
Ունեցա երկրորդ հաղթանակը, այս անգամ՝ խցակցիս գործով
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Օրեր առաջ ունեցա երկրորդ հաղթանակը, այս անգամ՝ խցակցիս գործով, ով արդեն 24 տարի պատիժ է կրում, սակայն նրան չէին ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման: Դատական այս որոշումից հետո կներկայացնեն:
ՔԿՀ-ի վարչակազմը պատճառ էր բերում 2005թ.-ի Սողոմոն Քոչարյանի ու իմ առաջին փախուստը Գորիսի բանտից: Մասնավորապես այն, որ պատրաստվող փախուստի մասին բանտապահներին չհայտնելու համար խցակիցս դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, ինչը կլանվել էր ցմահ ազատազրկման մեջ: Այնուամենայնիվ, մեկուսարանի վարչակազմը գտնում էր՝ իբր պատժի հաշվարկի սկիզբն է փոխվել, այսինքն` ցմահ ազատազրկման նոր հաշվարկ է սկսվել` 2005թ.-ից, և նա պայմանական վաղաժամկետ ազատման կարող է ներկայացվել միայն 2025թ.-ին: Չորս տարի շարունակ համոզում էի դիմել դատարան, սակայն նա` թե ինչ միտք ունի. դատարանն էլ է իրենցը, դատն էլ:
Սակայն, երբ տեսավ, որ դատարանն, օրենքի պահանջի համաձայն և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով, բավարարեց հարազատներիս հետ տեսակցությունների և պատժի հաշվարկի հստակեցման վերաբերյալ իմ դիմումը, ոգևորվեց ու արդեն չառարկեց, որ իր հարցով էլ դիմում պատրաստեմ: Պատրաստեցի՝ օգտագործելով այս 5 տարիներին իրավագիտության բնագավառի ձեռքբերածս գիտելիքները:
Արդյունքն այն է, որ օրերս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց խցակցիս դիմումը՝ պարտավորեցնելով «Նուբարաշեն» բանտի վարչակազմին նրան ներկայացնել պայմանական վաղաժամկետ ազատման:
Չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, քանի որ արդեն մոտ 25 նախկինում մահապատժի դատապարտվածներ հատել են ՊՎԱ-ի 20 տարվա շեմը, սակայն ոչ մեկը դեռևս պայմանական չի ազատվել: Այնուամենայնիվ, խցակիցս էլ արդեն կարող է պայքարել իր պայմանական ազատման համար, այլ ոչ թե սպասել մինչև 2025 թվականը, ինչպիսին մեկուսարանի դիրքորոշումն էր: Կարծում եմ՝ վաղ, թե ուշ Հայաստանում ցմահ ազատազրկման վերաբերյալ այս արհեստականորեն բարդացվող խնդիրն հանգուցալուծվելու է:
Բանտային այս նամակս գրելուց առաջ զրուցում էի ցմահների բաժնում նոր նշանակված, բայց բավական փորձառու հոգեբանի հետ: Ասաց, որ իր կարծիքով, բանտում կան հանցագործներ և հանցանք կատարածներ: Համոզմունք հայտնեց, որ մի շարք ցմահ դատապարտյալների քրեական գործեր ճիշտ կլինի, որ դատարանները վերանայեն:
Այդ մասին գրեթե միշտ գրում եմ, բարձրաձայնում: Քաղաքակիրթ երկրներում, որտեղ դատական համակարգը կատարելագործվում է, պարբերաբար վերանայվում են ցմահ ազատազրկվածների գործեր և բավական հաճախ կայացվում են արդարացման դատավճիռներ, կամ պարզապես վերանայվում են առավելագույն պատժաչափերը:
Մեզ մոտ` Հայաստանում, մինչ օրս չի վերանայվել նույնիսկ մեկ մահապատժի դատավճիռ, ասես Հայաստանում երբեք դատարանները չեն սխալվել քաղաքացուն մահվան դատապարտելիս:
Ինչպես ասաց մեկուսարանի հոգեբանը մեր զրույցի ընթացքում` ի՞նչ իմաստ ունի հանցանք կատարած անձին, ով, սակայն, իր էությամբ հանցագործ չէ, ցմահ բանտում պահելը:
Առհասարակ, գիտնականների ուսումնասիրությունները, փորձը ցույց են տալիս, որ կա որոշակի շեմ, որից հետո պատիժը դադարում է ունենալ որևէ դրական ազդեցություն: Օրինակ` խցում, այն է` ծայրահեղ մեկուսացված վիճակում պահելու ուղղման գործընթացն արդյունավետ կարող է լինել առավելագույնը 5-7 տարվա ընթացքում: Ուղղման և սոցիալական ռեինտեգրացիայի համար բանտարկյալին հարկավոր է տեղափոխել մեկուսացվածության նվազ աստիճանի քրեակատարողական հիմնարկ:
Այս ամենում շատ կարևոր հարց է աշխատանքի ապահովումը, ինչը, ցավոք, մեզ մոտ մեծագույն խնդիր է: Ազատազրկման վայրերում պետությունը աշխատանքով չի ապահովում: Այս առումով անչափ շնորհակալ եմ «Հետք»-ին ինձ աշխատանքի հնարավորություն տալու համար: Այս հարցի վերաբերյալ շնորհակալ եմ նաև մեկուսարանի վարչակազմին` որոշակի ժամերին առանձին, լուսավոր սենյակ տրամադրելու և համակարգչիցս օգտվելու հնարավորության համար, այլապես հնարավոր չէր լինի ո´չ աշխատել, ո´չ սովորել բուհում:
Այժմ, երբ արդեն ամեն ամիս տեսակցություններ եմ ունենալու ընտանիքիս հետ, միտքս հանգիստ ու կենտրոնացած` անցնում եմ դիպլոմային աշխատանքիս: Նախևառաջ մանրակրկիտ կուսումնասիրեմ այլ պետությունների օրենսդրական դաշտը` դատական սխալների և նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ: Լավատես եմ մնում` անկախ 21-ամյա դժվարություններից:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել