
Միջազգային ցուցահանդեսից հետո ոսկերչական ապրանքների արտահանման պատվերները գերազանցել են 1 միլիարդ դրամը
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը։
Արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։ Պայմանագրի կնքմամբ, ինչպես եզրակացնում է հիմնադրամը, սկերչական ցուցահանդեսի արդյունքում ստացված պատվերների ծավալը գերազանցել է 1 միլիարդ դրամը։ «Միայն ցուցահանդեսի օրերին ստորագրվել էին ավելի քան 580 միլիոն դրամի հայկական ոսկերչական իրերի ու զարդերի արտահանման գործարքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Համոզված եմ, հարգորոշման կարգի միասնականացման արդյունքում Ռուսաստանից և ԵԱՏՄ երկրներից հայաստանյան ոսկերչական արտադրանքի պատվերներն էականորեն կմեծանան»,- նշել է ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը համակարգող Վահե Սաֆարյանը։
Այս պահին դեպի Ռուսաստան և Ղազախստան ևս 24 միլիոն դրամի ոսկերչական ապրանքների արտահանման բանակցություններ են ընթանում։
Մեկնաբանել