
Փոխվարչապետ․ «Ֆիքսվել է, որ գազի սակագնի բարձրացում 2018-ից հետո չի լինելու»
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին վարչապետն ու մի քանի նախարարներ ներկա չեն, քանի որ Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է ընթանում։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցը նախատեսված էր վարչապետի համար, սակայն պատգամավորը չգիտեր, որ վարչապետը «խախտելով Սահմանադրությունը չի գալու խորհրդարան»։ Մարուքյանի հարցը վերաբերում էր դեռևս 2015 թվականին Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված «Հայ-ռուսական գազային» համաձայնագրին։
«Մենք մեր ունեցած վերջին 20%-ը տվեցինք «Հայռուսգազարդ»-ին և պարտավորվեցինք, որ մինչ 2043 թվականը չենք ընդունելու որևէ օրենք, որոշում, որոնք կառնչվեն «Հայռուսգազարդ»-ի համար սահմանված շահութահարկի դրույքաչափին։ Այն ժամանակ բոլորն այս ամբիոնից խոսում էին, որ հիմա ինչ ունենք տալիս ենք ռուսական կողմին, դրա դիմաց ռուսական կողմը չի թանկացնելու մեր գազը», - ասաց Մարուքյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալուց հետո կրկին խորհրդարանում հայտարարվեց, որ գազի սակագինը չի թանկանալու, սակայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդեվեդևը երեկ Երևանում հայտարարել է, որ համաձայնության են եկել, որ հաջորդ տարի գազի սակագինը չի բարձրանալու այն դեպքում, երբ այլ պայմանավորվածություններ են եղել։
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գաղտնի բանակցություններ են եղել, բանակցություններ են եղել գազի թանկացման մասին և մենք չգիտեի՞նք», - հարցրեց նա՝ դիմելով փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։
Փոխվարչապետն արձագանքեց՝ ռուսական կողմից Հայաստանը գազ է գնում սահմանին 150 դոլարով, «որը տարածաշրջանում ամենացածր գինն է»։
«Այդ գինը միշտ որոշակի ժամկետի համար է սահմանվում, մենք երբևէ տասնամյակով գազի գին չենք որոշել, քանի որ ռուսական կողմը որևէ մեկի հետ նման պայմանագիր շատ երկար ժամանակով չի կնքում, այդ թվում՝ ԵՏՄ անդամ երկրների հետ։ Մեզ հետ ևս պայմանագիրը կնքված էր մինչև 2018 թվականը, հիմա երկարում է ևս մեկ տարով», - ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ՌԴ վարչապետի կողմից ընդամենը ֆիքսվել է, որ գազի սակագնի բարձրացում չի լինելու։
Մարուքյանն արձագանքելով նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից հայտարարում են սահմանին գազի սակագնի մասին և ոչ թե այն գինն են ասում, որը վճարում են սպառողները։
«Մի ընկերությունը մյուսին գազ է վաճառում, բայց մենք տանը կրկնակի թանկ գազ ենք վառում, մեր քաղաքացիներին ինչի՞ չեք ճիշտն ասում, թե որքան է գազի գինը, տան վառելիք գազի գինը 150 դոլար չէ, կրկնակի է», - ասաց նա։
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն անդրադարձավ «Դիլիջան» ազգային պարկի ծառահատումների խնդրին: Պատգամավորը հայտարարեց, որ վերջին երեք տարիներին պարկում ծառերը հատվել են ապօրինի վառելափայտի բիզնեսի ներկայացուցիչներ կողմից, և կան հիմքեր, որ նրանք հովանավորվել են պաշտոնյաների կողմից:
«Կարո՞ղ ենք եզրակացություն անել, որ անտառպահպանման տեսուչները ձախողվել են, և ստիպված մասնավոր մասնագիտացված պահնորդական ծառայությանն եք դիմել», - հարցրեց նա:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց ձախողվել պնդման հետ՝ նկատելով, որ բացահայտվել են 6350 ծառահատումներ, որոնք վերաբերել են միայն Դիլիջանի ազգային պարկի շուրջ 60% տարածքին․ քանի որ ամբողջ տարածքում հնարավոր չի եղել ստուգում իրականացնել:
Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր հարց ու պատասխանին, սակայն դա չխանգարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց հնչեցնել ուղղված վարչապետին։ Վերջինս հայտարարեց, որ հերյուրանքներ են տարածվում, ըստ որոնց վարչապետը ներկա չէ հարց ու պատասխանին, սակայն ինքն իրավունք չունի հավատալ դրանց, քանի որ «Սահմանադրության 80-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետը պիտի այսօր այս ժամին խորհրդարանում լինի»:
Փաշինյանը հարցրեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ ըստ պայմանավորվածության 2018-ից հետո Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ:
Դահլիճում ներկա գործիչները սկսեցին ծիծաղել, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց. «Ձեր հարցին կպատասխանի վարչապետը, հիմա սպասեք, թող պատասխանի»:
Քանի որ Կարապետյանը նիստերի դահլիճում չէր, հարցին պատասխան չհնչեց, Փաշինյանն էլ արձագանքեց․ «Պարոն վարչապետ, հասկանում են, որ այս հարցի համար մտածելու կարիք ունեք, հաջորդ անգամ պատրաստված եկեք»։
Մեկնաբանել