
Երկու բժշկական կենտրոն կմիավորվեն
Կառավարությունը այսօրվա նիստում չքննարկվող կարգով հատատեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշման նախագիծը, որով «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն միացման ձևով կվերակազմակերպվի՝ միանալով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ին:
ՓԲԸ-ների միանալուց հետո միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնելու են «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ին:
Կառավարություն ներկայացված նախագծում ասվում է, որ որոշման ընդունումը պայմանվորված է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացմամբ:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վերջին տարիներին, «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ի գործունեության արդյունավետության նվազում է նկատվում, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով:
Ընկերության 2016 թվականի եկամուտը կազմել է 13.515.000 դրամ, իսկ ծախսերը՝ 12.188.000 դրամ, իսկ ըստ 2017 թվականի նախահաշվի՝ եկամուտները կազմել են 13.270.000 դրամ, իսկ ծախսերը՝ 13.250.000 դրամ:
Մինչդեռ «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող գործառույթները «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ին փոխանցելու արդյունքում, նախարարության հավաստմամբ՝ առավել նպատակային կդառնան գիտական, կլինիկական ու հիգիենիկ ոլորտներում իրականացվող հետազոտությունները, իրականացվելիք հետազոտությունները կլինեն առավել թիրախային և համապարփակ, կներառվեն ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի ռեսուրսները, մասնագիտական հիվանդությունների ախտորոշումը և համապատասխան վերջնական եզրակացություն տալու գործառույթը կիրականացվեն ժամանակակից բժշկակագիտությանը համապատասխան` օգտագործելով ազգային ինստիտուտի մասնագիտական ներուժը:
Նախարարությունը նաև ակնկալում է կադրային երիտասարդացում` ի հաշիվ ազգային ինստիտուտի կադրային բազայի:
Մեկնաբանել