
Հայաստանում կփորձարկեն ռուսական էլեկտրական ավտոբուսները
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ներկայացնելով ընկերության գործունեությունը և արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև էլեկտրական շարժիչով ավտոբուս' ընկերության գնումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։
Նա նախարարին ներկայացրել է ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է, մեկ լիցքավորումը տևում է մոտ 4 ժամ, ունի մինչև 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման և տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է և՛ տաք, և՛ սառը կլիմայական պայմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրական ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել