
«Հայաստանն իր տնային աշխատանքները կատարել է, հերթը՝ ԵՄ-ինն է». Աշոտյան
Խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ նոյեմբերի 24-ին Վիլնյուսում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրին՝ ներկայացնելով դաշինքի տեսակետը։
«Հաշվի առնելով, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը, գիտակցելով, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության հաստատումը և դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում հաստատված մի շարք արատավոր երևույթների հաղթահարմանը, դաշինքն արձանագրում է, որ փաստաթուղթը կարևորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասաց նա։
Պատգամավորը շեշտեց, որ պայմանագիրը կարող է խթան լինել նաև Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար:
«ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին»,-ասաց Թանդիլյանը։
Պատգամավորը նաև դաշինքի կոչը հնչեցրեց՝ ուղղված ստորագրող կողմերին՝ մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը:
Փաստաթղթի մասին խոսեց նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր այն համադարման չէ, սակայն բացում է նոր հնարավորություններ՝ երկիրը զարգացնելու համար։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ համաձայնագրով նախատեսված ոչ մի բարեփոխում դրսից պարտադրված չէ, ամբողջությամբ բխում է մեր ներքին օրակարգից և սահմանադրությամբ նախատեսված այն գործառույթներից, որոնք պետք է իրականացնի Հայաստանը»,-ասաց նա։
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ Հայաստանն իր գործն արել է, այժմ հերթը ԵՄ-ինն է․
«Ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները, հիմա մեր եվրոպացի գործընկերների տնային աշխատանքները կատարելու հերթն է»,-նկատեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ Հայաստանը մինչ համաձայնագրի ստորագրումը պետք է տնային աշխատանքները կատարի։
«Ակնկալում ենք, որ ստորագրումից հետո ԵՄ-ի կողմից կկրառվող տնտեսական բանաձևը՝ ավելին ավելիի դիմաց, կկիրառվի նաև քաղաքական առումով Հայաստանի հանդեպ»,-ասաց Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գործընկեր հանձնաժողովների հետ միասին խորհրդարանական լսումներ է նախատեսում իրականացնել դեկտեմբերին, որին ներկա են լինելու Եվրախորհրդարանի համապատասխան պատվիրակության ներկայացուցիչները։
Աշոտյանը կարևորեց նաև փաստաթղթում տեղ գտած նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դրույթները։
«Երկու խոսք էլ ուզում եմ ասել հարևան Ադրբեջանի մասին՝ ակնհայտ է, որ իրենց շուրջ օղակներ են սեղմվում, դրանք ինչպես ներքին են, այնպես էլ արտաքին՝ պայմանավորված իրենց կոռուպցիոն սկանդալներով, մարդու իրավունքների ինտիտուտների ճգնաժամով։ Ես կարծում եմ, որ միջազգային հանրության խնդիրներից մեկն է Ադրբեջանի շուրջ սեղմել նաև Արցախյան օղակը՝ պարտադրելով խաղաղություն։ ՄԽ ներկայացրած փաստաթուղթը՝ սկզբունքները, արդեն կոմպրոմիս են Հայաստանի կողմից, որևէ նոր կոմպրոմիս ակնկալել չի ստացվելու»,-եզրափակեց նա։
Ստորագրվելիք փաստաթղթի և մասնավորապես փաստաթղթում տեղ գտած Մեծամորի ատոմակայանի փակման խնդրին անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ասելով, որ ատոմային էներգետիկան ՀՀ-ում այլընտրանք չունի:
Հիշեցնենք, որ փաստաթղթում մասնավորապես նշվում է․
«Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակում ու անվտանգ ապագործարկում և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունում՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ ՀՀ էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»։
«Մեծամորի ատոմակայանն իր 440 մեգավատով երաշխավորված հոսանք է ապահովում մեր երկրին և բանկանաբար ոչ արևի էնեգետիկան, ոչ քամու էներգետիկան նման հնարավորություն չունեն, իսկ հիդրոէներգետիկան նման հնարավորություն տալու պարագայում մեծ տարածքներ է պահանջում: Ջերմային էներգետիկան նման հնարավորություն տալիս է, բայց բավական թանկ է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները պետք է ամբիցիա ցուցաբերեն և փորձեն ոչ միայն ատոմակայան կառուցել, այլ սեփական «Ուրան 325-ը» ունենալ․
«Որովհետև դրա համար ՀՀ-ն, պաշտոնապես եմ ասում, ունի անհրաժեշտ նախապայմանները՝ տեխնակական, նյութական և քաղաքական հնարավորությունները: ՀՀ-ում կա 34 ուրանի հանքավայր, հիմնականում Սյունքի և Վայոց ձորի մարզում: ՀՀ-ում տեխնիական միջոցների օգտագործմամբ հնարավոր է ստանալ: ՀՀ-ն ներգրավված է մի կազմակերպության մեջ, որը 2007թ-ին ստորագրվել է ՌԴ Անգարսկ քաղաքում՝ ՌԴ-ի, Ղազախտանի և Ուրկրաինայի միջև համատեղ ատոմային վառելիք ստեղծելու առումով, և այդ կազակերպությա անդամ ենք»,- հիշեցրեց նա:
Մեկնաբանել