
Մտավորականության փչացման պրոցեսն սկսվե՞լ է
Մեր դեռեւս հետսովետական իրականության մեջ օրինաչափություն է դարձել փսեւդո-մտավորականության եւ օլիգարխիայի սերտաճումը: Իրենք իրենց «մտավորական» հռչակած տարբեր անհասկանալի սուբյեկտներ ժամանակ առ ժամանակ հայտնվում են հասարակական կյանքում տեղի ունեցող ինչ-ինչ գործընթացների թատերաբեմում եւ, որպես կանոն, հայրենասիրաբար պաշտպանում են պետական եւ հանրային «գերակա» շահերը:
Նման մի բան եղավ Սյունիքի մարզի Քաջարանց գյուղում: Իմանալով, որ գյուղացիներն անհավասար կռիվ են սկսել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ՝ մեկնել էինք Քաջարանց՝ իրավիճակին ծանոթանալու եւ մարդկանց աջակցելու համար: Վաղ առավոտից տուն առ տուն շրջում էինք գյուղական համայնքում ու լսում միայն մեկ բան. «Մեր գյուղը ոչ մեկին չենք տա... Ոչ մի փոխհատուցում էլ մեզ պետք չի, ես չեմ կարող իմ գերեզմանները թողնեմ հեռանամ... Մենք արյամբ ենք էս գյուղը պահել, ինչպե՞ս են հաշվելու արյան գինը» եւ այլն: Չկար գեթ մի մարդ, ով դրական վերաբերվեր գյուղից հեռանալու մտքին:
Կեսօրվա կողմերին մեզ հայտնեցին, թե Սյունիքի մարզպետն է գալու եւ ուզում է մեզ հետ խոսել: Սյունյաց արծվի շքախմբի մեջ կար մեկը, որն իրեն ներկայացրեց որպես մտավորական:
Հետո վերոհիշատակյալ «մտավորականը» մի հոդված էր հրապարակել «Առավոտ» օրաթերթում՝ կիսվելով իր «մտածող» եւ «անշահախնդիր» մտքի տպավորություններով: Թե ինչ են հայ վաստակավոր մտավորականը եւ սյունյաց վեհապանծ մարզպետը խոսել գյուղացիների հետ, երեւվում է ինտերնետում շրջանառվող կադրերում, բայց ասել, թե գյուղացիները հավատով ու վստահությամբ էին լցված դեպի իրենց մարզպետը, համաձայն էին փոխհատուցման պարագայում լքել գյուղը... և այս ամենը ներկայացնել որպես այդտեղ հավաքված գյուղացիների ընդհանուր դիրքորոշում...
Մենք ձեռնպահ կմնանք «մտավորականի» մասին մեր կարծիքը հրապարակավ հայտնելու հրապուրանքից: Թող հասարակությունն ինքը տա գնահատական, թե ինչ արժեք ու բարոյական կերպար ունեն ընտրությունից ընտրություն ակտիվացող, պետական «բարձր» արժեքների դավանող, սովետական մոդելի՝ «օբյեկտիվ» մտավորականները: Սոցիալական ցանցերից լիովին կարող եք կարծիքների մասին տեղեկանալ: Փառք Աստծու, ձեւավորվում է իրական մտավորականության երիտասարդ եւ ազատ սերունդ, ում հետ մենք ճանապարհ ունենք անցնելու:
Արթուր Գրիգորյան
Քաջարանց այցելած բնապահպաններ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել