Լոռու մարզպետը խոստանում է 2018-ին 240 մլն դրամի կապիտալ վերանորոգում իրականացնել Ալավերդու ներհամայնքային ճանապարհներին
Ամեն տարի Ալավերդու ներհամայնքային ճանապարհներին միլիոնավոր դրամների փոսանորոգումներ են կատարվում: «ՀՀ կառավարության 7 հրատապ ծրագրերի շրջնակներում Լոռու մարզպետարանին ճանապարհաշինության ոլորտում աշխատանքներ իրականացնելու համար հատկացվել է 2 մլրդ 81 հազար դրամ: Դրանից Ալավերդի համայնքին ճանապարհաշինության համար հատկացվել է 177,1 մնն դրամ»,-այս տարվա հուլիսին «Հետքին» հայտնել է Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
Կառավարության հրատապ ծրագրով այս տարի Ալավերդիում մրցութային կարգով 15 մլն դրամի փոսանորոգումներ է կատարել Երևանում գրանցված «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն: Ալավերդցիները դժգոհում են այս ընկերության աշխատանքի որակից։
«Ով գիտի` սրանց դզած փոսերն ինչքան կգնան: Մի րոպե, ես վախում չեմ, եթե ոչ մեկն էլ ա սրանց արածների համար չխոսա, էնդով էլ ավելի վատ բաներ են անում: Դե էս ճամփեն ճամփա չի: էս ինչ կրկատան են անում, այ մարդ: Դե մի հետուց անում ես, կարգին գործ արա: Էս ինչ ղայդա ա: Օրական մի ավտոյի կալպակ եմ կորցնում»,-ասում է վարորդ Գագիկ Դավթյանը:
Գագիկ Դավթյան |
Գագիկն ասում է` սխալ է, որ Ալավերդու ճանապարհները վերանորոգում է դրսի կազմակերպություն։ «Ինչու պտի դրսի շինարարական ընկերությունը սարքի մեր ճանապարհը, մեր Մուկուչը շատ լավ էլ տղա է (խոսքը Թումանյանի «Ճանշին» տեղամասի պետ Մուկուչ Տիտանյանի մասին է), ասֆալտի լավ էլ մասնագետներ ունի, ժողովրդին էլ սիրող տղա է, խի չի նա քաղաքի ճանապարհներն ասֆալտում: Էս ասֆալտ անողնին էս ովքեր են, որ եկել են էսենց խայտառակ փոսանորոգում են անում մեր քաղաքում»,- ասում է Գագիկը:
«Փոխանակ փոսերի կողքերքը մազութ լցնեն, հետո խիճ լցնեն, նոր ասֆալտ, էնա փոսի մեջ մի հետից քանդած հին ասֆալտ են լցնում, վրիցն էլ մի լպատկա ասֆալտ են շպրտում ու վերջ: Էտենց ասֆալտ են անո՞ւմ»,- ասաց Գագիկի ավտոմեքենայում նստած մեկ այլ վարորդ:
«Քաղաքի ճանապարհների փոսերի էս ասֆալտը որ արվում ա, մինչև ձմեռ, մինչև ցրտերը չի դիմանալու: Ձյունն եկավ, մարոզ արավ, էս փոսերում մի կտոր ասֆալտ չի մնալու: Ես պարզ եմ խոսում, էդա լավ գիտենք` ինչ ա կատարվում, փոսանորոգում անելու համար ընդամենը 5 սմ էլ չի փորվում, արդյո՞ք էդ ասֆալտը կպահի»,- ասաց վարորդ Յաշա Վարդումյանը:
Յաշա Վարդումյան |
«Ալավերդի քաղաքի փողոցներում 15 մլն դրամի փոսանորոգումներ ենք կատարել: Մենք մեր նորմաներից ավելի շատ փոսանորոգում ենք արել»,-ասաց «Գևորգյան եւ Ներսիսյան» ընկերության տնօրեն Եղիշե Թադևոսյանը: Թե ինչու 2-3 ամիս կատարված փոսանորոգումների շինարարական աղբը դեռ կուտակված է Ալավերդու Էնգելս, Փիրուզյան, Թումանյան և մյուս փողոցներում, Եղիշե Թադևոսյանը պատասխանեց. «Երեկ այդ աղբը արդեն հանել ենք»:
Ե. Թադևոսյանին հարցրինք Ալավերդու փողոցների վարորդների ասած անորակ փոսանորոգումների մասին: «Դուք շինարա՞ր եք, որ ինձ էդպիսի հարցեր եք տալիս»,- ասաց տնօրենը: Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը հեռախոսով հայտնեց, որ քաղաքապետարանը նույնպես դժգոհ է «Գևորգյան եւ Ներսիսյան» ընկերության` Ալավերդիում կատարած փոսանորոգումներից։ «Մեր քաղաքի այս տարվա փոսանորոգումները կատարվում են կսռավարության հրատապ ծրագրերով, պատվիրատուն Լոռու մարզպետարանն է, մենք փոսանորոգման որակի վերահսկման որևէ իրավունք չունենք: Այնուամենայնիվ, Ս./Սարահարթ թաղամասի հրապարակի այդ ընկերության անորակ փոսանորոգումը ես մի քանի օր առաջ արգելել եմ շարունակել»,-հայտնեց քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղյակ էր այս տարվա Ալավերդիում կատարված անորակ փոսանորոգումներից: «Մեր հանձնարարությամբ այս պահին Ալավերդիում կատարված փոսանորոգումների չափումներ են արվում: Նախնական տվյալներով` «Գևորգյան եւ Ներսիսյան» ընկերությունը նախատեսված ծավալից ավելի շատ փոսանորոգում է կատարել»,- ասաց մարզպետը:
Վերադառնալով փոսանորոգումների որակին՝ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ մարզպետարանը մասնագիտական լաբորատորիա է հրավիրել Ալավերդիում այս տարի կատարված փոսանորոգումների որակը ուսումնասիրելու համար: Թե դեռ որքան պետք է փոսանորոգումները Ալավերդու ճանապարհներին շարունակվեն, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Մենք 2018թ. Ալավերդու ներհամայնքային ճանապարհներին պետք է իրականացնենք 240 մլն դրամի կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հուսով եմ, այդ ժամանակ ալավերդցիները գոհ կլինեն նաև կատարվող աշխատանքների որակից»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել