
«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ և 9 դեմ ձայներով
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։
Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ դեմ են քվեակելու օրենքի նախագծին: «Խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԶՈՒ ԳՇ-ի ձևավորման հիմքում, նաև բավարար չենք համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը, և մեր առաջարկը, որ պետք է նպաստեր զարգացմանը, չի ընդունվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ելք»-ն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ ԶՈՒ գնումները տեղական արտադրողներից յուրաքանչյուր տարի ավելանան նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի գնումների առնվազն 2 տոկոսի չափով, ինչը, սակայն, պաշտպանության նախարարը որակեց ոչ նպատակահարմար։
Նախագիծն ընդունվեց 86 կողմ և 9 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրենքի նախագծի մեջ նշվում է, որ այն կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:
Մի շարք այլ նախագծեր ևս քվեարկվեցին։ 91 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված փաթեթում փոփոխություն կատարելու հարցը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
«Պետական տուրքի մասին» օրենքի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ ասելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ ըստ նրա՝ վարձավճարներ և տուրքեր կարող են վճարվել միայն օրենքով, և ԱԺ-ն չի կարող այն վերապահել կառավարությանը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 61 կողմ, 11 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայներով։
Մեկնաբանել