
Բարերար Լևոն Հայրապետյանը վախճանվել է բանտում
Այսօր ռուսական՝ Մորդովիայի բանտում վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի բարերար և գործարար Լևոն Հայրապետյանը։ Հայրապետյանի մահվան լուրը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Հայրապետյանի ընտանիքի անդամները։ Հայրապետյանի վերջին ցանկությունն է եղել հուղարկավորվել Մոսկվայում՝ ծնողների շիրիմի մոտ։
Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում է ունեցել ԼՂ կայացման գործում․ համարվում է ամենախոշոր ներդրողը ԼՂ ժամանակակից պատմության մեջ։
Հայրապետյանի միջոցներով են 2000-2002 թվականներին վերակառուցվել Գանձասարի վանական համալիրը։ Իր միջոցներով են իրականացվել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորել է 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։
Հայրապետյանը ազատազրկման էր դատապարտվել 2014 թվականին։ Վերջինս նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից որդու դատավճիռը մեղմացնելու նպատակով 700 հազար դոլար էր վերցրել, սակայն ըստ քննության, չէր կարողացել դատավճռի մեղման վրա ազդել։ Իզվեստևը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Հիշեցնենք, որ Հայրապետյանը առողջական խնդիրներ ուներ, որի մասին վերջինիս պաշտպանը հաճախ էր բարձրաձայնում։ Պաշտպանն ահազանգում էր, որ ՀՀ իշխանությունները արտահանձման պահանջով դիմեն ռուսաստանյան իշխանություններին, ինչը, սակայն, այդպես էլ չեղավ։
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում արդեն գրել է Հայրապետյանի մահվան մասին․
«Այսօր առավոտյան վախճանվել է հայազգի մեծանուն զավակ, օրինակելի հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանը։ Թող հողը թեթև լինի։ Երբեք չենք մոռանա Լևոն Գուրգենովիչին և իր թողած ժառանգությունը»,- գրել է Բալայանը։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել