HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կստանձնի ՄԱԿ-ի հատուկ կոմիտեի նախագահությունը

Երեկ ՄԱԿ-ի Արեւելաեվրոպական խումբը հաստատել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի թեկնածությունը` ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեն 2012թ. ընթացքում նախագահելու համար:

Հատուկ կոմիտեն կոչված է քննարկելու կառավարություններից ստացված առաջարկությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման համար կարողությունների ու արդյունավետության բարելավմանը:

Հայաստանին վստահված այս մարմնի իրավասության ներքո են այն հարցերի քննարկումները, որոնք վերաբերում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման եւ ապահովման հարցերի շուրջ ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների դերակատարությանը, Կանոնադրության VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդյունքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների կիրառմանը, պետությունների միջեւ վեճերի խաղաղ կարգավորմանը եւ այլն:

Անցյալում, Հատուկ կոմիտեի աշխատանքի արդյունքում բանակցվել են այնպիսի կարեւորագույն փաստաթղթեր, որոնցից են օրինակ ԳԱ-ի կողմից ընդունված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման, Վեճերի եւ իրավիճակների կանխարգելման ու վերացման, ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային կառույցների միջեւ համագործակցության հռչակագրերը, որոնցում մեծապես կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվերապահ իրականացումը, վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու, ուժի կիրառման անթույլատրելիությունն ու բացառումը եւ այս առթիվ տարածաշրջանային կազմակերպությունների գործունեության անհրաժեշտությունը:  

Ի տարբերություն ՄԱԿ-ի մյուս մարմինների, ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեն իր որոշումներն ընդունում է համընդհանուր համաձայնությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter