HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մասնավո՞ր, թե՞ հանրային գործարքի թակարդում

Այս տարվա օգոստոսի 2-ին կայացած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու հետ կապված` իրենց հասցեին հնչող քննադատություններին, ասաց, թե իրենց գործարքի մեջ մեղադրողները զլանում են նշել, թե իշխանության բազմաթիվ զիջումների դիմաց ի՞նչ է, վերջիվերջո, զիջել Հայ ազգային կոնգրեսը, եւ որ դա կատարյալ խեղկատակություն է, որովհետեւ գործարքը չի կարող միակողմանի լինել:

Արդեն տարեվերջին վիքիլիքսյան բացահայտված գաղտնի փաստաթղթերից հայտնի դարձավ, որ դեռ 2008 թ. ՀԱԿ առաջնորդն իր հիմնական, վստահելի «բանագնացի»` Դավիթ Շահնազարյանի եւ ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի միջոցով նախագահ ՍերԺ Սարգսյանին առաջարկել էր ընդդիմադիր 75 քաղբանտարկյալներին ազատ արձակելու դիմաց հրաժարվել փողոցային պայքարից, այսինքն` հեղափոխական տրամադրություններ հրահրելուց: Այս բացահայտումը վերջապես լույս սփռեց տերպետրոսյանական հարցադրման պատասխանի վրա, որովհետեւ ակնհայտ դարձրեց, թե իշխանության բազմաթիվ զիջումների դիմաց ինչ է զիջել Հայ ազգային կոնգրեսը:

2008 թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը երկարաշունչ վերլուծությամբ, պատճառաբանելով հայ-թուրքական եւ հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներում ստեղծված աննախադեպ իրավիճակը` հայտարարեց զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու իրենց որոշման մասին: Դա պատճառաբանվեց հետեւյալ կերպ. «Անկեղծորեն կողմ լինելով թե ղարաբաղյան հակամարտության, թե հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը` մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել` լուծելու այդ խնդիրները: Դադարեցնելով մեր ակտիվությունը` մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից: Կան նաեւ այդ քայլին դիմելու որոշ տակտիկական նկատառումներ, սակայն ես առայժմ հարկ չեմ համարում բացահայտել դրանք, քանի որ, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, եթե տակտիկան բացահայտվում է, այն դադարում է տակտիկա լինելուց»:

Դժվար է ասել` ի՞նչ տակտիկական նկատառումների մասին էր այն ժամանակ խոսում Տեր-Պետրոսյանը, եւ արդյո՞ք դրանք վերաբերում են «Վիքիլիքսի» բացահայտած գաղտնի առաջարկություններին: Սակայն փաստն այն է, որ զանգվածային միջոցառումների ժամանակավոր դադարեցման մասին որոշումը տեղավորվում է արված առաջարկությունների տրամաբանության շրջանակում: 

Ամենայն հավանականությամբ, այս քայլով ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը փորձել են իշխանությանը տեսանելի դարձնել իրենց իրական տրամադրվածության լրջությունը: Վերցված այս դադարից հետո էլ իրականում սկսվեց ՀԱԿ ձերբակալված ակտիվիստների աստիճանաբար ազատ արձակման գործընթացը, որն իր տրամաբանական հանգուցալուծմանը հասավ 2011-ի գարնանը, երբ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը սկսելուց առաջ ազատ արձակվեցին վերջին քաղբանտարկյալներն ու «Ազատության» հրապարակը կրկին տրամադրվեց Կոնգրեսին` հանրահավաքներն անտեղ կազմակերպելու համար:

Իրադարձությունների այս շղթան դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ կողմերը երբեք չեն խախտել ուղղակի թե անուղղակի ձեռքբերված պայմանավորվածությունները: Չնայած ՀԱԿ-ը չդադարեցրեց հանրահավաքային գործունեությունը, սակայն իր յուրաքանչյուր հաջորդ հանրահավաքի միջոցով ավելի ու ավելի էր թուլացնում լարվածությունը, լիցքաթափում իրավիճակը` շրջանառության մեջ դնելով «ոչ հեղափոխություններին» կարգախոսը եւ համոզելով, որ ըմբշամարտից շախմատի մարտավարությանն անցնելն ավելի ճիշտ է: Եթե նկատի ունենանք, որ պայքարի անցած 3-3.5 տարիներին ՀԱԿ-ի ամենամեծ ձեռքբերումը եղել է բացառապես հենց իր ակտիվիստների ազատ արձակումը իշխանությունների կողմից, ապա կարելի է համարել, որ Կոնգրեսի ու անձամբ Տեր-Պետրոսյանի համար դա է եղել դրված առավելագույն նպատակը: Նրանք, այսպիսով, մաքրել են իրենց բոլոր հաշիվները շարքերի եւ այն անձանց հետ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայելով ընդդիմության նպատակներին ու հավատալով դրանց` տեւական ժամանակով ազատազրկմամբ ու այդ ընթացքում կորցրած առողջությամբ հատուցեցին դրա համար:

Կոնգրեսն, իհարկե, երբեք օրակարգից չի հանել քաղբանտարկյալներին ազատելու խնդիրը: Այն մշտապես եղել է առաջնային: Սակայն հրապարակայնորեն այն երբեք ավելի կարեւոր չի համարվել, քան իշխանափոխությունը: Այս իմաստով դեռ 2008-ին իշխանություններին արված առաջարկությունը, որը փաստացի նշանակում էր հենց իշխանափոխության գաղափարից աստիճանաբար հրաժարվելու դիմաց յուրայինների ազատությունը ստանալ, արվել է բոլոր այն քաղաքացիների թիկունքում, ովքեր հավատացել են գոնե իրենց նկատմամբ Կոնգրեսի անկեղծությանը:

Գործարքն ինքնին մերժելի երեւույթ չէ, հատկապես` քաղաքականության, առավելեւս` «real politics»-ի տեսանկյունից: Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե ինչ-որ կոնկրետ քաղաքական ուժի, այլ համաժողովրդական շարժման մասին է: Եվ եթե իսկապես Կոնգրեսն առաջնորդվում էր որոշումները հրապարակայնորեն, հանրահավաքների մասնակիցների միջոցով կայացնելու սկզբունքով, բոլորի պատասխանատվության հիման վրա, ապա ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը վերցրած Հայ ազգային կորգրեսը եւ մասնավորապես Տեր-Պետրոսյանը պետք է գործարքի առաջարկությունը եւս հրապարակային անեին:

Չի բացառվում, իհարկե, որ հանրությունը դեմ արտահայտվեր: Սակայն տերպետրոսյանական հռետորաբանությունն, անկասկած, ի վիճակի կլիներ փոխելու հասարակական տրամադրությունները այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2011-ի կեսերին, երբ Տեր-Պետրոսյանը կարողացավ «հիմա, հիմա» պահանջող բողոքական հանրությանը համոզել, որ ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակն իշխանության հետ երկխոսություն սկսելն է: Երբ գործարքը տեղի է ունենում առանց հրապարակայնության գործոնի, խոսքը կամ սեպարատ բանակցությունների, կամ առավելագույնը երկու սուբյեկտների, տվյալ դեպքում` իշխանության եւ Կոնգրեսի տերպետրոսյանական վերնախավի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման եւ նրանց մասնավոր շահերից բխող պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է: Իսկ դրանց հետ հանրությունն ուղղակի կապ ունենալ չի կարող եւ առավելագույն կարգավիճակը, որ կարող է ունենալ նման բանակցություններում, սովորական աքցանի կամ ցատկահարթակի, այսինքն` գործիքի դերն է:                                           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter