
Պոստերների առաջին լայնածավալ ցուցահանդես Հայաստանում՝ «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» վերտառությամբ
Երանուհի Սողոյան
Սոցիալական խնդիրները վեր հանող ազդեցիկ եւ հավանաբար լավագույն միջոցներից մեկը պոստերներն են: Երազողների, ճնշվածների եւ փոփոխություններ տեսնելու ցանկություն ունեցողների համար այն բարձրախոսի դեր է կատարում՝ նպատակ ունենալով ներկայացնել հասարակությունների պայքարը հանուն խաղաղության, սոցիալական արդարության եւ քաղաքական ռեֆորմների: Սոցիալական փոփոխությունը խթանող արվեստի այս տեսակը թույլ է տալիս արվեստագետին արտահայտելու ժամանակի ոգին եւ հասարակության պահանջը՝ բարձրացնելով խնդրի շուրջ իրազեկությունը:
«Իմփաքթ Հաբ» Երեւանի եւ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՀԲԸՄ ցուցահանդեսային սրահում հոկտեմբերի 20-ին բացված «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պոստերների ցուցահանդեսի նպատակն է աջակցել արվեստագետներին` վեր հանելու Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս առկա կոռուպցիայի ծանր հետեւանքները արվեստի եւ մշակույթի միջոցով:
Ըստ ցուցահանդեսի կուրատոր եւ մասնակից Սամվել Սաղաթելյանի` պոստերային արվեստը նմանատիպ խնդիրներ ներկայացնելու ազդեցիկ ձեւերից մեկն է: Սովետական շրջանում ցուցապաստառները, որպես քարոզի միջոց, շատ տարածված էին ու մշտապես կիրառվում էին՝ տեսողական պատկերների միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու նպատակով:
Անկախության 25 տարիների ընթացքում, Սամվել Սաղաթելյանի հիշելով, պոստեր-արտի նման լայնածավալ ցուցահանդես երբեւէ չի կազմակերպվել: Սա առաջինն է ձեւի եւ թեմայի առումով: Ցուցահանդեսի կազմակերպման նպատակով 3-4 ամիս առաջ հայտարարվել էր մրցույթ:
Աշխարհի տարբեր քաղաքներում (Երեւան, Գյումրի, Նյու Յորք, Բելգիա, Սան Սալվադոր եւ այլն) ստեղծագործող արվեստագետներից հայտարարված մրցույթին ներկայացված հայտերից վերջնարդյունքում ընտրվել էր 35 արվեստագետի 64 աշխատանք: Որպես լավագույն աշխատանքների հեղինակ՝ 4 ստեղծագործող ցուցահանդեսի բացման օրն արժանացավ մրցանակի:
Սամվել Սաղաթելյան
«Մրցույթի սկզբունքն այնպիսին էր, որ սահմանափակում չէր դնում պրոֆեսիոնալ ստեղծագործողի եւ ոչ պրոֆեսիոնալի միջեւ: Մենք հնարավորություն էինք տվել նաեւ, որ ցանկության դեպքում թիմեր ձեւավորվեն, եթե իհարկե կար հետաքրքիր գաղափար: Այդպես մենք ունեցանք նաեւ թիմային աշխատանք, որտեղ պրոֆեսիոնալ նկարիչ-դիզայները իրականցրել էր ոչ պրոֆեսիոնալների գաղափարը,- ասում է Սամվել Սաղաթելյանը,- շատ հետաքրքիր աշխատանք էր ներկայացրել մեր14-ամյա աղջիկ մասնակիցը: Մենք չկարողացանք մերժել նրա հայտը միայն այն բանի համար, որ պրոֆեսիոնալ չէր՝ հաշվի ենք առել պոստերի մեսիջը, իսկ աշխատանքում շատ լավ մեսիջ կար՝ կոռուպցիան խլում է մեր երազանքները: Նաեւ ունեինք մի մասնակից, որ հաշմանդամ էր ձեռքերից եւ ոտքի ու համակարգչի մկնիկի օգնությամբ էր աշխատանքը կատարել»:
Թենի Ադամյան
Պարսկահայ 38-ամյա Թենի Ադամյանի երեք պոստերներից «Մի կերակրեք կոռուպցիային» պոստերը լավագույն աշխատանքի ու ինքնատիպ մեսիջի համար արժանացել էր մրցանակի: «Ես կոռուպցիան ներկայացրել եմ մի մարդու միջոցով, ով սիրում է լավ ուտել ազգի ամենասիրած ուտեստը՝ մսի խորոված ճարպի շերտերով: Գլխարկները փոխարինում են մսին՝ ներկայացնելով Հայաստանի կոռումպացված հատվածները, իսկ թղթադրամները փոխարինում են ճարպին,- բացատրում է Թենի Ադամյանը,- ցույց եմ տվել ընտրության հնարավորությունը պոստերներիս միջոցով՝ նշելով, որ ճիշտ ընտրություն կատարելով` կարող ենք ձեռք բերել լիարժեք ազատություն»:
Թենի Ադամյանը մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ եւ արտիստ է: 2003թ-ին ուսման նպատակով տեղափոխվել է Երեւան: Ազատ ստեղծագործող է: Լավագույն աշխատանքի համար ստացած 300 եվրո մրցանակը որոշել է ծախսել շրջագայության վրա: «Այս ձմեռ ես և ամուսինս որոշել ենք չմնալ Հայաստանում, որովհետեւ անցած տարի մի քիչ դժվար եղավ մեզ համար,- Թենին ծիծաղում է,- ուզում ենք գնալ արեւելք՝ Թայլանդ, Կամբոջա հեծանվային ճամփորդության: Գումարը այդ նպատակին եմ հատկացնելու»:
Սարգիս Հովհաննիսյան
Գյումրեցի արտիստ, գրաֆիկ-դիզայներ, 33-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ցուցահանդեսին ներկայացրած 4 աշխատանքները համագործակցության արդյունք են ոչ պրոֆեսիոնալների հետ: «Գաղափարի փնտրտուքների մեջ էի, երբ ինձ գրեց լրագրող Զարուհի Մեջլումյանը՝ ինքը դիզայներ էր փնտրում: Խոսեցինք, նա ինձ ուղարկեց Մհեր Ենոքյանի մասին իր գրած հոդվածները ու դա ինձ հետաքրքրեց: Ես շատ քիչ էի ինֆորմացված բանտային թեմաներից, քիչ եմ կարդացել, բայց հետաքրքրեց ու սկսեցի ուսումնասիրել Զարուհու ուղարկած հոդվածները: Այդպես ծնվեցին պոստերները՝ քիչ միջոցներով շատ ասելիք տարբերակով: Երեք պոստեր արվել է Զարուհու առաջարկած գաղափարների հիման վրա, մեկ գաղափար էլ առաջարկել է 22-րդ տարին բանտում գտնվող, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը»,- կատարած աշխատանքներն է ներկայացնում գրաֆիկ-դիզայներ Սարգիս Հովհաննիսյանն, ով պոստերների պատրաստման 10 տարվա փորձ ունի եւ առաջին անգամ չէ, որ մասնակցում է ցուցահանդեսների:
«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պոստերների ցուցահանդեսը Երեւանի սահմաններով չի սահմանափակվի: Սպասվում է ցուցադրություն նաեւ Գյումրիում եւ մարզային այլ քաղաքներում:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել