Սիրիայում կոտորա՞ծ է
Սիրիայում վերջին 2 օրվա ընթացքում ուժգնացած բախումների ժամանակ զոհվել է գրեթե 200 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիացի ակտիվիստների տվյալները:
Իսկ ըստ CNN-ի՝ Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Սիրիայի ազգային խորհուրդն, ասել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում երկրում զոհվել է մոտ 250 մարդ: Սիրիայի ազգային խորհուրդը նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմին մեղադրել է այս շաբաթ հակակառավարական ցուցարարների «սարսափելի կոտորածներ» իրականացնելու մեջ, և Արաբական լիգային ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հորդորել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիներին պաշտպանելու համար:
Սիրիացի ակտիվիստներն ասում են, որ Սիրիայի ռեժիմի զինյալներն իրականացնում են ցեղասպանություն և մեծամասշտաբ տեղահանումներ, և «Կարմիր մահիկին» ու մարդասիրական այլ կազմակերպությունների կոչ արել հումանիտար օգնություն տրամադրել:
Երկրում բախումներն ուժգնացան այն բանից հետո, երբ դեկտեմբերի 19-ին Սիրիան համաձայնեց ստորագրել Արաբական լիգայի խաղաղության ծրագիրը, որի նպատակն է դադարեցնել իշխող ռեժիմի ուժերի և ցուցարարների միջև մարտի կեսերին սկսված բախումները: Վաղը Սիրիա են ժամանելու Արաբական լիգայի դիտորդները՝ տեսնելու, թե ինչպես է ի կատար ածվում խաղաղություն հաստատելուն ուղղված նախաձեռնությունը:
Դեկտեմբերի սկզբին ՄԱԿ-ը հայտարարել է, որ ավելի քան 5000 մարդ է սպանվել մարտից ի վեր: Իսկ Դամասկոսը պնդում է, որ պայքարում է «զինված ահաբեկչական ավազակախմբերի դեմ», որոնք ցանկանում են ապակայունացնել երկիրը, հարձակվում են անվտանգության ուժերի և քաղաքացիական բնակչության վրա:
Սիրիան սահմանափակել է լրագրողների գործունեությունը երկրի ներսում: Ուստի, Սիրիայից ստացված տեղեկությունները ճշտելը շատ դժվար է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել