HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վկա ոստիկանը ոչինչ չէր հիշում, այդ թվում` դեպքի վայրն ու գործընկերներին

«Սարի թաղում» 2016-ի հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ հրահրելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի գործով նիստը մեկամսյա ընդմիջումից հետո այսօր շարունակվեց:

Հարցաքննվեց ոստիկանության աշխատակից, վկա Կարեն Վանյանը: Վկան նշեց, որ դեպքի օրը բարձրացել են Սարի թաղ, որտեղ բարձր ձայներ են լսել: «Նկատեցինք, որ վերևից կատաղած ամբոխ էր իջնում, ցանկանում էին ՊՊԾ գնդի մոտ իջնել, բայց չեմ կարող ասել՝ ինչու»,- հայտնեց նա:

Վկան նշեց, որ քաղաքացիների կողմից հայհոյանքներ են հնչել, քարեր են նետվել, սակայն որևէ մեկի դեմքը չի հիշում: Կարեն Վանյանն ասաց, որ քաղաքացիները հանդարտվել են զրահամեքենայի բարձրանալու պատճառով:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին՝ քաղաքացիների պահանջների մասին չի՞ լսել կամ չի՞ լսել, որ քաղաքացիները ճանապարհ բացելու, գազ ու հոսանք չունենալու մասին են բարձրաձայնել, վկան ասաց. «Ես իմ ծառայությունն եմ իրականացրել, լսել եմ ավտոբուս չլինելու մասին, բայց ֆիզիկապես էլ ավտոբուսը չէր կարող բարձրանալ այնտեղ, քանի որ փողոցի մի կողմը միտինգ էր, մյուս կողմը ոստիկաններն էին փակել»:

Նիստի ընթացքում հարցաքննվեց ոստիկանության լեյտենանտ Ազարիա Գևորգյանը, որի գրեթե բոլոր պատասխանները նույնն էին` «չեմ հիշում»: Վկան չէր հիշում` դեպքի վայրում որտեղ է եղել, չէր հիշում` իրադարձությունները որ օրերին են կատարվել, ում հետ էր իրականացրել ծառայությունը, նույնիսկ այն` այդ օրը զենք կրե՞լ է, թե՞ ոչ: Դատախազի ջանքերը՝ վկայի հիշողության մեջ ինչ-որ բան վերականգնելու համար, ապարդյուն անցան. նույնիսկ հարցաքննությունից հետո ընթերցված նախաքննական ցուցմունքը ոչինչ չփոխեց:

Նա անգամ չկարողացավ ամբաստանյալների փաստաբաններին ասել, թե որտեղ է եղել իրադարձության ժամանակ. «Կարամ ցույց տամ, գնանք ցույց կտամ, դատարանից 100 մետր վերև»:

Իսկ դատավոր Աննա Դանիբեկյանի այն հարցին՝ ինչու են ոստիկանության ուժերը ճանապարհ փակել, վկան պատասխանեց. «Սաղս էլ գիտենք` ինչի համար»: Բայց նա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի, միայն ավելացրեց, որ իմացել է՝ քաղաքացիները չպիտի իջնեն ներքև:

Այս խոսքից հետո նախագահող դատավորը վկային դիմելով հայտարարեց.

- Վկա́, տպավորություն է ստեղծվում, որ դուք ծաղրում եք դատարանին:

Հաջորդ անգամ դատավորը նախազգուշացման սանկցիա կիրառեց վկայի նկատմամբ, քանի որ վերջինս հարցերին պատասխանելիս ծիծաղում էր:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց ընթերցել նախաքննական ցուցմունքները: Թեև փաստաբաններն առարկում էին, դատարանը հրապարակեց այն: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ վկան նաև քննիչի մոտ տված ցուցմունքները չի հիշում. «Կասկածներ առաջացան, որ վկայի հիշողության հետ խնդիրներ կան, վկան չի կարողացել ճիշտ ընկալել և վերարտադրել տեսածը»:

Ի տարբերություն վկայի տված դատաքննական ցուցմունքի՝ նախաքննական ցուցմունքները հստակ շարադրված էին, մանրամասն նկարագրվում էին դեպքերը: Վկան նույնիսկ նկարագրել էր իրադարձության մասնակիցների հագուստների գույները: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդությամբ հանդես եկավ` վկային դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու մասին. «Դուք բոլորդ պատկերացնում եք, որ վկան այս ամենը գրե՞լ է»,- հայտարարեց փաստաբան Սիմոնյանը և նշեց, որ հարցը հռետորական է:

Ապա փաստաբան Սիմոնյանը հավելեց, որ  խոսքը շարքային քաղաքացու մասին չէ, այլ ոստիկանության լեյտենանտի, որը ծառայության ընթացքում կատարված իրադարձությունների մասին ոչինչ չի հիշում. «Հագուստի գույները ասում է` մոտավոր եմ նշել, մոտավոր սև գույնը ո՞րն է, չգիտի` իր նախաքննական ցուցմունքները կարդացե՞լ է, թե ոչ, չի հիշում` զենք ունեցե՞լ է, թե՞ ոչ»,- հավելեց Սիմոնյանը:

Դատավորը որոշեց, որ դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը կքննվի վկաների հարցաքննություններից հետո: Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Աբսուրդի թատրոն: Ընդանում է մի դատավարություն, որի տակից դուրս գալու ելք մեր արդարադատությունը չի գտնում՝ մեղքի ապացույցներ չկան, գործը կարճելու հրահանգ էլ չեն իջեցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter