
Սուրեն Կարայան. «Արտահանում/ՀՆԱ ցուցանիշն այս տարի կկազմի 37-38%»
Այս տարվա տարեկան տվյալներով` Հայաստանի արտահանում/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 37-38%: Այսօր հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նրա խոսքով՝ նշված ցուցանիշը ներառում է ոչ միայն ապրանքների արտահանումը, այլեւ՝ ծառայությունների։
Հիշեցնենք, որ ըստ 2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի ուղերձի` ապրանքների և ծառայությունների արտահանում/ՀՆԱ ցուցանիշը 2016 թվականի տարեկան տվյալներով կազմել է 33.1%:
Կարայանն ամփոփում էր նախարարության վերջին մեկ տարվա գործունեությունը։ Նա համարում է, որ իրենք լավ են աշխատել։ «Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացված է: ՀՀ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձևավորման մեջ»,- ասաց նախարարը։
Նա հիշեցրեց այս տարվա տնտեսական ցուցանիշները՝ ապրանքների արտահանման 21.7% աճ (այս տարվա հունվար-օգոստոսին 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ), ՀՆԱ-ի 5.9% աճ տարվա առաջին կիսամյակում, արդյունաբերության 12.4% աճ հունվար-օգոսոստին, երկրում առևտրաշրջանառության 12.3% աճ, ծառայությունների ծավալի 12.4% աճ և այլն։
Ս. Կարայանը շեշտեց, որ Հայաստանի արդյունաբերական աճի մեջ գերիշխում է պատրաստի արտադրանքը։ Նախարարության ներկայացրած տվյալներով՝ առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4%, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82%-ը: Մշակող արդյունաբերության ոլորտում առավել զգալի աճ է գրանցվել խմիչքների, մանածագործական իրերի, հագուստի, դեղագործական արտադրանքի, էլեկտրական սարքավորումների և ոսկերչական իրերի արտադրության ոլորտում։
Իսկ տնտեսական աճի հիմնական շարժիչն, ըստ Կարայանի, շարունակում է մնալ արտահանումը։ «Արտահանման համար թիրախավորել ենք այն շուկաները, որտեղ մենք աշխատելու ենք` ԵԱՏՄ, ԵՄ»,- ասաց նախարարը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանվել է 1.383 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 21.7%-ով։ Հատկանշական է, որ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-օգոստոսին դեպի ՌԴ արտահանումն աճել է 36.6%-ով, դեպի Բուլղարիա՝ 80.3%-ով, Շվեյցարիա՝ 3.5 անգամ։ Հիմնականում հենց դեպի այս երկրներ արտահանման ծավալների մեծացմամբ էլ պայմանավորված է Հայաստանի արտահանման ընդհանուր աճը։
ԱՎԾ հրապարակման մեջ ընդհանուր աճի ֆոնին բացասական ցուցանիշով ամենաշատն աչքի է ընկնում Կանադան, որը նախորդ մի քանի տարիներին հանդիսացել է հայկական ապրանքների արտահանման գլխավոր շուկաներից մեկը։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսին դեպի Կանադա արտահանումը կազմել է ՀՀ արտահանման 7.6%-ը, իսկ այս տարի՝ ընդամենը 0.7%-ը։ Դեպի այս երկիր հայկական ապրանքների արտահանումն այս տարի նվազել է 88.6%-ով։ Հարցին, թե ինչով է պայմանավորված այս կտրուկ անկումը, նախարարը պատասխանեց. «Մեր արտադրատեսակները գնացել են այն երկրներ, որտեղ ավելի մրցունակ են եղել։ Մենք ունենք մշակող արդյունաբերության մոտ 20%-ի աճ, ինչը նշանակում է, որ մեր կազմակերպությունները սկսել են ավելի լավ օգտագործել իրենց ներուժը։ Մենք, միանալով ԵԱՏՄ-ին, դյուրացրել ենք պայմանները և ուղղվածությունը հիմա դեպի այդ շուկաներ է և ԵՄ։ Չնայած Կանադայի հետ մենք ևս ունենք արտոնյալ ռեժիմ և իմ կարծիքով՝ նվազումը ժամանակի խնդիր է, ծավալները նորից կվերականգնվեն»։
Ինչպես նշվեց, ՀՆԱ-ի աճն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 5.9%-ով աճել է։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե տնտեսության ընդհանուր աճի պարագայում ինչու է աճում բանկերում քաղաքացիների ժամկետանց վարկային պարտավորությունների ծավալը, և ինչու է ընկերությունների վճարած հարկերի ծավալում նվազել շահութահարկը, իսկ եկամտային հարկի աճը շատ թույլ է այն պարագայում, երբ տնտեսական աճը պետք է դրական ազդեր նաև այդ երևույթների վրա։ Ս. Կարայանը նշեց, որ պետք չէ ուղիղ կապ տեսել այդ երևույթների և տնտեսական աճի միջև. «Եթե կատարվում են ներդրումներ, ապա շահութահարկով` որպես ամորտիզացիոն մասհանումներ, ծախսային մասը մեծանում է։ Եվ հարկվող շահույթը դրանով պակասում է: Դա մենք պետք է վերլուծենք, որ կարողանանք պատասխանել, թե շահութահարկի որ տողերի, որ նվազեցումների հաշվին է պակասել, ու նոր կարողանանք եզրակացություն անել»։
Անդրադառնալով ներդրումներին՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն դոլար։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր ներհոսքն աճել է 36.6%-ով, իսկ միայն ուղղակի ներդրումների ներհոսքը՝ 26.3%-ով: Նախարարը, սակայն, դժվարացավ նշել, թե այս ներդրումների որ մասն են կազմում վարկային ծրագրերը, ինչպես նաև հորդորեց առանձին հարցմամբ տեղեկանալ, թե որ երկրներն են ամենաշատը ներդրումներ կատարել Հայաստանում։
Մեկնաբանել