
Գյուլագարակի խմբում ընդգրկվող գյուղերի բնակիչները խոշորացման հետ մեծ հույսեր չեն կապում
Գայանե Սարգսյան
Գարգառի ճանապարհին հանդիպեցինք Մովսիսյան ամուսիններին: Փայտե նստարանին նստած ամուսինների դիմաց մի քանի թասով միրգ էր դրված:
«84 տարեկան մարդ եմ, նստել եմ, որ մի երկու հատ քոլի տանձ ծախեմ, որ պապիրոս առնեմ: Բա սա կյա՞նք ա, սա ապրի՞լ ա, վաիլլաջի յոլա ենք գնում»,- մեզ տեսնելով՝ դժգոհում է Արշալույս պապը:
«Սաղ կյանքս աշխատել եմ, 30.000 դրամ թոշակ եմ ստանում: Կարա՞մ ես դրանով ապրեմ: Չեմ կարա, չէ՞»,- ավելացնում է կինը՝ Ասյան:
Համայնքների խոշորացման մասին գյուղում լսել են: Դրա հետ, սակայն, առանձնապես հույսեր չեն կապում:
«Ջուրն իրա ճամփովը գնալ տի, ամեքս մեր քրտինքով յոլա ենք գնալու: Ես չեմ հավատում, որովհետև շատ-շատ բաներ են ասում, բայց ոչ մի բան չեն անում,- ասում է Ասյա տատն ու հիշում նախորդ ընտրությունները,- հենց ընտրություններն ա գալիս, յախեներուս կտրըմ են՝ էս տենք անի, էն տենք անի, բայց ոչ մի բան չենք տենում»:
Սա ասելով հանդերձ` ամուսինները Գարգառի գործող գյուղապետի մասին ասում են՝ լավն ա, ինչ ուժը պատում ա, անում ա: Արված գործերի շարքից տարեց ամուսիններն առանձնացնում են սոցիալական օգնության հատկացումը:
«Որ ուժներս չի պատում, գյուղապետը օգնություն ա, իրա ֆոնդից մի 10.000 դրամ դուրս ա գրում, մի 5.000 էլ մենք ենք դնում, հանում ա հողի հարկի պարտքից»:
Գարգառով անցնող ճանապարհի ողջ երկայնքով տեղադրված սեղան-աթոռների վրա վաճառքի են դրված գյուղացիների ստացած բերք ու բարիքը: Շատ գարգառեցիների համար սա եկամտի միակ աղբյուրն է: Գյուղացիները, սակայն դժգոհ են այս տարվա բերքից էլ, վաճառքի տեմպերից էլ:
«Սաղ օրը նստըմ եմ ճամփին, մտիկ անըմ սրա նրա ջեբին, թե երբ են մի բան առնելու,- ասում է վաճառող կանանցից մեկը՝ չցանկանալով ներկայանալ ու հավելում,- ի՞նչը տի փոխվիլ խոշորանալուց հետո: Ոչ մի բան»:
«Մինչև հիմի ասում էին սրան ընտրեք լավ կլնի, նրան ընտրեք, լավ կլնի: Ի՞նչ ենք տեսել»,- ավելացնում է նրան կից, վաճառքով զբաղվող համագյուղացին:
Գյուղացիները դժգոհում են՝ օրեր առաջ գրանցված ուժեղ քամու հետևանքով ծառերի ողջ բերքը հայտնվել է գետնին` դառնալով վաճառքի համար ոչ պիտանի: Որևէ փոխհատուցում, սակայն, չեն ստացել:
Գյուլագարակից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Աշոտ Հարությունյանը համագյուղացիներին բացատրում է խոշորացման դրական կողմերը: «Խոշորացումը լավ ա նրանով, որ ներդրումները յուրաքանչյուր համայնքում ավելի հեշտ կլինեն»,- ասում է ավագանու թեկնածուն, հավելելով՝ գյուղում շատ քչերն են հավատում, որ լավ է լինելու:
Վերջինս հույս ունի, որ խոշորացումից հետո կլուծվի Գարգառի խմելու ջրի խնդիրը. սարերից ինքնահոս եղանակով եկող ջուրը, գյուղացիների խոսքով, հատկապես անձրևային եղանակին կեղտոտվում է ու դառնում խմելու համար ոչ պիտանի:
Գյուղում ու հարակից համայնքներում սպանդանոց չկա: Ա. Հարությունյանը ծրագրել է՝ ընտրվելու դեպքում առաջին առաջարկը սպանդանոց բացելուն է վերաբերելու:
Լոռու մարզում դեռ 2016թ.-ին խոշորացված Թումանյան համայնքի գրանցած արդյունքներից ավագանու թեկնածուն տեղյակ չէ:
«Ով ընտրվել ա համայնքապետ, ես իրան չեմ ճանաչում, բայց ովքեր իրա հետ շփվել են, նրանց ասել են, որ դրական փոփոխություններ կան»,- լսածն է փոխանցում Ա. Հարությունյանը:
Խոշորացման հետ կապված միակ բացթողումը վերջինս համարում է կայանալիք ընտրությունների անցկացման ձևաչափը.
«Կամ յուրաքանչյուր գյուղից առաջադրված թեկնածուների ընտրությունը պետք է լիներ գյուղի ներսում, կամ ընտրվեր անկախ հանձնաժողով, որտեղ ավագանու թեկնածուներին թեստեր տրամադրեին, հարցերին բանավոր ձևով պատասխանեին: Եթե էդպես լիներ, մարդկանց մակարդակը, գիտելիքների պաշարը էնտեղ ի հայտ կգար»,- ասում է թեկնածուն՝ համաձայնելով սակայն, որ մինչ այժմ էլ հատկապես գյուղական համայնքներում ընտրություններն անցկացվել են մեծամասամբ ծանոթ-բարեկամ սկզբունքով:
Խոշորացվող Գյուլագարակ համայնքում (այն իր մեջ կներառի Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները) համայնքապետի պաշտոնի համար ի սկզբանե առաջադրված էր 4 թեկնածու. ՀՀԿ-ական ու կուսակցության կողմից առաջադրված Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանը, ՀՀԿ-ական, սակայն ինքնառաջադրված Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, Գյուլագարակի նախկին համայնքապետ Ալեքսանդր Գրիգորյաննն ու «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի տեղամասի պետ Սայադ Այվազյանը: Վերջին երկու թեկնածուները, սակայն, առաջադրվելուց որոշ ժամանակ անց ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
Գյուլագարակցի Սիրուշ Վարդանյանը համայնքապետի երկու թեկնածուներին էլ ճանաչում է:
«Երկուսն էլ լավ տղերք են: Մեր գյուղացուն մոտիկից ենք ճանաչում, նրան էլ կողքից լսելով ենք ճանաչում, որ վատ տղա չի»,- ասում է նա:
Վերջինիս կարծիքով` ամենակարևորն այն է, որ ընտրվող համայնքապետը «ճիշտ դատող մարդ ըլնի, մարդկանց կողքին ըլնի»:
Ս. Վարդանյանը Գյուլագարակի հնաբնակներից է: Ասում է՝ ինքն էլ գյուղի բնակիչների մեծ մասի պես հողը չի մշակում. ձեռնտու չէ: Փոխարենն ընտրում են արտագնա աշխատանքի ճամփան կամ ընտանիքներով հեռանում են գյուղից:
«20-ից մեկը կարող ա մշակի: Դառել ա ամայի դաշտեր: Ո՞վ ա կարում մշակի: Սալյարկեն թանկ, տրակտորիստի հախը թանկ, էդ բոլոր աշխատանքները կատարելով` տեսնում ես, որ տակին արդյունք չկա: Եթե դրսից գնացած երեխեքը չաշխատեն, չուղարկեն, էստեղ չեն կարա ապրեն: Սաղ գնացած են, որը ընտանիքով, որն առանց ընտանքի: 10 տարի ա տղես էլ ա գնացած, հազիվ ծերը ծերին ենք հասցնում»,- ասում է զրուցակիցս:
Պտուղ-բանջարեղենի առևտրով զբաղվող գյուղացին վստահեցնում է՝ տարեցտարի խանութ եկողների թիվը գնալով նվազում է, այցելուների մեծ մասն էլ ապառիկով է գնումներ կատարում:
«Ուտելիք ա, էլի, հագնելիք էղնի, էլ կասես էդ մի շորն էլ մի հագի: Բայց գալիս ա նիսյա մի կաղամբ տանի, որ բորշ անի, ո՞նց չտաս»,- ասում է խանութի տիրուհին, բայց և դժգոհում՝ հետո էլ չես կարում հավաքես, 50.000-60.000-ի նիսյա ունեմ արդեն:
Հոբարձեցի Արարատը, խոշորացման մասին մեր հարցը լսելով` բորբոքվում է.
«Խոշորացումից լավ բան չկա: Սպասելիք չկա: Դա իմ կարծիքն ա: Հլա մի լավ բան ասեք, ասենք՝ հա: Ես որ խոշորացումից ոչ մի լավ բան չեմ սպասում»:
Այս կարծիքին է մի քանի պատճառով.
«Յոթ գյուղ միանում են իրար: Նստելու են Գյուլագարակ, ով կընտրվի: Մի թուղթ, մի բան պետք եղավ, պիտի հասնենք Գյուլագարակ: Էդ՝ մեկ: Եթե ինչ-որ մի օգնություն, մի ֆոնդ տրամադրեցին գյուղին, էդ գյուղապետն առաջ իրան կնայի՞, թե՝ ինձ: Դե ասեք: Է, պարզ չի, որ իրա գյուղին ա նախ նայելու: Ես էլ ընտրվեմ, ես էլ եմ ըտենց անելու. առաջ ինձ, հետո՝ քեզ»,- ասում է գյուղացին:
Վերջինիս խոսքով` գյուղից շատերն են հեռանում:
«Մոտ 40 տուն դատարկ է: Շատերն են գնում, գնացողն էլ հետ չի գալիս: Եթե աշխատանք չկա, հնար չկա ապրելու, ի՞նչ անեն»:
Դիտարկմանս՝ հողը չե՞ն մշակում, զրուցակիցս արձագանքում է.
«Հեշտ ա՞ մշակելը: Ես էլ հող ունեմ, չեմ մշակում, խոտհարքի տակ են: Շատ քչերը, որ կարում են մշակեն: Հետո էլ, եթե մշակեմ էլ, էդ տրակտորիստը նախ իրանը, իրա բարեկամինն ա անում, նոր՝ իմը: Մինչև իմ հերթն ա գալիս, անձրևնա ա գալիս, կարկուտն ա գալիս, ձյունն ա գալիս»:
Մեկնաբանել