
Նախաքննական մարմինը տվյալներ է ձեռք բերել, որ թմրամիջոցները տեղափոխել է անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը
Այս տարվա օգոստոսի 15-ին քրեական գործ էր հարուցվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք 0.44 գրամ «Հաշիշի յուղ» և 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ (իրացնելու նպատակով):
Նախաքննության ընթացքում փաստական որոշ տվյալներ է ձեռք բերվել այն մասին, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի կողմից: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև ելնելով քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ գլխավոր դատախազի կողմից քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցվել է վերոնշյալ քրեական գործը և հանձնվել հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել