
Բաց նամակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատող հասարակական կազմակերպությունները դեռևս 2009 և 2013 թվականներին ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ են ներկայացրել ՀՀ Կառավարությանը, սակայն այդ կապակցությամբ որևէ գործողություն չիրականացվեց:
Նշված ժամանակաշրջանում 44 սպանություն տեղի ունեցավ, և ամուսնինների կամ սկեսուրների կողմից բռնության ենթարկվող հազարավոր կանայք բռնությունից փախչելու փորձ կատարեցին: Շատ երեխաներ տուժեցին թե՛ ֆիզիկական, թե՛ սեռական բռնության պատճառով, որոշ ծնողներ նույնիսկ լքեցին իրենց երեխաներին:
Այժմ, երկար ժամանակ այս ահռելի սոցիալական խնդիրը մերժելուց, դրա հանդեպ անտարբերություն դրսևորելուց հետո, մենք վերջապես ունենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ: Նախագիծը անթերի չէ. քրեական օրենսգրքում կան շատ բացեր, որոնք չեն անդրադառնում ընտանեկան բռնության առանձնահատկություններին: Սակայն մենք ուրախ ենք, որ առնվազն առաջին քայլերն արված են պետական մակարդակով խնդրին արձագանքելու համար:
Մենք ողջունում ենք այն փաստը, որ նախարարությունը ցանկանում է ավելի թափանցիկ դարձնել այս գործընթացն ու հնարավորություն է ընձեռել քաղաքացիական հասարակությանը մեկնաբանելու օրենքը: Այնուամենայնիվ մենք չենք հասկանում, թե ինչու նման բարդ խնդրի քննարկմանը մասնակից են դարձվել անհատներ, որքեր չեն աշխատում ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ, ովքեր առհասարակ չեն ընկալում խնդիրն ու ծանոթ չեն ընտանեկան բռնության ոլորտում իրականացված մեծածավալ հետազոտություններին ու տվյալներին: Ընդհանուր առմամբ ընտանեկան բռնության խնդիրը չի քննարկվել :
Նույնիսկ ընտանեկան բռնության ենթրակված անձինք չեն գիտակցում, որ տառապում են իրենց հասցված տրավմայից առաջացած հետևանքների պատճառով: Նույնիսկ ընտանեկան բռնության արձագանքման կայացած օրենսդրական դաշտ ու մեխանիզմներ ունեցող զարգացած պետությունների քաղաքացիները չեն հասկանում հոգեբանական ու տնտեսական բռնության էությունը: Սրանք դաշտում աշխատող մասնագետների համար միայն հասկանալի եզրույթներ են: Ինչպես հոգեբանները ունեն որոշակի իրողությունների համար տերմինաբանություն, որ սովորական քաղաքացիները չեն հասկանում, այնպես էլ ընտանեկան բռնության ոլորտում կա նման երևույթ:
Պարոն նախարար, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քննարկումները տեղ տվեցին ապատեղեկատվության տարածմանը, ընդդիմադիրները հնչեցրին իրենց անտեղյակությունը, նախապաշարմունքները և առհասարակ երևակայության առկայծումները թե՛ ընտանեկան բռնության և թե՛բռնության ենթարկված անձանց մասին: Ազնվորեն, երբ Սփյուռքի իմ ընկերները դիտում են քննարկումներն ու կարդում են ԶԼՄ-ների հրապարակած հոդվածները, մենք ամոթի ու ծիծաղի առարկա ենք դառնում:
Պնդում ենք, որ անհրաժեշտ է նախագծի շուրջ լուրջ քննարկումներ կազմակերպել մասնագետների մասնակցությամբ, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորները և կառավարության այլ անդամները օրենքին կողմ կամ դեմ քվեարկելիս իրապես հասկանան այս նախագծի բուն էությունը: Հենց Ձեր նախարարության աշխատակիցները մասնակցեցին դասընթացների, ուսումնասիրեցին խդիրը, հետազոտեցին այն: Համանման նախապատրաստական միջոցառումներ են անհրաժեշտ կատարել քվեարկողների համար ևս: Ազգային ժողովի պատգամավորների հնչեցրած տեսակետները զավեշտալի են, սակայն իրենց չենք կարող մեղադրել. նրանք այդքանով են տեղյակ:
Մենք, ընտանեկան բռնության ոլորտում տարիներով աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, ուրախ կլինենք աջակցելու խնդրի շուրջ կառավարության աշխատողներին ու ազգային ժողովի պատգամավորներին վերապատրաստելու հարցում: Մենք հորդորում ենք, որ քննարկումները կազմակերպվեն մասնագետների մակարդակով, որովհետև նախագիծը ստեղծել են մասնագետներ, իսկ խնդրին ծանոթ մասնագետները մեկնաբանել են այն:
Կանխավ շնորհակալություն,
Մարո Մաթոսյան
«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն
Մեկնաբանել