
«Կանաչ լուսավորության շաբաթ» Երեւանում
-Աղջիկներ, ի՞նչ հաշիվ ա։
-Պապիկ ջան, եթե տանից մի հատ լամպ բերեք, կփոխարինեք ավելի լավ լամպով։
Սովորական լամպերը փոխարինում են լուսադիոդային լամպերով՝ LED (Light Emitting Diode):
Այս ծրագիրն իրականացվում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շրջանակներում։
Նախաձեռնության կազմակերպիչներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), Գլոբալ էկոլոգիական ֆոնդը, Հայաստանի բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։
«Տեղեկատվական այս արշավն ուղղված է հիմնականում մեր բնակիչներին՝ տեղեկացնելու, որ շիկացման լամպերը փոխելով լուսադիոդային տեխնոլոգիայով` դուք կարող եք մոտ 8 անգամ տնտեսել ձեր գումարը՝ ունենալով ավելի լավ լուսավորություն և խնայելով էներգիա»,- նշեց ՄԱԶԾ կլիմայի փոփոխությունների ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։
LED լամպերը Հայաստանում գործարկվել են 2014 թվականից․ «դեղին» Երևանը «սպիտակեց» Իսակովի պողոտայից սկսած։ Այժմ LED լամպերով լուսավորված են Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը, Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Ծիծեռնակաբերդի և Աթենքի փողոցները, ինչպես նաև` կենդանաբանական այգին։
«Ծրագրի շնորհիվ ունենք ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու և տարեցտարի ընդլայնելու այն»,- ասաց «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։
LED-ով արդեն լուսավորված է 40կմ ճանապարհ։ Ընտրվել են մուտքային և մեծ փողոցները։
«Մենք Իսակովի պողոտայի խնայողությամբ կարողացանք լուսավորել Մաշտոցի պողոտան։ Եթե նույնիսկ վաճառքի է դուրս գալիս, իր ծախսը կարողանում է ծածկել․բավականին էներգախնայող է»,- նշեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասին։
Ծրագրին Երևանից բացի մասնակցել են նաև Հայաստանի 11 այլ քաղաքներ։
«Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը նախատեսում է փողոցներից անցնել բնակարաններ․ յուրաքանչյուր մասնակից հոկտեմբերի 23-27-ը կարող է շիկացման ցանկացած (նաև փչացած) լամպ փոխարինել լուսադիոդայինով։
Այս լամպերը հավաքված են Հայաստանում, չեն պարունակում սնդիկ, 50 անգամ ավելի երկար են ծառայում, ունեն ավելի ոճային տեսք։
Փոխանակումներն իրականացվում են տաղավարներում, որոնք տեղադրված են հոկտեմբերի 23-25-ը՝ Հյուսիսային պողոտայում, «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ, հոկտեմբերի 26-27-ը՝ Գ․Նժդեհի հրապարակում, Նոր Նորքի 2-րդ զանգվածում 12։00-20։00։
Նախատեսված է փոխանակել 2800 լամպ` Երևանի գալիք հոբելյանի առթիվ։ Յուրաքանչյուր տաղավար փոխանակում է 280 լամպ։
Նոր լամպերի հետ մասնակիցները կարող են ստանալ նաև անակնկալ նվերներ՝ գինի, սուրճ, շոկոլադ, թանգարանի տոմս։
Միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 24-ին նախատեսվում է նաև «Ոսկե լամպի որոնում» մրցույթ Երևանի հինգ դպրոցի 25 աշակերտների միջեւ և «Լամպի վերամշակման ու նկարչության խաղ-դասընթաց» տարրական դպրոցի 20 աշակերտի համար։
Շաբաթն ամփոփվելու է հոկտեմբերի 27-ին՝ Պեչա-Կուչա (PechaKucha) միջոցառմամբ։
Այն պրեզենտացիայի ձևաչափ է՝ բաղկացած 20 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը մեկնաբանվում է 20 վայրկյանում։ Մասնակից մասնագետները պատմելու են քաղաքի կանաչ զարգացման և բարենպաստ շրջակա միջավայրի մասին։ Բանախոսներից յուրաքանչյուրին տրվելու է ընդամենը 7 րոպե ժամանակ։
Գայանե Պողոսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել