HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին

Նամակս ուղղված է սույն թվականի սեպտեմբերի 30-ին Ջավախքի Հայոց գյուղի` Գումբուրդոյի X-րդ դարի կառուցված հայոց Սուրբ Համբարձման եկեղեցու շուրջ ծավալված դեպքերին և դրան հաջորդած Ձեր քայլերին:

Պարոն Վազգեն Միրզախանյան,

Ձեր արարքը և ստորագրությունն առ այն, որ Գումբորդոյի եկեղեցին վրացական է, և Դուք այն հանձնել եք վրացիներին, շատ նման էր Հովհաննես Քաջազնունու արարքին, որ 1918թ. հունիսի 4-ին ստորագրեց Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանի պետությունը պետք է ունենար մոտ 12 հազար ք/կմ` Երևան , Սևան և Էջմիածին, ինչը 1918թ. մայիսի 22-28- ին(Սարդարապատ, Բաշ-Ապարան) հայոց ժողովուրդն արդեն ջարդել և դուրս էր շպրտել թուրք բաշիբոզուկներին:

Դուք ձեր ելույթներում նշում եք, որ Գումբուրդոյի Սուրբ Համբարձման եկեղեցին վրացական է,  համոզում եք բոլորին, որ այդպես է, որ չկա մեկը, որ ապացուցի, որ այն հայկական է, և  որ 2000թ.  առաջ կամ հետո է Գումբուրդոյի Սուրբ Համբարձման  եկեղեցին սեփականաշնորհվել Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից: Դուք նույնիսկ ժամն ու թիվը չգիտեք, թե կոնկրետ երբ է այն սեփականաշնորհել: Կամ եթե այդպես էր՝ ինչո՞ւ ոչ մի ջավախքցի չգիտեր այդ մասին:

Ինչո՞ւ Վիրահայոց թեմի կայքում ոչ մի բառ չկա գրված Գումբուրդոյի դեպքերի մասին: Մինչդեռ որոշ ժամանակ առաջ Գումբուրդոյի եկեղեցին թեմի կայքում տեղադրված էր հայոց եկեղեցիների ցանկում:

Ձեր ելույթներում նշում եք, որ ճիշտը մնում է ճիշտ, և որ պետք է ազնիվ լինել, բայց ճիշտը Դուք խեղաթյուրում էք: Դուք, Գումբուրդոյի Սուրբ Համբարձման հայոց եկեղեցին հանձնելով վրացիներին, ասում եք, որ նրանք էլ մեր հետ ազնիվ կլինեն: Ծիծաղելի է: Իսկ ե՞րբ են վրացիներն ազնիվ եղել, և ո՞ր հայոց եկեղեցին  են վերադարձրել, պարոն Միրզախանյան:

Ի գիտություն Ձեզ՝ Վրաստանում Vll-XX դարերում կառուցվել է մոտ 600-ից ավելի հայոց եկեղեցի, որոնցից կանգուն են մնացել 300-ից ավելին: Քանի՞սն են հիմա պատկանում Վիրահայոց թեմին: 30-40 եկեղեցի, որից 85 տոկոսը Ջավախքում է, որոնցից մեկն էլ Դուք հանձնեցիք Վրաց ուղղափառ եկեղեցուն:

Ես Ձեզ չեմ խնդրում, այլ Դուք պարտավոր եք ջավախքցիներիս և ընդհանրապես հայոց ազգին տեղեկացնել և ցույց տալ այն ակտը կամ փաստաթուղթը, թե ովքեր են ստորագրել այդ սրբապիղծ թղթի տակ, որով Գումբուրդոյի Սուրբ Համբարձման հայոց եկեղեցին հանձնեցիք վրացիներին:

Միգուցե Թբիլիսիի ճոխ և շքեղ կյա՞նքը Ձեզ դրդեց նման քայլի, կամ ինչ-որ շահութաբեր գործարք: Մի գուցե վա՞խն էր կամ տեղի խամաճիկ ուժերի թակա՞րդը:  Ժամանակը ցույց կտա: Բայց գիտեմ մի բան, որ Ջավախքում տեղի խամաճիկները, բացի ազգայինը վաճառելուց, մի նոր վաճառքի ձև էլ սովորեցին՝ հավատքի վաճառքը:

Հայոց հայրենի Ջավախքն ու Հայ առաքելոց հավատքը դարձրել եք սոդոմ-գոմոր: Բոլորիդ արարքը, ովքեր ստորագրեցին այդ սրբապիղծ թղթի տակ, դամոկլյան սրի պես պիտի կախվի ձեր խղճի վրա: Եվ դարեդար հայոց Ջավախքի սերունդները չպիտի մոռանան հոկտեմբերի փաստաթուղթը, որի տակ Վիրահայոց թեմի առաջնորդն ու տեղի չինովնիկները 1000 տարվա հայոց եկեղեցին, որը պահվել էր թուրք ու այլ վայրագ ցեղերից՝ հայոց քրտինքով, արյունով ու արտասուքով, մի րոպեում հանձնեցին վրացիներին:

Աստված Ձեզ օգնական, պարոն Միրզախանյան:

Գուրգեն Շիրինյան        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter