HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանվածին մահակներով, բահերի կոթերով հարվածներ են հասցվել. ընթերցվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» և մյուսների մեղադրանքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ խոսքը 2016թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների մասին է, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանին, ով հայտնի է որպես «Նորատուսցի Ալիկ», Պետրոս Իսրայելյանին, ով հայտնի է, որպես «Չարբախցի Գեղամիկ» և Արմեն Գասպարյանին, ով հայտնի է «Բդո» մականունով:

Ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները

Այսօր մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Այսպես, ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:

Մեղադրանքում առկա է ձևակերպում, համաձայն որի՝ «Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով առողջությանը ծանր վնաս հասցնելու հորդորներ են եղել», և այս ամենը Պետրոս Իսրայելյանի մոտ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել:

Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը:

Մեղադրանքի համաձայն՝ Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանն օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը, մասնավորապես՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող, քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանին հեռացրել է գեղեցկության սրահի նկուղային հարկից, որի նպատակը եղել է հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելը, Մուշեղյանի առողջությանը վնաս հասցնելու գործընթացում հնարավոր խոչընդոտները վերացնելն ու այդ գործընթացը  հեշտացնելը:

Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են  Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, և նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը:

Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկելով կյանքից:

Մեղադրանքում առկա է ձևակերպում, համաձայն որի՝ թեև Մուշեղ Մուշեղյանին պատճառված մարմնական վնասվածքներն Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամբ չեն ներառվել նրա դիտավորության մեջ: Այսինքն՝ այս ձևակերպումից կարելի է հասկանալ, որ Ալիկ Բանդուրյանին չեն վերագրվում Մուշեղ Մուշեղյանին այնպիսի վնասվածներ պատճառելու դրդչություն, որոնք անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում Մուշեղ Մուշեղյանի մահվան հետ:

Վերը նկարագրված հանգամանքների շրջանակներում Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանությունը:

Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց  կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելուն օժանդակելը, դրդելը:

Ինչ վերաբերում է այս գործով երրորդ մեղադրյալին՝ Արմեն Գասպարյանին, վերջինս մեղադրվում է 335-րդ հոդվածի 1-ին մասով, այն է հանցագործության մասին չհայտնելը: Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանն իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չընդունեցին:

Ամբաստանյալների խոսակցությունների և տեսակցությունների արգելքը հանվեց

Այսօրվա դատական նիստին դատավոր Նելլի Բաղդասարյանը վերացրեց ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալների պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել, և դատավորը հայտնել էր, որ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի այսօրվա նիստի ընթացքում:

«Լիա» գեղցկության սրահի նկուղային հարկի տարածքն ու Պետրոս Իսրայելյանի կնոջ մեքենան շարունակում են մնալ արգելքի տակ

Այսօր դատավոր Նելլի Բաղդասարյանն ընթերցեց Պետրոս Իսրայելյանի կնոջ՝ Անժելա Մանուչարյանի կողմից դատարանին ուղղված դիմումը: Դիմումատուն նշել էր, որ դեպքի վայրը՝ Շիրակի 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը, դեպքից հետո կնիքվել է, արգելվել է այնտեղ մտնել: Առգրավվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող «Մերսեդես» մեքենան, որը տարվել է տուգանային հրապարակ: Անժելա Մանուչարյանը դատարանից խնդրում էր վերացնել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքն օգտագործելու արգելքն, ինչպես նաև վերադարձնել մեքենան:

Դատախազ Գևորգ Գևորգյանը, սակայն, առարկեց դիմումի դեմ՝ նշելով, որ «Մերսեդես» մեքենան գործով ճանաչված է իրեղեն ապացույց. դրանում, ըստ դատախազի, հայտնաբերված են հանցագործության հետ առնչություն ունեցող հետքեր: Դատախազությունը նույնաբովանդակ առարկություն ներկայացրեց նաև դեպքի վայր հանդիսացող նկուղային հարկի օգտագործման արգելքը վերացնելու վերաբերյալ՝ նշելով, որ դեպքի վայրում ևս հանցագործության  հետքեր են առկա: Դատավորը դիմումին կանդրադառնա գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո:

Դատավորը չքննարկեց Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Այսօրվա դատական նիստին Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Նշենք, որ նախորդ դատական նիստին նույնպես պաշտպանը միջնորդել էր փոխել Բանդուրյանի խափանման միջոցը, և դատարանը մերժել էր միջնորդությունը:

Բանդուրյանը վերջերս վիրահատվել է, դատարան է բերվում անվասայլակով: Կողմերն ազատ են խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան, եթե դատաքննության ցանկացած փուլում նոր ի հայտ եկած հանգամանք կա: Որպես նոր հանգամանք Սարգսյանը նշեց, որ կալանավորներին դատարան տեղափոխող մեքենան հարմարեցված չէ վիրահատության ենթարկված անձանց տեղափոխելու համար: Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշմանը՝  Սարգսյանը նշեց, որ սա անձի նկատմամբ վատ, նվաստացուցիչ ու անմարդկային վերաբերմունք է:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը փորձեց ընդհատել Սարգսյանին՝ նշելով, թե այս մասին պաշտպանը հայտնել է նաև Բանդուրյանի կալանքը փոխելու վերաբերյալ իր նախորդ միջնորդության մեջ, և Սարգսյանը հակադարձեց, որ յուրաքանչյուր նոր խախտում նոր ի հայտ եկած հանգամանք է, որ չնայած ինքը նախորդ նիստին այս խնդրի մասին բարձրաձայնել է, Բանդուրյանն այսօր դարձյալ նույն պայմաններում է բերվել դատարան:

Դատավոր Բաղդասարյանն, այնուամենայնիվ, չքննարկեց պաշտպանի միջնորդությունը:

Այսօր դատարանը սահմանեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականություն, համաձայն որի` առաջինը դատարանը կլսի գործով վկաներին: Դատակոչված երեք վկաները՝ Պետրոս Իսրայելյանի կինը, որդին և քույրը, հրաժարվեցին ցուցմունք տալ: Դատական նիստն այսօր ավարտվեց. հաջորդը նոյեմբերի 8-ին է:

Մեկնաբանություններ (1)

Արաքս Մամուլյանին
Հարգելիս, ընթերցողի համար Ձեր հոդվածաշարը ներկայացնում է դեպքերի, գործողությունների ու կամայական մեկնաբանությունների մի անիմաստ ու անհետաքրքիր շարադրանք: Գիտեք ինչու - այնտեղ բացակայում է ամենակարեւորը՝ պատճառա - հետեւանքային, տրամաբանական մոտիվն ու սյուժեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter