HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում. թիրախ է դարձել 40 լրագրող

Դեկտեմբերի 20-ին Թուրքիայում ձերբակալվել է մոտ 40 լրագրող՝ Քրդական բանվորական կուսակցության հետ ենթադրաբար կապեր ունեցող «Քրդստանի համայնքների միություն» խմբի դեմ շարունակվող հետաքննության շրջանակներում: Ձերբակալված լրագրողների մեծ մասն աշխատում է քրդամետ լրատվամիջոցներում:

Վաղ առավոտյան Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանությունը սկսել է խուզարկել մի շարք լրատվամիջոցների խմբագրություններ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Վանում, Ադանայում, Տիգրանակերտում, ինչպես նաև Ֆրանս Պրեսի ֆոտոլրագրողի տունը: Վանի նահանգում, որն անցյալ ամիս ավերվել էր երկրաշարժից, ոստիկանները ներխուժել են DIHA լրատվական գործակալության լրագրողների վրան:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ըստ նախնական դիտարկումների՝ թուրքական ոստիկանության գործողության թիրախ են դարձել ոչ միայն քրդամետ լրատվամիջոցները, այլև երկրում գերիշխող տեսակետները արտահայտող խոշոր զլմ-ներ, որոնք երբեմն աշխատել են քրդամետ զլմ-ների հետ:

«Թուրքական ոստիկանությունը շարունակում է նույն բնույթի գործողություններ իրականացնել լրագրողների դեմ. խուզարկումներ, որոնք ոտնահարում են աղբյուրների գաղտնիության իրավունքը, զանգվածային ձերբակալություններ, համակարգիչների և հոդվածների առգրավում: Քրդական խնդիրը չի լուծվի՝ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ այլախոհությունը ճնշելու փորձեր անելով: Իշխանությունները պետք է դադարեն լրագրությունը, այդ թվում նաև քաղաքական դիրքորոշում ունեցող լրագրությունը քրեականացնելու փորձեր անելուց»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ըստ թուրքական օրենսդրության՝ ձերբակալվածները իրավունք չունեն խոսել փաստաբանի հետ ձերբակալությանը հաջորդող 24 ժամվա ընթացքում և 4 օր կարող են պահվել ձերբակալվածների պահման վայրում մինչև դատախազի առջև կանգնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter