HY RU EN

Դիանա Ղազարյան

«Նանման» ընկերությունը կրկին արտոնություն ստացավ

«Նանման» ընկերությունը Չինաստանից Հայաստան կներմուծի ջինսե գործվածք (դենիմ)՝ ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելով:

Կառավարություն ընկերությանը նման արտոնություն տալու առաջարկ ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, և  գործադիրի այսօրվա նիստին առաջարկն ընդունվեց:

Ընկերությունը կառավարության կողմից ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն ստացել էր նաև հունվարին:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Դրա տնօրենն ու սեփականատերը Արման Կատվալյանն է:

Ինչպես ասվում է նախարարի կողմից Կառավարություն ներկայացված որոշման նախագծում, 2016 և 2017 թվականներին գործադիրի որոշումներով «Նանման» ՍՊԸ-ն, սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելով, իրականացրել է խոստացված ներդրումները և ստեղծել է նախատեսված աշխատատեղերը, ինչպես նաև զգալիորեն ավելացրել իրացման շրջանառությունը ներքին շուկայում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը և հիմք ընդունելով շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները` Կառավարությունը որոշեց այս անգամ ևս ընկերությանը տրամադրել արտոնություն:

Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 59 մլն դրամի ներդրում, արտադրանքի ծավալը հասցնել մոտ 91 մլն դրամի՝ իրացնելով ՀՀ-ում, ԵԱՏՄ և ԵՄ երկրներում։