
Նալբանդյան 106/1. ապօրինություններ՝ տոներին ընդառաջ
Նալբանդյան 106/1 հասցեում ՀՀ դատական իշխանությունների կողմից, ըստ էության, անուղղակիորեն արտոնված ապօրինի հողաշինարարական աշխատանքները երեկվանից վերսկսվել են:
Նալբանդյան, Ավագ Պետրոսյան, Սայաթ-Նովա պող. և Թումանյան փողոցների բնակիչները երեկվանից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ հստակ երևում է, որ «Ավագ Շին» ՍՊԸ-ն լայնացնում և խորացնում է կառուցվելիք, սակայն դեռևս ճարտարապետահատակագծային առաջադրանք չունեցվող էլիտար շենքերի փոսորակը: Սևահողը փխրեցվում է և տեղափոխվում երեք բեռնատար ավտոմեքենաներով:
Տարածքում իրականացվող աշխատանքների ընթացքում, որոնք ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից որակվում են որպես «ապամոնտաժման աշխատանքներ», շին.տեխնիկայի միջոցով կոպտորեն վնասվում են տարածքում աճող ծառերը՝ փորվում դրանց հիմքերը և կարծես թե միամտաբար ջարդվում ճյուղերը:
Նշենք, որ տարածքի բնակիչները այս հարցով բազմիցս դիմել են պատկան մարմիններին:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ պրն. Գ. Խանգելդյանը իր 14.07.2011 N 23/35-Կ-199 գրությամբ բնակիչներին հայտնել է, որ «Ավագ Շին» ՍՊԸ-ին «հանձնարարվել է Թումանյան, Ավագ Պետրոսյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան 106/1 շենքերի բակում կատարած շին. աշխատանքներից առաջացած շին. աղբը բակից հեռացնել, ինչպես նաև տարածքում գտնվող ծառերը խնամել, բացառելով հետագա չորացումը»:
Հիշեցնենք նաև, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն: Ուստի, Նալբանդյան 106/1-ի տարածքում ցանկացած շինարարական գործունեություն, լինի դա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության «արտոնման» միջոցով թե կառուցապատողի անհատական նախաձեռնությամբ, բացարձակապես անoրինական է:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանել