
80 միլիոն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդում՝ 80 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բայց բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողների կրթաթոշակների տրամադրման և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ներկայացրեց Վանաձոր քաղաքի թիվ 26 հիմնական դպրոցը փակելու մասին որոշում։ Նախարարի խոսքով՝ դպրոցն ունի 30 աշակերտ, և ամենևին արդարացված չեն դպրոցի համար հատկացված ծախսերը։ Կառավարությունն առաջարկեց դպրոցը միացնել հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին։
Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչքան միջոցներ են խնայվում` դպրոցը փակելով։ Նախարարը պատասխանց՝ 19 միլիոն դրամ։ Նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը։
Մեկնաբանել