HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հանձնաժողովի նախագահը ապացուցեց, որ «Աշտարակ կաթի» տնօրենը ստում է

Դեկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն, անդրադառնալով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի վերջին բացահայտումներին, փորձել էր լրագրողներին և հանրությանը հավատացնել, թե իր ղեկավարած ընկերության արտադրած թթվասերում կոկոսի կամ այլ բուսական յուղ չի օգտագործվել, իրենց արտադրանքի փաթեթների և տարաների պարունակությունն էլ համապատասխանել է մակնշմանը:

Երեկ նշված հանձնաժողովում հրավիրված մամուլի ասուլիսում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անհերքելի փաստերով ապացուցեց, որ ընկերության տնօրենը ստում է ու փորձում հանրությանը մոլորության մեջ գցել: Բացի այն բանից, որ տվյալ ընկերության թթվասերի, մածնի և քամած մածնի մեջ կոկոսի յուղը լաբորատոր եղանակով է հայտնաբերվել, կա նաև փաստաթղթային անհերքելի ապացույց` ստորագրված ու կնքված ընկերության տնօրինության կողմից, որ նշված սննդամթերքներում իսկապես կոկոսի յուղ է օգտագործված: Բացի դրանից, ընկերության փաստաթուղթը, ինչպես նաև լաբորատորիայի եզրակացությունը վկայում են, որ ընկերության արտադրած պաստերացված և ստերիլիզացված կաթում օգտագործված է կաթի փոշի, ինչի մասին, օրենսդրության խախտմամբ, կաթի մակնշման մեջ չի նշվել:

- 2011 թվականը բավական արդյունավետ տարի է եղել մեր հանձնաժողովի համար` մեր հանձնաժողովի աշխատանքային գործունեության տեսանկյունից,- ամփոփելով անցնող տարին` ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը:- Տարվա ընթացքում մեր հանձնաժողովը բացահայտել է բազմաթիվ խնդիրներ և չարաշահումների դեպքում չարաշահողներին ենթարկել է պատասխանատվության:

Ընդգծենք, որ հանձնաժողովի նախագահի վերոնշյալ հավաստումը սոսկ մասամբ է համապատասխանում իրականությանը, ինչն ապացուցող համապատասխան փաստերն արդեն հրապարակել ենք:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները` հանձնաժողովի նախագահը ասաց, որ 2011 թ. ընթացքում իր ղեկավարած մարմինը կայացրել է պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ 198 որոշում:

Համեմատության համար տեղեկացնենք, որ 2010 թ. կայացվել է այդպիսի 106 որոշում: Եթե 2010 թ. ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 36,5 մլն դրամ, ապա 2011 թ.` 375 մլն դրամ: Սակայն այստեղ պետք է նշել մի շատ կարևոր հանգամանքի մասին. այս տարվա ամռանից, երբ ուժի մեջ մտան «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և լրացումները, հանձնաժողովը հնարավորություն ստացավ անհամեմատ մեծ չափի տուգանքներ կիրառել, այնպես որ նշանակված տուգանքների գումարի մոտ տասնապատիկ աճը նաև դրանով է բացատրվում:

Պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումների քանակի աճն էլ դեռ չի նշանակում, թե 2010 թ. 106 տնտեսավարողի տուգանելու դիմաց հանձնաժողովն այս տարի 198-ին է տուգանել: Խնդիրն այն է, որ պատասխանատվության միջոց սահմանող որոշումները տուգանքի որոշումներից բացի կարող են լինել նաև տնտեսավարողին ընդամենը նախազգուշացնող որոշումներ, հետևաբար բացառված չէ, որ այս տարի նույնիսկ ավելի քիչ տուգանքներ կիրառված լինեն, քան անցյալ տարի մինչև աշխատանքի օրվա ավարտը (հանձնաժողովից չհաջողվեց ճշտել համապատասխան տեղեկությունը):

- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտում առկա խնդիրները, որովհետև մեր ուսումնասիրությունները, մեր աշխատանքային փորձը ցույց են տալիս, որ շատ խնդիրներ, որ մենք բացահայտում ենք, հետևանք են, և այդ խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում,- ասաց հանձնաժողովի նախագահը:- Այս առումով արդյունավետ մրցակցություն ապահովելու նպատակով շատ անհրաժեշտ է այլ պետական մարմինների հետ սերտ և ակտիվ համագործակցությունը:

Թեև Ա. Շաբոյանն այդ պետական մարմինների անունները չհայտնեց, սակայն, կարծում ենք, դժվար չէ եզրակացնել, որ խոսքը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (մաքսային և հարկային ծառայությունների), գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, թերևս նաև ոստիկանության մասին է:

Պատասխանելով որոշ տնտեսավարողների կողմից թույլ տրված և հանձնաժողովի հայտնաբերած փաստաթղթային կեղծիքներին, հանձնաժողովի նախագահը հավաստեց, որ ձվի շուկայում հայտնաբերված փաստաթղթային կեղծիքների վերաբերյալ նյութերն արդեն ուղարկել են գլխավոր դատախազություն, իսկ իբրև կարագ իրացված սփրեդի հետ կապված փաստաթղթային կեղծիքների վերաբերյալ նյութերը կուղարկեն առաջիկայում:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter