HY RU EN

Ամալյա Մարգարյան

Լևոն Սահակյանի սպանության գործով վկան պնդում է՝ վեճի պատճառը իմացել է համացանցից

22-ամյա Լևոն Սահակյանի գործով դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Այս անգամ «Պատանի լրագրողների դպրոցի» աշխատակից Գևորգ Երիցյանը դատարանում վկայություն տվեց: Վկան նշեց, որ դեպքի օրը գործընկերուհու հետ նկարահանման է եղել, որից հետո գրասենյակ է ժամանել նյութի մշակման համար, դիմավորել Լևոն Սահակյանին և նրա ընկերոջը, հետո ձայներ լսել տնօրենի աշխատասենյակից:

«Մոնտաժ էինք անում, ձայներ լսվեցին սենյակից, առաջին քայլս այն էր, որ ամեն ինչ հանդարտվի: Փորձել եմ այնպես անել, որ կռիվը դադարի: Լևոնին հրեցի մի կողմ, որ ավելի չսրվի»,-ասաց Գևորգ Երիցյանը: Դատախազի հարցերին պատասխանելով՝ վկան ներկայացրեց դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը:

«Ես եմ դիմավորել նրանց, դուռը ես եմ բացել: Հետո ուղեկցեցի տնօրենի սենյակ, դուռը փակեցի, գնացի մոնտաժի սենյակ: Ես տեղի ունեցած խոսակցությունից չեմ իմացել ոչինչ: 15 րոպե հետո ձայներ լսվեցին, գոռոց լսվեց, չհասկացա՝ ինչ ասացին, միաժամանակ հա́մ ձայն լսվեց, հա́մ ապակի կոտրվեց: Եկա սենյակ: Տեսա խճճված իրավիճակ: Լևոնի ընկերը պարոն Ղազարյանին էր պահում, ես էլ Լևոնին պահեցի: Տասը րոպե ես Լևոնին պահում էի ինձ մոտ, բայց չեմ հիշում՝ ինչ էին խոսում»,-ներկայացրեց վկան:

Հետո պատմեց, որ կողմերին հանդարտեցնելուց հետո տեսել է՝ ինչպես է Լևոնն ընկերոջ հետ մեքենա նստում: Վկան նշեց նաև, որ հարվածներ, զենք չի տեսել, չի տեսել նաև, արդյո՞ք Լևոն Սահակյանը վիրավոր է եղել, թե ոչ, որից հետո Լևոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանը, վկային հարց ուղղեց:

-Ի՞նչ էր անում Լևոնը, հարձակվու՞մ էր, խփո՞ւմ էր, եթե հարվածներ չեք տեսել, ինչո՞ւ էիք Լևոնին պահում:

Գևորգ Երիցյանը պատասխանեց.

-Ես չեմ հիշում, ով ում է ինչ արեց, ես սթրես եմ տարել:

Տիգրան Սահակյանն այդ պատասխանը լսելուց հետո նշեց, որ ինքը մասնագիտությամբ բժիշկ է և լավ գիտի, որ սթրեսի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մարդիկ մինչև կյանքի վերջ հիշում են: Տուժողի իրավահաջորդի համար պարզ չէր նաև՝ ինչպես է վկան տասը րոպե պահել որդուն, եթե Լևոնը ֆիզիկապես ավելի ամրակազմ տղա է եղել, քան վկան: 

Վկան ներկայացրեց նաև, որ Լևոն Սահակյանն ու նրա ընկերը Վահան Ղազարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո նստել են մեքենան: Ինքը մոտեցել է, բացել մեքենայի դուռը. «Ես դուռը բացեցի, ասեցի նորմա՞լ ա սաղ, ցավներդ տանեմ, ինձ նույնիսկ չէին էլ լսում. Լևոնն ու Արտակը խոսում էին իրար հետ: Դուռը փակեցի»:

Դատական նիստի ընթացքում վկան մի քանի անգամ կրկնեց, որ ինքը արվեստի մարդ է ու իր համար ամենակարևորը կռիվը հանդարտեցնելն է եղել, ինքը չի փորձել խոսակցության մեջ մտնել, հասկանալ վիճաբանության թեման: Ասաց նաև, որ կռվի պատճառը չի իմացել, միայն համացանցից է տեղեկացվել:

«Պարո́ն դատավոր, ես չեմ հիշում ինչի մասին էր կռիվը: Իրենք կռի ընթացքում կռվի մասին չէին խոսում»,-ասաց վկան:

Գևորգ Երիցյանը պնդեց նաև, որ ամբաստանյալն իրեն ու գործընկերուհուն հորդորել է տուն գնալ և եղել է շոկային իրավիճակում: «Ես հարցրի, էս ի՞նչ մոմենտ ա, ի՞նչ ա եղել, ասաց գնացեք, դուրս եկեք օֆիսից»,-նշեց վկան, որից հետո հավալեց, որ իրենք արել են այնպես, ինչպես Վահան Ղազարյանն է ցանկացել:

Դատավոր Արմեն Խաչատրյանը նույնպես ամբաստանյալին հարցեր ուղղեց: Դատավորը հարցրեց, իսկ մինչև գոռոց ու ապակու կոտրվելու ձայնը վկան այլ ձայներ չի լսել, որին վկան ժխտողական պատասխան տվեց:

Նիստի ընթացքում ընթերցվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ կողմերը գտնում էին, որ առկա են հակասություններ:

Վկան նշեց, որ հակասությունների հիմնական պատճառը առերեսման ժամանակ ստեղծված ճնշող մթնոլորտն է եղել. «Փորձում էին բան բացահայտել, որից ես տեղեկություն չունեի»,-նշեց վկան:

-Ի՞նչ էին ուզում բացահայտել, Քենեդու սպանությու՞նն էին ուզում բացահայտել,-հետաքրքրվեց դատավորը:

Վկան մի քանի անգամ կրկնեց նաև, որ ինքը բարձր ձայներից շոկի մեջ է ընկնում և կատարվող իրադարձությունները չի հիշում:

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին ժամը 12:30-ին: Վահան Ղազարյանը հանդես կգա ցուցմունքով: