
2018թ.-ի համար համայնքային ենթակայության հիմնարկների ուռճացված հաստիքացուցակը կվերանայվի
Գայանե Սարգսյան
Այսօր Վանաձորի քաղաքապետարանում կայացած համայնքի ավագանու նիստին մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների թվով 14 ավագանու անդամներ: Ավագանու օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելուն: Չնայած նրան, որ 2017 թ.-ը մոտենում է ավարտին, համայնքի ավագանու հաստատմանը այսօր ներկայացվեց Վանաձորի մանկապարտեզների, մշակույթի տների ու թանգարանների աշխատակիցների այս տարվա հաստիքացուցակներն ու դրույքաչափերը:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը այս հանգամանքը մեկնաբանեց ՏԻՄ օրենքում տեղ գտած փոփոխություններով:
Մանկապարտեզների, մշակույթի տների ու թանգարանների հաստիքների հաստատմանը վերաբերող նախագծին ներկա ավագանու անդամները միանգամից չհամաձայնեցին:
Ավագանու անդամ Արմեն Մատինյանն առաջարկեց հաջորդ՝ 2018թ.-ի հաստիքացուցակը հաստատելիս վերանայել մի շարք պաշտոնների անհրաժեշտության հարցն ու կատարել համապատասխան կրճատումներ:
«Կոնկրետ առաջարկ կա մանկապարտեզների գործավարների մասով: Այն պայմաններում, երբ նույնիսկ քաղաքապետի տեղակալը կամ աշխատակազմի քարտուղարը գործավար չեն պահում, ամեն մանակապարտեզի վարիչ գործավար պահի, կարծում եմ, նպատակահարմար չէ»,- նշեց ավագանու անդամը:
Ավագանու անդամ Գայաեն Քալանթարյանն էլ նկատեց՝ մի շարք հաստիքներ հնարավոր է ուղղակի համատեղել:
«Խոսքս վերաբերում է բանվորներին, օժանդակ բանվորներին, շենքերի սարքավորումները սպասարկող ու նորոգող բանվորների, փականագործի, էլեկտրիկի, դռնապահի, այգեպանի հաստիքներին: Կարծում եմ, այգեպանը կարող է կատարել նաև դռնապանի գործառույթը, էլեկտրիկը՝ նաև բանվորի աշխատանքը և մենք կարող ենք միջոցներ խնայել ու դրա փոխարեն մեր գերծանրաբեռնված խմբերի համար ունենալ երկրորդ դաստիարակ կամ դաստիարակի օգնական»,- ասաց նա:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը ավագանու անդամների առաջարկներին ի պատասխան նշեց. «Ձեր նշած բոլոր հաստիքները գոյություն ունեն նախարարության կողմից հաստատված հաստիքացուցակներում: Եթե ավագանին կգտնի, որ դրանք ավելորդ են, կարող եք կրճատել»:
Պարզվեց, Վանաձորի քաղաքապետին ևս զարմացրել է որոշ հիմնարկների աշխատակիցների ցանկը. «Ես մի մանկապարտեզում նայեցի՝ էլեկտրիկ, փականագործ, այգեպան, դռնապահ...,- թվեց քաղաքապետը, համաձայնելով Գ. Քալանթարյանի առաջարկի հետ,- կարծում եմ, կարելի է մեկին մի քիչ շատ վճարել ու նա մի քանի գործառույթ միանգամից կատարի»:
Ի դեպ, վերանայման ենթակա աշխատատեղերի ցանկը վերը նշվածներով չի սահմափակվում: Քաղաքի որոշ մանկապարտեզներ իրենց հաստիքացուցակներում ընդգրկել են նաև դերձակի, պարուսույցի, հնոցապանների, մշակույթի տներն էլ չբավարարվելով մեկական կազմակերպիչներով, աշխատանքի են ընդունել 2-ին՝ ամբողջական դրույքաչափերով: Որոշ հիմնարկություններում էլ մեծ թիվ են կազմում բանվորները, պահակները, հավաքարարներն ու այլ հաստիքներով աշխատողները:
Գ. Քալանթարյանն առաջարկեց վերանայել նաև մանկապարտեզների տնօրենների տեղակալի հաստիքների անհրաժեշտության հարցը:
Ա. Մատինյանն անդրադարձավ համայնքային ենթակայությամբ գործող մշակութային կենտրոնների աշխատանքին, որոնք սնվելով համայնքային բյուջեից, կատարած աշխատանքի մասին երբևէ հաշվետվություն չեն ներկայացնում ավագանուն:
«Առաջարկում եմ տարեկան կտրվածքով հաշվետվություններ ներկայացնեն՝ ի՞նչ են արել այդ տարվա ընթացքում ու ծրագիր՝ թե հաջորդ տարի ի՞նչ են անելու, որպեսզի իմանանք՝ այդքան հաստիք ենք պահում, ի՞նչ են անում այդ կազմակերպությունները, տարվա ընթացքում քանի՞ միջոցառում են անում»:
Առաջարկություններով հանդես եկած ավագանու անդամներին քաղաքապետը խոստացավ, որ 2018թ.-ի պաշտոնական դրույքաչափերը հաստատելիս հաշվի կառվեն բոլոր առաջարկները, կլինեն նաև կրճատումներ:
Ավագանու հաստատմանն էր ներկայացված նաև Վանաձոր համայնքի կամավոր խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգին վերաբերող հարցը:
Կամավոր լիազորությունների իրականացման համար քաղաքապետարանը նախատեսել է շուրջ 22 մլն դրամ, որը կազմում է բյուջեի մոտ 3 տոկոսը:
Ավագանու անդամ Վահագ Ավագյանը կամավոր լիազորությունների իրականացման համար այդչափ գումարի հատկացումը չափազանց համարեց, առաջարկելով կենտրոնանալ համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա: «Մեր առաջնահերթ խնդիրները թողնենք, ասենք՝ ում տեղը նեղ է, օգնե՞նք»,- նկատեց նա:
Նիստին ներկայացված հաջորդ հարցը վերաբերում էր քաղաքի թվով 20 մանկապարտեզներում ծնողական վարձավճարների չափերի հաստատմանը: Վանաձորի մանկապարտեզներում տարիներ շարունակ ծնողական վարձավճարների տարբեր չափեր են գործել: Այս խնդրին նախորդ գումարման ավագանու անդամները բազմիցս են անդրադարձել, առաջարկելով կամ հիմնավորել վարձավճարի տարբեր դրույքաչափերը, կամ սահմանել մեկ դրույքաչափ բոլոր մանկապարտեզների համար: Խնդիրը, սակայն, տարիներ շարունակ մնացել է չկարգավորված:
Այսօր կայացած ավագանու նիստի ընթացքում ծնողական վարձավաճաների տարբեր չափերին անդրադարձավ ավագանու անդամ Հայկազ Մովսիսյանը:
«Ինչո՞վ է պայմանավորված, որ մի տեղ ծնողական վարձավճարը 3.000 դրամ է, մի տեղ՝ 4.000, մի տեղ՝ 6.000»,- հետաքրքրվեց նա:
Ա. Մատինյանը նկատեց՝ ես չեմ կարծում, որ որտեղ վարձավճարի չափը 6.000 դրամ է, էնտեղ երեխեքը խորոված են ուտում:
«Այդ դասակարգումներին ես համաձայն չեմ: Ես առաջարկում եմ մանկապարտեզները բաժանել երկու խմբի՝ տնակային պայմաններում գործող, սակագինը սահմանելով 3.500 դրամ և շենքային պայմաններում գործող՝ ամսական 5.000 դրամ վարձավճարի չափով»,- առաջարկեց քաղաքապետը:
Երկար քննարկումներից հետո ավագանին տնակային պայմաննրում գործող թիվ 3, 4, 8 և շենքային վատ պայմաններ ունեցող թիվ 7 մանկապարտեզների համար ամսական վարձավճարի չափը սահմանեց 4.000, շենքային պայմաններում գործող թվով 16 մանկապարտեզների համար՝ 5.000 դրամ:
Մեկնաբանել