
Հայկական օղու արտադրությունը նվազել է, կոնյակի ու գինու արտադրությունը` աճել
Այս տարի Հայաստանում կոնյակի, գինու, գարեջրի ու շամպայնի արտադրության ծավալներն աճել են։ Փոխարենը ալկոհոլային խմիչքների շուկայում կրճատվել է օղու և վիսկիի արտադրությունը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 18.4 մլն լիտր կոնյակ։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն 60.7%-ով աճել է։ Իսկ արտադրված գինու ծավալները կազմել են 5.1 մլն լիտր։ Աճը՝ 35.2%: Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է միայն գործարանային արտադրանքի ցուցանիշները։ Իսկ տնային պայմաններում պատրաստված գինին, օղին և այլն չեն ներառվում։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Այս հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 15.7 մլն լիտր գարեջուր, որն աճել է 9.6%-ով։ Միևնույն ժամանակ, արտադրվել է 305 հազ. լիտր շամպայն։ Աճը՝ 20.1%: Իսկ օղու արտադրության ծավալները նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ կրճատվել են 30.5%-ով և կազմել 3.6 մլն լիտր։ Նվազել է նաև վիսկիի արտադրությունը։ Այս տարվա առաջին ութ ամսում այն կազմել է մոտ 850 հազ. լիտր՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 17%-ով։
Լուսանկարը` sputnik.am-ի
Մեկնաբանել