
Դատարանը պաշտպանել է նախկին դատախազի որդուն` անտեսելով ռուս ներդրողի շահերը
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսեյ Կորեպանովը որոշել է Հայաստանում ներդրումներ անել, իսկ այդ հարցում նրան օգնել է այն ժամանակ իր ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյանը` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին: Վիկտոր Տեր-Հովսեփյանը ներդրումներ չի արել, իրականացրել է կազմակերպչական աշխատանքները` դրա դիմաց 33 տոկոս մասնաբաժին ունենալու պայմանով:
Ստեղծել են «Անսուր ինվեստ» ընկերությունը և սկսել Կասկադում բնակելի շենքի շինարարությունը, սակայն այն արդեն երկու տարի է` կիսակառույց և անավարտ վիճակում է. Ալեքսեյ Կորեպանովը պարզել է, որ իր ներդրած ու Հայաստան ուղարկած գումարներն ամբողջությամբ չեն ծառայում նպատակին` չեն ներդրվել շինարարության մեջ:
Ալեքսեյը խոստովանում է, որ 12 տարի Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ ընկերություն անելուց հետո նրան վստահել է: Ներդրումն արել է, Կասկադում` Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կողքին գնել են հողատարածք, որը հետո պարզվել է, որ նույնպես իրենց վաճառել են կեղծիքներով: Կորեպանովի մայրը մահացել էր, և նա որոշ ժամանակ չի հետևել, թե ինչպես է ընթանում Կասկադի ներդրման ծրագիրը: Իսկ երբ կրկին Երևան է ժամանել, հասկացել է, որ ընդամենը ավելի քան 1 մլն դոլարի ներդրում է կատարված ծրագրում, մինչդեռ ինքն արդեն ավելի քան 4 մլն դոլար է ուղարկել: Պարզվել է նաև, որ, օրինակ, Վիկտորը հողի ձեռք բերման համար Ալեքսեյից ավելի քան 1 մլն դոլար է պահանջել, մինչդեռ հողը ձեռք է բերել 300 հազար դոլարով: «Վիկտորը յուրացրել է այդ գումարները` ինձ ասելով, թե ներդրել է, բայց իրականում այդպես չէր,- ասում է Ա. Կորեպանովը,- ես կարծում եմ, որ չի կարելի Երևանում ամենագեղեցիկ տունը կառուցել մի մարդու հետ, ով ոչ գեղեցիկ արարքներ է թույլ տալիս»:
Նա դիմել է դատարան: Վիկտորի կնքած գործարքների մի քանի դրվագներով դատական գործեր են ընթանում: Հիմա էլ Վիկտոր Տեր-Հովսեփյանը դատարանից պահանջում է 900 հազար դոլարը, որը Կորեպանովն է ներդրել, սակայն ինքը ձևակերպել է որպես փոխառություն, և այժմ դա ընկերությունից է պահանջում:
Ա. Կորեպանովի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է, որ առաջին ատյանի դատարանը օբյեկտիվորեն էր վճիռներ կայացնում, չնայած այդ վճիռներից մեկը նաև իրենց դեմ էր: Իսկ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ հօգուտ Վիկտորի է որոշումներ կայացրել: Ալեքսեյ Կորեպանովը այս հարցով 4 անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է դիմել: Նա նախագահին պատմել է նաև Վիկտորի և հոր սպառնալիքների մասին, թե իրեն չեն թողնի հանգիստ գործունեություն ծավալել Հայաստանում` գործի դնելով իրենց կապերն ու ազդեցությունը Հայաստանում, մասնավորապես արդարադատության նախկին նախարար, ԱԺ ներկայիս պատգամավոր Դավիթ Հարությունյանը կարող է յուրաքանչյուր դատավորի զանգել և ասել` ինչ անել կամ ինչպիսի վճիռ կայացնել:
«Երբ սկսվեցին դատական գործերը, իմ մոտ այնպիսի տպավորություն ձևավորվեց, որ վերաքննիչ դատարանը Օսիպովի անմիջական մասնաճյուղն է, որովհետև որդին էլ էր ասում, որ իր ծանոթները դատական համակարգում են, իր ազգականը` Սամվել Օհանյանը Վճռաբեկ դատարանի դատավոր է»,- պատմում է Ա. Կորեպանովը: Փաստաբան Արա Զոհրաբյանը նույնպես կարծում է, որ Օսիպովներն օգտագործել են դատարաններում իրենց ունեցած բարեկամական կապերը, և դատավոր Սամվել Օհանյանը հովանավորել է այս գործընթացը, որպեսզի Վճռաբեկն էլ իրենց բողոքը վերադարձնի:
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է, որ իր պաշտպանյալի «ներդրած գումարներին հայկական պետական համակարգը ոչ բարեխիղճ վերաբերմունք է ցույց տվել»: Հայաստանյան դատական համակարգը կարծես թե հաշվի չի առնում ռուս ներդրողի շահերը` կայացնելով ակնհայտորեն ոչ օբյեկտիվ վճռիներ Վ. Տեր-Հովսեփյանի օգտին:
Երբ առաջին անգամ Կորեպանովին առաջարկել են Հայաստան գալ` 200 հազար դոլարի ծրագիր իրականացնելու համար, նա Արցախյան պատերազմից հետո Հայաստանը պատկերացրել է մերկացած հող, հատված ծառերով տարածք: Սակայն Երևան մտնելիս ապշել է, երբ գիշերվա ժամը 1-ին փողոցներում տեսել է զբոսնող երեխաների և լուսավորված ցուցափեղկեր: Երրորդ օրն իսկ ներդրում կատարելու համաձայնություն է տվել:
Կորեպանովը խոստովանում է, որ շատ է սիրել Հայաստանը, չնայած իր հայ ընկերներից մեկը ժամանակին խորհուրդ է տվել ներդրումներ չանել Հայաստանում, «քանի որ այնտեղ ներդրողներին քցում են»: Այնուամենայնիվ, Կորեպանովը երկու այլ ծրագրերում նույնպես գումար է ներդրել և չի պատրաստվում հրաժարվել հետագայում էլ ներդրումներ կատարելուց: Ալեքսեյը շինարարական այս ծրագրում շուրջ 5 մլն դոլար է ներդրել, իսկ Հայաստանում` տարբեր ծրագրերով նրա ներդրումներն անցնում են 8 մլն դոլարից:
«Մարդիկ ինձ լավ են վերաբերվում այստեղ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր Վիկտորի ընկերներն էին, ինձ հավատացին և իմ կողմը կանգնեցին,- ասում է Ալեքսեյը: -Ես միայն մի բանի համար եմ շնորհակալ Օսիպով ընտանիքին, որ ինձ Հայաստան են բերել, ես հիմա սկսել եմ երրորդ ծրագիրն իրականացնել: Ես կարծում եմ, որ բազմաթիվ հետաքրքիր տեղեր կան, որտեղ կարելի է ներդրումներ անել»:
Արա Զոհրաբյանն ասում է, որ Վիկտորը ոչինչ չներդնելով, ծրագրի 33 տոկոսին է տիրացել` արդեն իսկ մոր անունով գրանցելով այն: Նա նաև ընկերությունից գումարներ է պահանջում և արդեն իսկ ընկերությունից իր օգտին մոտ 1 մլն 200 դոլար բռնագանձելու վճիռ ունի իր ձեռքում: Ըստ փաստաբանի` այս պայմաններում ձեռագիրը ցույց է տալիս, որ Ալեքսեյի ներդրումներն ուզում են խլել նրա ձեռքից` վիճահարույց 900 հազարի հիման վրա գույքը կդնեն աճուրդի և կփորձեն վաճառել:
Լուսանկարում` ձախից` Վ. Տեր-Հովսեփյանը, աջից` Ա. Կորեպանովը
Մեկնաբանել