HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ

Հայաստանի գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից  քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ:

ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող առևտրի օբյեկտ հասարակական նշանակության գույքը ֆիզիկական անձի կողմից օտարվել է 40 մլն դրամ պայմանագրային արժեքով: Մինչդեռ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկությունների համաձայն նշված գույքի գույքհարկով հարկման նպատակով որոշվող արժեքը կազմել է 254 396 203 դրամ:

Հիշյալ գործարքի մասով ավելացված արժեքի հարկի 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվարկում արտացոլվել է 43 650 000 ՀՀ դրամի շրջանառություն, որի արդյունքում հաշվարկվել է 8 730 000 դրամի ավելացված արժեքի հարկ: Սակայն ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վերլուծության թիվ 1 բաժնի աշխատակիցների կողմից կազմված տեղեկանքի համաձայն՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի հիման վրա վերոգրյալ գործարքի արդյունքում 2017 թվականի 1-ին եռամսյակի հիշյալ հաշվարկում պակաս է ներկայացվել 152 396 203 դրամի հարկվող շրջանառություն և 30 479 241 դրամի ավելացված արժեքի հարկ: Հիշյալ գործարքից առաջացող  առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով 2017 թվականի 1-ին եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկում մտցվել է ակնհայտ կեղծ տվյալ:

Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները՝ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից հիշյալ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter