
7 ամիս ձգձգվող դատական նիստեր՝ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահի գործով
«Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով 13 տարվա ազատազրկման դատապարտված բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի և անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող «Պարտեր» ՍՊԸ-ի գնահատող Հարություն Խալաթյանի գործը 7 ամիս է՝ դատարանում է, սակայն դեռևս նիստեր, ըստ էության, տեղի չեն ունենում:
Հիշեցնենք՝ այս գործով Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն՝ Արա Կիրակոսյանը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնուն` Արմեն Հովհաննիսյանին, պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և վերը նշված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում` «Էրմանո» ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:
Հարություն Խալաթյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ-ի գնահատող, առևտրային կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորությունների շրջանակում, ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով, 2012թ. հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Արագածոտնի մարզ, Ափնագյուղ 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.787.000 ՀՀ դրամ:
Հարություն Խալաթյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստն էր նշանակված: Սակայն Հարություն Խալաթյանի պաշտպան Արման Արզումանյանը գրությամբ հայտնել էր, որ երիկամների հետ ունեցած առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ներկա գտնվել դատական նիստին և խնդրել էր այն հետաձգել:
Բացի դրանից, դատարան չէր ներկայացել նաև վկաների մեծ մասը: Վկա Արտյոմ Մարտիրոսյանը դիմումով հայտնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ: Եվս երկուսը տեղեկացրել էին, որ գտնվելու են հանրապետությունից դուրս, հետևաբար չեն կարող ներկա գտնվել դատական նիստին: Վկա Վահե Հարությունյանը դատարան էր ուղարկել արձակուրդի հրամանը, որի համաձայն՝ մինչև 2017թ. հոկտեմբերի 27-ը գտնվելու է արձակուրդում` երկրից դուրս: Մնացած վկաները, լինելով պատշաճ ծանուցված, նույնպես չէին ներկայացել:
Մեղադրող Գևորգ Սարգսյանը նշեց, որ այս գործը մարտի 17-ին դատարան է ուղարկվել, և արդեն 7 ամիս պաշտպանների պատճառով հետաձգվում է: Այսօրվա բացակայող վկաները մի քանի անգամ տարբեր նիստերի ներկայացել են, սակայն տեսել են, որ պաշտպանները չեն ներկայացել, և դա ամենայն հավանականությամբ որոշակի ազդեցություն է ունեցել, և վկաները որոշել են այլևս չգալ նիստերին: Մինչդեռ փաստաբանները տարբեր պատճառաբանություններով չեն ներկայանում և հետաձգում են նիստերը:
Արա Կիրակոսյանի փաստաբան Հայկ Ալումյանը ձեռնպահ մնաց վկաների ներկայությունը կամ չներկայանալը մեկնաբանելուց՝ թողնելով այդ հարցը դատարանի հայեցողությանը: Սակայն նշեց, որ ամբաստանյալի պաշտպանի ներկայությունը պարտադիր է, հետևաբար նիստը հետաձգելու իր գործընկերոջ միջնորդությանը չառարկեց:
Պաշտպան Արզումանյանի միջնորդությամբ` դատավոր Գագիկ Պողոսյանը դատական նիստը հետաձգեց և նոր նիստ նշանակեց դեկտեմբերի 6-ին:
Հարություն Խալաթյանը դատական նիստից հետո հրաժարվեց մեզ հետ զրույցից՝ պատճառաբանելով, որ առանց փաստաբանի ոչինչ չի խոսելու:
Մեկնաբանել