ԱԶԲ-ն Հայաստանին 40 մլն դոլարի վարկ է տրամադրել` հարկաբյուջետային և ֆինանսական շուկաների բարեփոխումների համար
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ քաղաքականության վրա հիմնված վարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին' ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը: Այս մասին հայտնում է բանկի հայաստանյան ներկայացուցչությունը:
«Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի և կայուն զարգացման համար: - ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը,- Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու մի շարք բարեփոխումներ թափանցիկության բարձրացման, կառավարման բարելավման և երկրում մասնավոր ներդրումների խրախուսման ուղղությամբ, ինչը ավելի շատ աշխատատեղեր կստեղծի»:
Ըստ հաղորդագրության' պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները:
«Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելու պետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը»,- գրված է հաղորդագրության մեջ:
ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առ այսօր հաստատել է 1.27 մլրդ ԱՄՆ դոլարի 26 վարկ և 16.5 մլն ԱՄՆ դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ:
լուսանկարը' Bloomberg-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել