
Վթարի հետևանքով մահացել է զինծառայող Գևորգ Սամվելի Խանամիրյանը
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գ.Խանամիրյանը մահացավ:
Տ.Սարգսյանն ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածքով՝ տեղաշարժով:
Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:
Մեկնաբանել