
Տնտեսության աճի տեմպը դանդաղել է
2016 թվականի տարեկեսից սկսած` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը դանդաղեց։ Իսկ ՀՆԱ-ն վերջին երկու եռամսյակներում անկում ապրեց։ Եվ այս ֆոնին թվում էր, թե այս տարի հուլիսից հետո տնտեսական ակտիվությունը պետք է աճեր ավելի բարձր տեմպերով՝ ի համեմատ նախորդ տարվա ցածր բազայի։
Սակայն վերջին տվյալները վկայում են, որ ՏԱՑ-ի աճի տեմպը դանդաղել է։ Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՏԱՑ-ը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 5.1%-ով։ Իսկ միայն սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճը կազմել է 2.5%։ Այս տվյալներն օրեր առաջ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ):
Ինֆոգրաֆիկաներում երևում է, թե ինչպես է տնտեսական ակտիվության աճը հուլիսից հետո թուլացել։ Մասնավորապես, եթե համեմատում ենք այս տարվա ամիսները 2016թ.-ի նույն ամսվա հետ (տե՛ս առաջին ինֆոգրաֆիկան), ապա դանդաղումն ակնհայտ է օգոստոսից սկսած։ Իսկ եթե վերցնում ենք աճողական ցուցանիշը (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան)՝ տարեսկբից մինչև տվյալ ամիսը, ապա դանդաղումն ավելի տեսանելի է հունվար-օգոստոս ամիսներից։
Ըստ ԱՎԾ տվյալների
Հիշեցնենք, որ բյուջեով սահմանված է այս տարի ապահովել 3.2% տնտեսական աճ։ Սակայն կառավարությունը հետագայում վերանայեց այս ցուցանիշը և դարձրեց 4.3%: Հաշվի առնելով ՏԱՑ-ի աճի ներկայիս ցուցանիշը, որը տնտեսական աճը չէ, բայց միշտ մոտ է լինում դրան` կարելի է սպասել, որ տարեկան կտրվածքով 4.3%-ն ապահովված կլինի։
Գյուղատնտեսության ծավալները չեն վերականգնվում
Ինչպես տարվա մյուս ամիսներին, սեպտեմբերին ևս տնտեսական ակտիվությունը զսպող հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է։ Ընդ որում ՝ այստեղ անկումն ակնհայտ խորացել է օգոստոսից, ինչը նշանակում է, որ ՏԱՑ-ի աճի տեմպի թուլացումը մեծ մասամբ պայմանավորված է այս ոլորտով։
Օրինակ, եթե մինչև օգոստոսը գյուղատնտեսության ոլորտում անկումը չի գերազանցել 4.3%-ը, իսկ մի քանի ամիսների աճ է գրանցվել՝ մինչև 3.4%, ապա օգոստոսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, 2017թ.-ի նույն ամսվա համեմատ, նվազել է 25%-ով, իսկ սեպտեմբերին՝ 11.6%-ով։
Ընդհանուր առմամբ, հունվար-օգոստոս ամիսներին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 582.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` նվազել է 9.9%-ով։
Աճը սահմանափակող մյուս ոլորտը շինարարությունն է։ Տարվա 9 ամիսներին ծավալը կազմել է 220.3 մլրդ դրամ, անկումը՝ 6.4%: Սակայն նաև պետք է նկատել, որ այս տարվա ընթացքում առաջին անգամ ամսական համեմատությամբ այս ոլորտում աճ կա։ Մասնավորապես, սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շինարարության ծավալներն ավելացել են 1.3%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.185 տրլն դրամ, աճը՝ 11.9%: Ծառայությունների ծավալը՝ 1.041 տրլն դրամ, աճը՝ 12.8%: Իսկ առևտրաշրջանառությունը երկրում կազմել է 1.791 տրլն դրամ, աճը՝ 12.5%:
Ըստ ԱՎԾ տվյալների
Ներմուծումը շարունակում է գերազանցել արտահանմանը
Տնտեսության մյուս կարևոր բաղադրիչը արտաքին առևտուրն է, որտեղ ևս աճ կա։ Սակայն ներմուծումը թե՛ ծավալներով, թե՛ աճի տեմպերով գերազանցում է արտահանմանը, ինչը գնալով մեծացնում է արտաքին առևտրում Հայաստանի բացասական հաշվեկշիռը։ Մինչդեռ կառավարության գլխավոր խոստումներից մեկն այն է, որ եկող տարիներին արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը։
Վերջին տվյալներով` հունվար-սեպտեմբեր ամիսների ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է 1.546 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն 19.1%-ով աճել է։
Ներմուծումը նույն ընթացքում աճել է 23.2%-ով՝ կազմելով 2.82 մլրդ ԱՄՆ դոլար։
Հատկապես արտաքին առևտրի այս երկնիշ աճերը կառավարության անդամները հաճախ են շեշտադրում։ Տնտեսական բլոկի պատասխանատուները, ամփոփելով մեկ տարվա աշխատանքները, այս և այլ ցուցանիշներ ներկայացնում են որպես իրենց արդյունավետ աշխատանքի արդյունք։ Վերջերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ասուլիսի ժամանակ բավականին երկար ներկայացվեցին այն քայլերը, որոնք ուղղվել են արտահանման մեծացմանը, շուկաների ընդլայնմանը։ Սակայն փաստ է, որ ծավալների աճին զուգահեռ արտահանման կենտրոնացվածությունն ավելի է խորանում՝ այն աճում է սահմանափակ ապրանքների ու երկրների հաշվին։
Մեկնաբանել