
Կառավարությունն առաջարկում է ստեղծել տրասնպորտի միասնական երթուղային ցանց
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը Կառավարության կողմից հավանության արժանացավ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց։
«Ցանցի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք»,-ասաց նախարարը։
Հարցի վերաբերյալ խոսեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը․ «Տրանսպորտային ցանցը մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի այնպես չլինի, որ բակավայրերը դուրս մնան քարտեզից, լոտեր ենք կառուցելու, որտեղ շահավետ և ոչ շահավետ խմբերը համախմբում ենք, որ բիզնեսի համար դառնա շահավետ»։
Վարչապետի խոսքով՝ ցանց կառուցելուց հետո նախատեսում են պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը երաշխիքներ ունենա, որ խոսքը երկարատև աշխատանքի մասին է։
«Հիմա այս օրենսդրական կարգավորումները կատարեցինք, ե՞րբ ենք այդ ցանցը ստեղծում, խաղի կանոնները ձևավորում և մրցույթները հայտարարում՝ հաշվի առնելով այն, որ ունենք ժամկետները չլրացած պայմանագրեր»,-հետաքրքրվեց Կարապետյանը։
Նախարարը պատասխանեց՝ նախատեսում են պիլոտային ծրագիր իրականացնել օրենքի ընդունումից հետո, ապա՝ մրցույթը հայտարարել։
Կարապետյանը հետաքրքրվեց պիլոտային ծրագրից հետո ցանց ստեղծելու մասին։
Նախարարը հավաստիացրեց, որ մոտակա երկու երեք ամսում կիրականացվի պիլոտային ծրագիրը, իսկ ցանցը՝ ավելի խորը ուսումնասիրություններից հետո:
«Առաջին «կվառտալի» վերջ պիլոտային արդյունքների հման վրա մենք ցանցը նայում ենք: Այդտեղ բարդ բան չկա: Իր տրամաբանությունը, գործող պայմանագրերը, ժամկետներն ենք նայում և հայտարարում ենք, թե ինչ ցանց և ինչ ներդրող ենք ակնկալելու ֆիքսենք»,-ասաց վարչապետը։ Նկատենք, որ միասնական երթուղային ցանց ձևավորելու համար, ըստ նախագծի՝ անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը, ինչի հետևանքով երթուղիների սպասարկման մրցույթները կիրականացվեն մեկ փաթեթով։
Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ կատարված ուսումնասիրությունների՝ հանրապետությունում առկա են բազմաթիվ համայնքներ, որոնց տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմինների, միջմարզային երթուղիների դեպքում` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից, իսկ ներմարզային երթուղիների դեպքում` մարզպետարանների կողմից բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն եղել մասնակիցների բացակայության պաճառով:
Մեկնաբանել