
Ով է նշանակելու ԳՇ պետին․ «Պաշտպանության մասին» օրենքի քննարկում ԱԺ լիագումար նիստում
ԱԺ լիագումար նիստում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Տեղեկացնենք, որ նախագիծը քննարկվում էր կիսադատարկ դահլիճում, այն դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովի՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, սակայն քննարկմանը հանձնաժողովի 11 անդամներից մի քանիսն էին ներկա։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանին, իր մտահոգությունը հայտնեց նախագծի վերաբերյալ․
«Ասում եք ԶՈՒ անմիջական ղեկավարը գլխավոր շտաբն է, օրենքում առանձին գլուխ ունենք շտաբի մասին, բայց չունենք հիմնական նկարագրություն, թե ինչ է գլխավոր շտաբը։ Եթե օրենքի տրամաբանությամբ նայենք, ոչ թե գլխավոր շտաբ ունենք, այլ շտաբի պետ և աշխատակազմ։ Իմ պատկերացմամբ շտաբը ԶՈՒ-ի ուղեղային կենտրոնը պետք է լինի, իսկ մենք չենք գրում, թե շտաբի պետը տեղակալներ ունի, թե չէ»,-ասաց Փաշինյանը։
Պատգամավորը նաև հավելեց, որ կոնկրետ լծակներով պետք է ապահովել ԶՈՒ-ի չեզոքությունը ներքաղաքական հարցերում։
Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ ԶՈՒ-ի չեզոքության մասին օրենքում համապատասխան հոդված կա։
«Ինչ վերաբերում է գլխավոր շտաբին, գործառույթները թվարկված են օրենքում, կառուցվածքը երբեք օրենքով չի սահմանվել, Կառավարության կողմից են հաստատվում կանոնադրությունները նախարարությունների, նաև գլխավոր շտաբի, որտեղ ֆիքսվում է կառուցվածքը»,- ասաց նախարարը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ նախկինում ևս օրենքով ամրագրված է եղել ԶՈՒ-ի՝ քաղաքական պրոցեսներում չեզոքության մասին, բայց ներգրավում, միևնույն է, եղել է։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ Պաշտպանության հանձնաժողովում առաջարկ կար վերանայել Կառավարության լիազորությունները ռազմական դրություն հայտարարելու մասին՝ հետաքրքրվելով, թե վերջնական որոշում արդյոք կայացվե՞լ է։
«Դուք ասացիք, որ մասնագետների հետ կխորհրդակցեք և կասեք, ի՞նչ եզրակացության եկաք»,-հարցրեց պատգամավորը:
Նշենք, որ ըստ նախագծի 9-րդ հոդվածի՝ պատերազմ հայտարարվելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար երկրի վարչապետն է ընդունում քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Նախարարը տեղեկացրեց՝ խորհրդակցել են համապատասխան մասնագետների հետ, և որոշ առաջարկներ արդեն ներկայացվել է փաթեթում: Սարգսյանն ասաց, որ մինչև երկրորդ ընթերցում կքննարկեն հարցը, ուստի հանձնաժողովում քննարկման հնարավորություն կլինի:
Պատգամավորը հարցրեց, թե Կառավարությանը նման լիազորություն տալը որքանո՞վ է տեղին, ըստ նախարարի։ Վերջինս պատասխանեց, թե որևէ բան Սահմանադրությունից դուրս չեն գրել:
«Ուղղակի խոսքը նրա մասին էր, թե կարգավորումն ա՞յս օրենքում ընդգրկվի, թե՞ ռազմական դրության մասին օրենքում: Մենք եկանք այն եզրակացության, որ որոշ լրացումներ այստեղ ներառվեն, մնացած մանրամասները` մյուսում»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանն ընդգծեց կարևոր դրույթները․
«Առաջինը ժողովրդավարական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ և այս համատեքստում նաև քաղաքացիական վերահսկողությունը: Այս հարցերն ուղղակիորեն ամրագրված են նախագծում, և մենք այդ իրացման տեսակետից դեռևս անելիքներ ունենք»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ԶՈւ-ն պետք է ունենա հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետ կառավարման բարձր մակարդակ:
«Այստեղ նկատի ունեմ ինչպես քաղաքացիական վերահսկողություն՝ ԶԼՄ-ներ և այլն, այնպես էլ խորհրդարանական վերահսկողություն ՊՆ ոլորտում, որտեղ առաջին անգամ ամրագրվում է այս օրենքի նախագծում»,- ասաց նա:
Կորյուն Նահապետյանի վստահեցմամբ՝ ԱԺ-ն իրականացնելու է համապատասխան վերահսկողություն ՊՆ ոլորտում:
«2018թ-ի ապրիլից, նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումից ի վեր ԱԺ-ն իրականացնելու է նաև քննիչ հանձնաժողովի դերը՝ պատգամավորների 1/3-ի պահանջով և հրատապ հարցերի պահանջով, այո մենք որպես խորհրդարանական նախևառաջ պատասխանատվություն ունենք։ Պետք է այստեղ շեշտադրել գիտակցված պատասխանատվության մասին: Շատերը մտածում են գործադիրի նկատմամբ լիազորություն է խորհրդարանը ստանում, բայց սա նախևառաջ պատասխանատվություն է»,- նկատեց Նահապետյանը։
Նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին հարցադրմամբ դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ օրենքով հստակ սահմանված չէ, թե ով է նշանակում ԳՇ պետին․
«Ասվում է, որ ԳՇ պետը նշանակվում է այսքան տարի ժամկետով, կա ընդհանուր ձևակերպում, որ վարչապետը նախագահին առաջարկներ է ներկայացնում բարձրագույն սպայական կազմի նշանակումների վերաբերյալ, հիմա մեզ համար ԳՇ պետը առանձնահատուկ նշանակության ունեցող պաշտոնյա՞ է, թե՞ հերթական պաշտոնյան»,- հարցրեց Փաշինյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այն փիլիսոփայությունը, որը դրված է ԳՇ գործունեության հիմքում, սխալ է․
«Շտաբի պետի և տեղակալների հասցեին անընդհատ հնչել են կոռուպցիայի մեղադրանքներ, ես չեմ կարծում, որ այստեղ անձի խնդիր է, պարզապես ինստիտուցիոնալ հարաբերությունների պակաս ունենք։ Չի կարող լինել էսպես, որ ԶՈՒ ԳՇ ձևավորման հարցը վարչապետ-ՊՆ «մեժդուսաբոյ» խնդիր լինի»,- ասաց Փաշինյանը։
Կորյուն Նահապետյանն արձագանքեց՝ լավ կլիներ, որ պատգամավորի ձևակերպումները առաջարկության տեսքով ներկայացված լինեին։
«ԳՇ պետի նշանակման հարցը սահմանադրությամբ տրված է․ վարչապետի առաջարկությամբ նախագահի կողմից նշանակվում է»,- ասաց Նահապետյանը։
Նախագծի քննարկումն ավարտվեց։
Մեկնաբանել