա պարապուրդի պայմաններում տրամաբանությունը թելադրում էր ազատվել բարիք չստեղծող 900 «ադմինիստրատիվ» աշխատակիցներից: Քանի որ նմանատիպ քայլը կբերեր ամսական նվազագույնը 300 միլիոն դրամի խնայողության:

Սակայն ստացվում է, որ նորից անիմաստ է դառնում «Նաիրիտի» հանդեպ իրականացվող ղեկավարման քաղաքականության մեջ բիզնեսի օրենքների տրամաբանություն փնտրելը: Իմ զրույցները գործարանի աշխատակիցների հետ ստիպում են գալ այն եզրահանգման, որ գլխավոր տնօրենի փոփոխությունն ամենևին էլ միտված չէր գործարանի առողջացմանը  և 900 հոգանոց «ձրիակերների» բանակը խժռում է աշխատավարձի ֆոնդի 60 տոկոսից առավել գումար: Հախինյանի նշանակումից հետո ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե ժամանակին կատարվեին անհրաժեշտ կրճատումները, ապա խնայված գումարը կբավարարեր ներկայիս աշխատավարձի պարտքը ամբողջությամբ մարելու համար:

Հարց 1.

Պարոն վարչապետ, դուք «Նաիրիտ» գործարանի պետական 10 տոկոս բաժնետիրոջ իրավունքով հետաքրքրվե՞լ եք, թե ինչո՞ւ պետական բյուջեից աշխատավարձ ստացող ձեր ֆինանսիստները չեն զբաղվել վերը նշված շատ պարզ ուսումնասիրություններով: Իսկ եթե զբաղվեին իրենց պարտականություններով, հնարավոր կլիներ Հախինյանի «տնօրինության» ժամանակահատվածում խնայել շուրջ 6 միլիոն դոլար, այսինքն` աշխատավարձի պարտք այսօր գործարանը չէր ունենա:

Հարց 2.

Արդյոք չիրականացված անհրաժեշտ կրճատումները չե՞ն խոսում այն մասին, որ ձրիակերների շարքում կարող էին  հայտնվել բազմաթիվ «ադմինիստրատիվ» օժանդակ աշխատակիցներ, որոնք «ընդունվել են» 2007 թվականից հետո և մինչ օրս պարապուրդի մատնված  գործարանում ստանում են ՀՀ նախագահից շատ ավելի բարձր աշխատավարձ: Ճի՞շտ է, արդյոք, իմ ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկությունները, որ ներկայումս պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանի առկայության  պարագայում  գլխավոր տնօրենի 10 տեղակալները միասին վերցրած ամսեկան ստանում են շուրջ 35  միլիոն դրամ աշխատավարձ (ձեր հարազատ եղբայրը ներառյալ):

Հարց 3.

Արդյոք աբսուրդի թատրոն չի՞ հիշեցնում այն փաստը, որ կյանքի համար թունավոր արտադրամասերում աշխատող բանվորները անվերջ պահանջում են իրենց չնչին աշխատավարձերը, իսկ արդյունքում շահում են արտադրության հետ կապ չունեցող` գործարանի ապագայի հանդեպ անտարբեր «ձրիակերների» մեծ բանակը: Եվ արդյոք սա հովանավորչություն չէ՞…

Առողջ եղեք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ  Ծնունդ... Մյուս կողմից էլ մտածում եմ, թե ի՞նչ սրտով պետք է դիմավորեք Ամանորը և ուրախանաք, կամ ինչների՞դ վրա պետք է ուրախանաք...

Մնացածը՝ ձմեռային արձակուրդներից հետո…

ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
Համատեղությամբ՝  աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կ
ուսակցության գործադիր-փոխատենապետ,
ՀՌԱԿ ատենապետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter