
Կառավարությունն առաջարկում է խստացնել ապօրինի անտառահատումների վարչական և քրեական պատասխանատվության միջոցները
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականներով սկսեց։ Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր ապօրինի ծառահատման դեպքերին։
«Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգ կներկայացվի Կառավարության աշխատակազմ։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը։ Մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,- հայտարարեց Կարապետյանը։
Վարչապետը հանձնարարեց Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին և ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը։
«Երկրորդ՝ տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայատի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա։ Երրորդ՝ որոշակի ժամկետում համատեղ մշակել և աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- հանձնարարեց գործադիրի ղեկավարը։
Վարչապետը հայտարարեց՝ Կառավարությունը, հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, մասնավորապես՝ ստվերի առկայությունը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարի։
«Տրամաբանության չափով պետք է լեգալիզացնենք անտառահատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով և բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ հսկողությունը մաքսիմալ հստակ և կոշտ սահմանելու համար»,- ասաց նա։
Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խնդիրներին, մասնավորապես` խցանումներին։
«Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման վերաբերյալ: Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները և տարբերվող տույժերը վերացվել են, մշակված նոր վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով` նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի մեխանիզմներ»,- ասաց վարչապետը։
Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ աշխատանքային օրերին Երևանում խցանումներ են առաջանում, որոնց պատճառները բազմազան են, սակայն պահանջում են լուծումներ:
«Մասնավորապես խնդիրներ են առաջանում ուղևորների նստելու, կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով: Ելնելով վերոգրյալից՝ հանձնարարում եմ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին երկուամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հիմքերը: Հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկանայատեղիների սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց նա։
Կարեն Կարապետյանը Տրանսպորտի նախարարին և ՀՀ ոստիկանապետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների՝ տրանսպորտ նստելու կամ իջնելու, ինչպես նաև կանգառ կատարելու սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրումների վերանայման հնարավորությունները և այս մասին ևս համապատասխան առաջարկություններ ներկայացնել գործադիրի աշխատակազմ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել