HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին զեկուցել են անշարժ գույքի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ

Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը հանրապետության նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter