
Երևանի բնակարանային ֆոնդը
Հայաստանի ամբողջ բնակարանային ֆոնդի 27%-ը կենտրոնացված է Երևանում։ Այսօրվա դրությամբ հանրապետության բնակֆոնդի ընդհանուր մակերեսը 93.8 միլիոն քառակուսի մետր է, որից միայն Երևանում՝ մոտ 25.7 միլիոն քառակուսի մետրն է։ Բնակարանային ֆոնդը ներառում է բնակարանները, տները, ինչպես նաև՝ հանրակացարաններն ու ժամանակավոր բնակելի տարածքները։ Տվյալները հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Բնակարանային ֆոնդի մակերեսով Երևանին հաջորդում են Կոտայքը, Լոռին, Արարատն ու Արմավիրը։ Իսկ ամենափոքր կշիռը Վայոց ձորինն է։
Ինչպես վկայում են վիճծառայության տվյալները, վերջին տասը տարում մայրաքաղաքի բնակարանային ֆոնդն ընդլայնվել է մոտ 4.9 մլն քմ-ով կամ ավելի քան 23%-ով։
Այսօրվա դրությամբ Երևանում կա 4 824 բազմաբնակարան շենք, որոնց բնակարանների քանակը կազմում է 232 075։ Շենքերի ընդհանուր մակերեսը 15.2 մլն քմ է, դա հանարապետության բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսի շուրջ 54%-ն է։ Իսկ եթե բնակարանների թվով ենք որոշում Երևանի կշիռը, ապա այդ պարագայում ևս մայրաքաղաքին բաժին է ընկնում հանրապետության բնակարանների ընդհանուր թվի կեսից ավելին։
Ավելացել են պանելային և մոնոլիտային արտաքին պատերով շենքերը
Վերջին տասը տարում Երևանի բնակարանային ֆոնդի բազմաբնակարան շենքերի քանակն ավելացել է 156-ով։ Ընդ որում՝ քարե արտաքին պատերով շենքերի քանակը 2-ով պակասել է, փոխարենը 95-ով ավելացել է պանելային պատերով շենքերի թիվը, 63-ով՝ մոնոլիտային շենքերի թիվը։
Ընդհանուր առմամբ, այսօր մայրաքաղաքում շենքերի ավելի քան 48%-ը քարե արտաքին պատերով են, մոտ 50%-ը՝ պանելային, մոտ 2%-ն էլ՝ մոնոլիտային։
Հաջորդ միտումը, որը գրանցվել է Երևանի բնակարանային ֆոնդում վերջին տարիներին, բազմաբնակարան բարձրահարկ շենքերի թվի ավելացումն է։ Այսպես, եթե 10 տարի առաջ Երևանի բնակֆոնդում 9 և ավելի հարկանի շենքերի քանակը կազմում էր 1906, ապա այսօրվա դրությամբ դրանց քանակը 2 071 է։
Իսկ մարզերում բազմաբնակարան շենքերի ֆոնդը համեմատաբար փոքր փոփոխությունների է ենթարկվել։
Տների պատկերը
Առանձնատների քանակով ևս Երևանը գերազանցում է մարզերին։ Հանրապետությունում այսօրվա դրությամբ 393 560 առանձնատուն կա, որից 59 557-ը՝ միայն Երևանում են։ Տասը տարում տների թիվը մայրաքաղաքում 20 հազարով ավելացել է:
Մեկնաբանել